Լրահոս
Օրվա լրահոսը

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՊԱՇՏՈՆՆԵՐ ՉԻ ՈՒԶՈՒՄ

Մայիս 23,2008 00:00

«Ունի 6 պատգամավոր, բայց 10 պաշտոնի է հավակնում»,- այսպես էր արձագանքել ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը «Ժառանգություն» կուսակցության «Առաջնահերթ բարեփոխումների ամփոփ ծրագրում» պարունակվող այն առաջարկներին, թե ընդդիմությանը պիտի տրամադրվեն ԱԺ մեկ փոխնախագահի, 9 մշտական հանձնաժողովներից 4-ի նախագահների եւ 5-ի փոխնախագահների պաշտոնները: Երեկ «Փաստարկ» ակումբում հյուրընկալված «Ժառանգության» քաղաքական քարտուղար Վարդան Խաչատրյանն «Առավոտի» խնդրանքով անդրադառնալով Արմեն Ռուստամյանի այս դիտարկմանը՝ ասաց. «Մեր առաջարկն ուղղված չէ «Ժառանգություն» կուսակցության դերակատարման բարձրացմանը. խոսքը վերաբերում է, թե ընդհանրապես ինչպիսի՞ն պետք է լինեն իշխանության եւ ընդդիմության հարաբերությունները, որպեսզի թե՛ մեկը, թե՛ մյուսն ունենան բավարար հնարավորություն վերահսկելու եւ միջամտելու երկրի քաղաքականությանը»: Վարդան Խաչատրյանը նաեւ նշեց, թե մեզանում պարբերաբար շրջանցվում է մի աքսիոմատիկ ճշմարտություն. «Եթե սովորական, քաղաքակիրթ մոդելով մոտենանք՝ ընդդիմությունն այն ուժն է, որը վաղը կարող է դառնալ իշխանություն: Իշխանությունից տառացիորեն անտեղյակ, մեկուսի եւ օտարված լինելով՝ արդյոք մենք չե՞նք վտանգում ողջ հասարակությունը, եթե իշխանության է գալիս մի ուժ, որը տառացիորեն ոչինչ չգիտի եւ պետք է սկսի ոչ թե զրոյից, այլ մինուս 2-ից»:

«Հայլուրի» թղթակցի հարցին՝ «Պատրա՞ստ է արդյոք «Ժառանգությունը» պաշտոններ ստանձնել Սերժ Սարգսյանի օրոք», Վարդան Խաչատրյանը միանգամից պատասխանեց. «Ո՛չ: Եվ այս առումով նշում ենք՝ մարտի 1-ի լույս 2-ի գիշերվա դեպքերը, որոնք դիտարկում ենք որպես ջրբաժան՝ նախորդ եւ ներկա Հայաստանի պատմության միջեւ, մինչեւ դրանց ողջ խճանկարը պարզ չլինի, թե ինչ է տեղի ունեցել, մինչեւ վերջին մեղավորները չպատժվեն՝ որեւէ քայլ իշխանությունների հետ՝ հարաբերությունների առումով, մենք չենք դիտարկում որպես հնարավոր համագործակցության քայլ»:

Վարդան Խաչատրյանը նաեւ հայտնեց, որ «Ժառանգության» համագումարն անցկացվելու է հուլիսի 11-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել