Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պ. Ֆոմենկոյի թատրոնը՝ հայկական բեմում

Մայիս 23,2008 00:00

Այս թատրոնը հանդուրժում է անգամ այլ դպրոցի պատկանող ռեժիսորների բեմադրություններ:

«Որտեղ սկսվում են քաղաքականությունն ու ֆինանսները, այնտեղ վերջանում է արվեստը»,- «Առավոտի» այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում մշակութային գործիչների՝ կուսակցականացվելուն, «Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոց» մոսկովյան թատրոնի տնօրեն Անդրեյ Վորոբյովը երեկ այսպես պատասխանեց: Հետո էլ շարունակեց. «Դրանք կարեւոր ինստիտուտներ են, որոնց վրա կառուցվում է երկրի ապահով ապագան… սակայն երբ արվեստագետը սկսում է զբաղվել բիզնեսով կամ քաղաքականությամբ, միանգամից կորցնում է այն ամենը, ինչ նախկինում իրեն արվեստագետ էր դարձնում»: Ա. Վորոբյովին հիշեցրինք նաեւ Միխայիլ Շվիդկոյի՝ վերջերս ՀՀ-ում հայտնած այն միտքը, թե ռուսաստանյան արտիստները բավականին «թանկ» են եւ նրանց դժվար կլինի բերել Հայաստան: «Մեզ համար կարեւոր էր նախ հայ հանդիսատեսին ներկայացնել մեր ստեղծագործությունը: Մի կողմից նպատակ կար երկխոսություն սկսել Հայաստանի հետ, նաեւ, քանի որ թատրոնը թանկ հաճույք է, իսկ հյուրախաղերը փող են բերում»,- ասաց Ա. Վորոբյովը:

Փաստենք, որ ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանի թատերական գործիչների միության, ՌԴ մշակույթի եւ կինեմատոգրաֆիայի դաշնային գործակալության, ՎՏԲ բանկի համագործակցության արդյունքում եւ «Ռուսական մշակույթի սեզոնի» շրջանակներում մայիսի 21-28-ը Պյոտր Նաումովիչ Ֆոմենկոյի թատրոնը առաջին անգամ է Հայաստանում՝ «Պատերազմ եւ խաղաղություն», «Ընտանեկան երջանկություն» ներկայացումներով:

«Սրանք լեգենդար բեմադրություններ են, որոնք մեծ թատերական դպրոցի դեր կարող են խաղալ»,- նկատեց ՀՀ թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը: Իսկ Ֆոմենկոյի թատրոնի դերասանուհի Գալինա Տյունինան ասաց. «Ձեզ ենք բերել ներկայացումներ, որոնց վրա աշխատել ենք երկար ժամանակ: Սրանք դեռ աշխատող ներկայացումներ են, անընդհատ նորացվում են: Այստեղ պատկերված է մեր արդի կյանքը: Այնպես որ, կարող եք հասկանալ, թե ինչպես ենք ապրում»:

«Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոց» թատրոնը հիմնադրվել է 1993-ին, սակայն աշխատակազմը իր ծնունդն է համարում 1988-ը, երբ Պ. Նաումովիչը իր ուսումնական արվեստանոցում հավաքում էր ուսանողական խումբ: Ներկայումս թատրոնում ստեղծագործում են 3 սերնդի 32 դերասան եւ 5 ռեժիսոր: Լրագրողներին հետաքրքրեց, թե ինչո՞ւ անձամբ Պյոտր Ֆոմենկոն ներկա չէ: Ա. Վորոբյովը պատասխանեց. «Տարիքի եւ առողջական խնդիրների պատճառով նա ոչ հաճախ է մասնակցում հյուրախաղերին: Բացի այդ, վերջին տարիներին նա շատ ծանրաբեռնված է աշխատանքով»: Իսկ Գ. Տյունինան ներկայացրեց իրենց աշխատանքային առօրյան. «Մեր թատրոնը կապված է գրականության եւ խոսքի հետ: Երբեմն Պյոտր Նաումովիչը այն անվանում է գրքի թատրոն: Պատճառն այն է, որ մենք հաճախ ենք հավաքվում, տարբեր ստեղծագործություններ ընթերցում, ինչից հետո ծնվում է ներկայացումը»: Ա. Վորոբյովն էլ ներկայացրեց ճամփորդական որոշ խնդիրներ. «Մեր դեկորացիաները մեծ են եւ յուրօրինակ, դրա համար էլ դժվար էր դրանք տեղափոխելը: Ցավոք, նախկին ԽՍՀՄ հանրապետությունները շատ են հեռացել իրարից: Խորհրդային համակարգի փլուզումը բերեց ցավոտ պահեր բոլորիս համար: Դեռ վերքերն ենք բուժում եւ կարող ենք մերձենալ նախեւառաջ մշակույթի միջոցով»: Դերասանները խոստովանեցին, որ հայ թատրոնի մասին քիչ բան գիտեն: Ա. Վորոբյովն էլ նշեց. «Այժմ փառատոներ քիչ են կազմակերպվում: Եթե նախկինում դրանց շրջանակներում մարդիկ գալիս, ներկայացումից հետո միասին շփվում էին, ապա հիմա գալիս «ծառայում»-գնում են»: Այս տարի «Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոց» թատրոնի 15-ամյակն է: Լրագրողներին հետաքրքրեց, թե այդ առիթով նոր ներկայացում չե՞ն բեմադրելու: «Ֆոմենկոն այդպիսիք անվանում է «ամսաթվային» ներկայացումներ: Այդպիսի բաներ չենք անում, մանավանդ, երբ մեր հոբելյանին է նվիրված»,- պատասխանեց Ա. Վորոբյովը եւ տեղեկացրեց. «Մեր թատրոնը առանձնանում է նրանով, որ գեղարվեստական ղեկավարից բացի, թատրոնում 4 բեմադրող ռեժիսոր է գործում: Թատրոնի գեղարվեստական ղեկավարն այնքան բարի եւ հեռատես է, որ կարող է իրեն թույլ տալ՝ թատրոնում աշխատեն այլ ռեժիսորներ, նույնիսկ, եթե նրանք այլ դպրոցի ներկայացուցիչներ են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել