Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«3 ՌՈՒԲԼԻԱՆՈՑ» ԸՆԹԵՐԱԿԱՆԵՐ

Մայիս 23,2008 00:00

Մոտավորապես այսպես կարելի է բնութագրել այն մարդկանց, ովքեր միաժամանակ երկու «դեպքի վայրերում» են եղել եւ արձանագրություն են ստորագրել:

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի անվտանգության ծառայության նախկին ղեկավար Ռոմեն Ղազարյանի որդու՝ Վահե Ղազարյանի վերաբերյալ քրեական գործի դատաքննությունը, որն ընթացել է Երեւան քաղաքի քրեական դատարանում՝ զավեշտական փաստեր է ի հայտ բերել, ինչի մասին Վ. Ղազարյանի պաշտպանները ենթադրում էին դեռ նախաքննության ժամանակ:

Հիշեցնենք, որ Վ. Ղազարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով եւ այն բանում, իբր, 2008թ. մարտի 1-ին Ֆրանսիայի դեսպանատան մոտ գտնվող շինարարությունից պոկել է ձողեր եւ Երեւանի քաղաքապետարանի դիմաց ձողեր եւ քարեր է նետել ոստիկանների ուղղությամբ: Նախորդ դատական նիստին հարցաքննվել էին ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցներ, վկաներ Գագիկ Գեւորգյանն ու Էդուարդ Վարդերեսյանը: Վերջիններս դատարանում այն աստիճան իրարամերժ ցուցմունքներ էին տվել, որ ակնհայտ էր դարձել, որ նրանք իրականում 2008թ. մարտի 1-ին Վ. Ղազարյանին չեն տեսել, նույնիսկ հավանական է, որ դեպքի վայրում չեն էլ եղել: 2008թ. մայիսի 21-ի դատական նիստի ընթացքում որպես վկա հարցաքննվեց Գառնիկ Սարգսյանը, որը հայտնեց, թե նշված օրը մի քանի ժամ Վահե Ղազարյանի հետ գտնվել է Ֆրանսիայի դեսպանատան հարակից տարածքում, այդ ընթացքում վերջինիս ձեռքին որեւէ առարկա ընդհանրապես չի եղել եւ որ ամբաստանյալը որեւէ բռնություն որեւէ մեկի նկատմամբ չի կատարել:

Վկայի հարցաքննությունից հետո դատարանն անցավ քրեական գործում առկա ապացույցների հետազոտմանը: Հետազոտվեցին քրգործում առկա դեպքի վայրի զննության թվով 17 արձանագրությունները: Վ. Ղազարյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանը եւ Երվանդ Վարոսյանը նշեցին, որ Ֆրանսիայի դեսպանատան դիմաց գտնվող շինարարության տարածքը եւ Երեւանի քաղաքապետարանի դիմացի հատվածը ընդհանրապես զննված չեն: «Կարելի է եզրակացնել, որ եթե այդ վայրերը չեն զննվել, ուրեմն այդտեղ ընդհանրապես հանցագործություն չի կատարվել»,- սա պաշտպանի դիտարկումն է: Վերջինս արձանագրեց նաեւ, որ դեպքի վայրի զննության բոլոր արձանագրությունները կազմված են քրեադատավարական նորմերի կոպիտ խախտումներով: Մասնավորապես, մի քանի արձանագրություններում որպես ընթերականեր նշված էին միեւնույն անձինք, այն դեպքում, երբ այդ արձանագրությունները կազմվել են նույն ժամին, տարբեր վայրերում: Արձանագրությունների էջերի մեծ մասում բացակայում էին ընթերակաների ստորագրությունները, արձանագրություններից մեկի համաձայն՝ քննիչը զննել էր Երեւանի Սպանդարյան հրապարակը եւ այլն: Մատնանշելով ակնհայտ խախտումները, Վ. Ղազարյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը միջնորդություն ներկայացրին դատարանին՝ նշված դեպքի վայրի զննությունների արձանագրությունները անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ: Պաշտպանների այս միջնորդության քննարկումը նախագահող դատավոր Կարինե Ղազարյանը հետաձգեց, եւ դատական նիստն ընդմիջվեց մինչեւ մայիսի 25-ը: «Փաստորեն, զանգվածային անկարգությունների վերաբերյալ քրգործերով դեպքի վայրի զննությունների նման արձանագրությունների պայմաններում դատախազությունը շատ լուրջ խնդրի առաջ է կանգնած՝ փորձելով հիմնավորել, թե ընդհանրապես զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել»,- ավելի ուշ «Առավոտի» հետ զրույցում էլ նկատեց Լ. Սահակյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել