Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՍԵՐԳՈ ԵՐԻՑՅԱՆԸ ԴԺԳՈՀԵՑ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻՑ

Մայիս 23,2008 00:00

\"\"Ուսանողներից ոմանք էլ՝ Բոլոնյան գործընթացի որոշ տարրերից

Երեկ Երիտասարդական համահայկական հիմնադրամը Թեքեյան կենտրոնում կազմակերպել էր քննարկում՝ «Բոլոնյան գործընթացի հիմնախնդիրները» թեմայով: Մասնակցում էին ոչ միայն բուհերի ուսանողներ ու դասախոսներ, այլեւ ՀՀ նախագահի կրթության հարցերով խորհրդական Սերգո Երիցյանն ու Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանը: Վերջին երկուսը ոչ միայն պատասխանեցին ուսանողների հարցերին, այլեւ ներկայացրին «100 հարց եւ պատասխան Բոլոնիայի գործընթացի մասին», «Բոլոնիայի գործընթացի եւ կրթության որակի հիմնախնդիրները» գրքերը: Հեղինակների փոխանցմամբ, այս գրքերում մեկնաբանվել են բարձրագույն մասնագիտական կրթության որակի ապահովման առանցքային հարցերը՝ Բոլոնյան գործընթացի համատեքստում եւ դրանց անմիջական անդրադարձը ՀՀ բուհերում: Ս. Երիցյանի ձեւակերպմամբ. «Ցանկացած բարեփոխում դժվարությամբ է հասնում այն մարդուն, որը պետք է այն իրականացնի»:

Նա ասաց, որ եթե այսօր Հայաստանի կրթության որակը գնահատելու լիներ հինգ բալանոց համակարգով, ապա «Երեքից ավելի չէի նշանակի: Իհարկե, ունենք առանձին մասնագիտություններ, որոնք հինգից էլ ավելի կգնահատեմ: Օրինակ, Պոլիտեխնիկի եւ «Սինոփսիս» կազմակերպության համատեղ ծրագրերը մագիստրոսական փուլում ունեն միջազգային ճանաչում եւ կիրառվում են ոչ միայն Եվրոպայում, այլեւ ԱՄՆ-ում: Սա մրցունակ ծրագիր է, մրցունակ են նաեւ մեր ուսանողները: Կան մասնագիտություններ էլ, որոնք հնացած են: Դրանց շարքին են դասվում մանկավարժական, ճարտարագիտական, հումանիտար որոշ մասնագիտություններ»: Ս. Երիցյանի գնահատմամբ, հայաստանյան մի շարք բուհեր հաճախ լուծում են ոչ թե որակական, այլ քանակական խնդիրներ. «Առայժմ չենք կարող հպարտանալ Հայաստանի կրթական համակարգի որակով, բայց կարող ենք խոսել «առաջին ծիծեռնակների» մասին՝ մասնավորապես ԵՊՀ-ի, Պոլիտեխնիկի, Սլավոնական համալսարանի եւ «Սինոփսիսի» կողմից մագիստրոսական ծրագրի մասին, որը մրցունակ է աշխարհում»: Ա. Ճուղուրյանն, անդրադառնալով արտասահմանում ուսումը շարունակելուն, կարծիք հայտնեց, թե մեզանում պարզապես դա մոդայիկ երեւալու համար են անում. «Մարդկանց մեջ թյուր կարծիք է ստեղծվել, թե մեր ուսումնական համակարգը թույլ է: Դա ամենեւին այդպես չէ, այն պարզապես չի համապատասխանում ստանդարտներին, որ կիրառվում են Եվրոպայում»:

«Առավոտը» ուսանողներից փորձեց պարզել՝ գո՞հ են Բոլոնյան գործընթացից: ԵՊՀ ուսանող Անի Միքայելյանի խոսքերով, այս գործընթացի դրական կողմն այն է, որ ուսանողն իր աշխատանքով կարող է պահպանել իր անվճար տեղը. «Լավ է, որ վճարովի ընդունվելու դեպքում էլ բարձր առաջադիմություն ունեցող ուսանողին հետագայում հնարավորություն է ընձեռվում տեղափոխվել անվճար համակարգ»: Անին թերություն համարեց այն, որ կան ոչ մասնագիտական առարկաներ, որոնք հաճախ ուսանողներին ստիպում են սովորել ավելի լավ, քան բուն մասնագիտականները. «Կան նաեւ դասախոսներ, որոնք կրեդիտային համակարգը դարձրել են ուսանողին ճնշելու միջոց»:

Հյուսիսային համալսարանի մանկավարժական ֆակուլտետի ուսանող Գյուլնարա Խանոյանը կարծում է, որ կրեդիտային համակարգը արդյունավետ է գործում, որովհետեւ այս պարագայում ուսանողներն իրենց հույսը չեն դնում փողի կամ ծանոթների վրա: ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ուսանող Տիգրան Նիկողոսյանն էլ ասաց. «Քանի որ ներկայումս գտնվում ենք անցումային փուլում, կրթության ոլորտի բացթողումները ավելի շատ են: Կարծում եմ, դրականը ընթացքում կերեւա: Ինչ վերաբերում է կրեդիտային համակարգին, այն խթանելու համար կան գործոններ, որոնք մեզ մոտ դեռ թերի են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել