Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՎԱՐԴԵՆԻՍԸ «ԾԵՐԱՆՈՒՄ» Է

Մայիս 23,2008 00:00

\"\"Այս քաղաքում մնացել են միայն ավագ սերնդի ներկայացուցիչները, քանի որ նորաստեղծ ընտանիքներն արտագաղթում են: \"\"

Մոտ մեկ տարի առաջ Ազգային ժողովը հաստատեց կառավարության ծրագիրը, որտեղ, ըստ առաջնահերթությունների, մատնանշված էին գերակա խնդիրները, որոնք պետք է լուծումներ ստանան առաջիկա 5 տարիների ընթացքում: Դրանցից մեկը վերաբերում է տարածքային համաչափ զարգացմանը, ինչը ենթադրում է Երեւան քաղաքի «բեռնաթափում» եւ մարզերում սոցիալ-տնտեսական, մշակութային կյանքի ակտիվացում:

Անցել է մեկ տարի, սակայն կառավարության ծրագիրը, մեղմ ասած, շրջանցել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքը: Այս քաղաքը տարեցտարի դատարկվում է. արտագաղթողների թիվն ավելանում է, ճանապարհներն անանցանելի են ու քարուքանդ, վարդենիսցիներն էլ գործազուրկ են:

«Առավոտի» հետ զրույցում Վարդենիսի քաղաքապետ Վարդան Բարսեղյանն իրենց քաղաքի անբարեկարգ վիճակը բացատրեց գումարների բացակայությամբ: Ըստ նրա, եթե փորձեն քաղաքը գոնե արտաքնապես փոքր-ինչ կարգի բերել, ապա իրենց բյուջեն անգամ դրան չի բավականացնի. «Տասնամյակներ շարունակ Վարդենիսն ուշադրության կենտրոնում չի եղել, մի շարք խնդիրներ կուտակվելով՝ այժմ բոլորն էլ դարձել են խիստ առաջնահերթ»: Քաղաքապետը Վարդենիսի համար գերակա խնդիր համարեց աշխատատեղերի իսպառ բացակայությունը: Այս քաղաքում որեւէ արդյունաբերական հիմնարկ չկա: Միակ աշխատավայրը Սոթքի ոսկու հանքավայրն է եղել, որն էլ մեկ տարուց ավելի է՝ չի աշխատում: Քաղաքի խմելու ջրի եւ կոյուղու խողովակաշարերը բավականին հին են ու մաշված: Վարդենիսցիների ներկայացմամբ, տեղումների ժամանակ իրենք ստիպված են լինում ջուրը եռացնել՝ նոր խմել, քանի որ վարակներից ապահովագրված չեն: Վարդենիսում մեկ տասնյակից ավելի վթարային բազմաբնակարան շենքեր կան: Բնակիչների խոսքերով. «Ամեն առավոտ Աստծուն փառք ենք տալիս, որ ողջ ու առողջ արթնացանք»:

Շուրջ կես տարի է՝ Վարդենիսի քաղաքապետարանում նախատեսում են փոսալցման եղանակով վերանորոգել քաղաքի հիվանդանոց տանող 2-3 կմ երկարությամբ ճանապարհը, բայց տարին վերջանում է՝ այդպես էլ դրա համար ֆինանսական միջոցներ չեն գտնվում: Վարդենիսցիների վկայությամբ, 10 րոպեանոց այդ ճանապարհը 20-30 րոպեում են անցնում: «Ճանապարհաշինությունը մեր ցավոտ խնդիրներից մեկն է, հույս ունենք, որ գոնե այս տարի հիվանդանոցի ճանապարհը կնորոգենք: Լավատեսությունս գալիս է նրանից, որ դեռեւս վարչապետ եղած ժամանակ Սերժ Սարգսյանը խոստացել էր ֆինանսավորել այդ հատվածի շինարարությունը»,- մեզ հետ զրույցում ասաց Վ. Բարսեղյանը: Նրա հաշվարկներով, քաղաքն ամբողջությամբ «տեսքի» բերելու համար կպահանջվի առնվազն 1 միլիարդ դրամ, իսկ քաղաքի բյուջեն ընդամենը 150 մլն է, որից 100 միլիոնը կազմում է աշխատավարձերի վճարումը: Վարդենիսում չկան հանգստի գոտիներ, զվարճանքի վայրեր, երիտասարդությունն այստեղ պարապ-սարապ ման է գալիս: Ինչպես վարդենիսցիներն ասացին՝ իրենց քաղաքը տարեցտարի ծերանում է: Քաղաքապետի խոսքերով, երիտասարդներից շատերը ընտանիքներով հեռացել են եւ այժմ քաղաքում գերակշռում է ավագ սերունդը:

Վարդենիսում աղբահանությունն էլ վատ է իրականացվում: Մի մեծ աղբակույտ կա հենց քաղաքապետարանի դիմաց: Քաղաքապետի խոսքերով. «2 տարվա մեջ հազիվ կարողացել եմ աղբահանության խնդիրը 30-40%-ով կարգավորել, մեր բնակչությունը սովոր չէ աղբամաններից օգտվել: Աղբատար մեքենաների համար աշխատողների կարիք էլ ունենք, ամսական 60-70 հազար դրամ աշխատավարձ եմ տալիս, բայց ցանկացող չկա, ամեն առավոտ աշխատողներին ջան ու ղուրբանով աշխատանքի եմ ուղարկում, որ չխռովեն՝ աշխատանքից դուրս չգան»:

Քաղաքի տեսքը գցում են նաեւ Վարդենիսի հրապարակում տասնյակ չգործող ու կիսաքանդ կրպակները: Չնայած դրանք վաղուց չեն գործում եւ անձրեւներից ժանգոտել ու փտել են, սակայն կրպակատերերը հրաժարվում են դրանք ապամոնտաժել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել