Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քաղաքապետի թեկնածուին հեռացրին ՀՀԿ-ի շարքերից

Մայիս 23,2008 00:00

Մայիսի 25-ին Հրազդանում կայանալու են համայնքապետի ընտրություններ

Առաջադրված է երկու թեկնածու՝ գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը եւ արդեն նախկին ՀՀԿ-ական Մովսես Մովսիսյանը, որն օրերս է հեռացվել կուսակցության շարքերից: Հարկ է նշել, որ Մովսիսյանը Հանրապետական կուսակցության «հնաբնակներից» է եւ կուսակցության անդամ է 1993-ից: Կուսակցության խորհրդի նման որոշումը թեկնածուն հրաժարվեց որեւէ կերպ մեկնաբանել, միայն ասաց. «Ես այդ կուսակցության անդամ դարձել եմ այն ժամանակ, երբ ընդամենը 150-200 մարդ կար նրա կազմում եւ կարիերայի խնդիր մեր առջեւ չկար: Այն ժամանակ կուսակցության Խորհրդի նախագահը լուսահոգի Աշոտ Նավասարդյանն էր: Ես քաղաքական ճանապարհ եմ անցել Անդրանիկ Մարգարյանի, Ռազմիկ Զոհրաբյանի, Վազգեն Կարախանյանի, Մուշեղ Լալայանի հետ: Նրանք շարունակում են մնալ իմ ընկերները: Իսկ այդ որոշումը ինձ չի խանգարում շարունակել մնալ նժդեհյան գաղափարախոսության կրողը, դա որեւէ գրքույկի առկայությամբ չի պայմանավորված: Կան շատ մարդիկ, ովքեր կրում են այդ գրքույկը, բայց իրականում գաղափարակիր չեն, այլ միայն կարիերայի խնդիր են լուծում»: Հարկ է նշել, որ Մովսիսյանը ՀՀԿ Նոր Նորքի կառույցի անդամ է, որն այսօր ղեկավարում է բազմակուսակցական կենսագրություն ունեցող թաղապետ Դավիթ Պետրոսյանը՝ նախկինում եղել է «Օրինաց երկրի» անդամ, հետագայում հասկանալի պատճառներով դարձավ ՀՀԿ-ական: Փորձեցինք պարոն Պետրոսյանից ստանալ Մովսիսյանին կուսակցության շարքերից հեռացնելու պատճառները, սակայն թաղապետը տեղում չէր: Թեեւ կարելի է ենթադրել, որ Մովսիսյանի նկատմամբ այդ «խստությունը» ավելի մեծ քաղաքականության հետեւանք է. նրան սատարում է ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը եւ անազատության մեջ անգամ քարոզչություն է անում այս թեկնածուի օգտին: Ուստի իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայի՝ իրենց համար անցանկալի մարդու նախընտրած թեկնածուին ամեն կերպ խոչընդոտելու համար:

Ընդհանուր առմամբ նախընտրական իրավիճակը Հրազդանում խաղաղ է: Քաղաքում միայն լուրեր են շրջանառվում 2500 դրամանոց ընտրակաշառքների եւ դրանց հասցեատերերի ցուցակների մասին: Հրազդանցիները, սակայն, անհանգստություն են հայտնում. «Միայն թե անցած անգամվա նման հատուկ ջոկատայինները չգան ու մեզ վրա բռնանան, ծեծ ու ջարդի ենթարկեն»: Ականատեսի պատմելով, 2005-ին, երբ ընտրապայքարի էին դուրս եկել գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը եւ թիվ 12 դպրոցի տնօրեն Արտուշ Շաբոյանը, քվեարկության օրը Ջրառատ թաղամասի թիվ 5 դպրոցում տեղակայված ընտրատեղամասի վրա հարձակվել էին հատուկ ջոկատայինները, բռնացել եւ էլեկտրաշոկի ու մահակներով ծեծի ենթարկել Շաբոյանի կողմնակիցներին՝ կանանց ու տարեցներին: Ականատեսի փաստելով, ծեծկռտուքը դադարել է միայն Սասուն Միքայելյանի ջանքերով:

«Առավոտը» նախընտրական տրամադրությունների շուրջ փորձեց զրուցել հրազդանցիների հետ: Քաղաքից բավականին հեռու գտնվող եւ անանցանելի ճանապարհներ ունեցող Կաքավաձոր թաղամասի բնակիչներն ընդհանուր առմամբ ոչ մի հույս չեն կապում այս ընտրության հետ: «Մեր գյուղի վիճակը շատ վատ է: Ոռոգման ջուր չունենք, անարդյունք աշխատում ենք, ճանապարհ չունենք, որ գնում ենք կենտրոն՝ պետք է էն ժամին հետ գանք, որ կարողանանք մտնել գյուղ, թե չէ 1500-2000 դրամ կնստի տաքսիով տուն հասնելը: Էստեղ ոչ մի խնդիր չի լուծվում»,- ասում է 70-ամյա Մխիթար Ազիզյանը եւ հավելում, որ այս ընտրության հետ ոչ մի հույս չեն կապում, քանի որ ամեն անգամ թեկնածուները գալիս են խոստումներ տալիս ու գնում: Իսկ ընտրությունից հետո մոռանում են իրենց մասին էլ, իրենց հոգսերի մասին էլ: Ըստ Պարգեւ Սեդրակյանի. «Մեր հողերը 70-80 տոկոսով ընկան շինարարության տակ, «Հրազդանմաշն» ընդեղ ա նստել վրեն, ցեմզավոդը՝ ընդեղ, բայց թաղամասի խնդիրները չեն լուծվում»:

Հրազդանի բնակիչները դժգոհում են, որ քաղաքապետն ու մարզպետը իրենց համար հասանելի չեն եւ հնարավոր չէ նրանց մոտ մտնել, քանի որ միջանցք անգամ ներս չեն թողնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել