Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սահակաշվիլին ջախջախիչ հաղթանակ է տանում

Մայիս 23,2008 00:00

\"\"Նախնական տվյալներով, Վրաստանի խորհրդարանական ընտրություններում համոզիչ հաղթանակ է տանում նախագահ Միխաիլ Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը: Երեկ առավոտյան Վրաստանի ԿԸՀ-ն հրապարակել է տեղամասերի շուրջ մեկ քառորդում ձայների հաշվարկման արդյունքները, ըստ որոնց՝ «Միացյալ ազգային շարժումը» ստացել է ընտրողների ձայների 63,3 տոկոսը, մինչդեռ «Միացյալ ընդդիմություն-Ազգային խորհուրդ-Նոր աջեր» դաշինքին բաժին է հասել ընդամենը 13 տոկոսը: Խորհրդարանում խմբակցություն ունենալու համար սահմանված 5 տոկոսի շեմը հաղթահարել են նաեւ «Քրիստոնեա-դեմոկրատական շարժում» կուսակցությունը՝ 8,2 տոկոս, եւ Լեյբորիստական կուսակցությունը՝ 6,2 տոկոս:

«Կովկասպրես» գործակալության փոխանցմամբ, դիմելով Վրաստանի քաղաքացիներին` նախագահ Սահակաշվիլին երեկ հանդես է եկել ողջույնի խոսքով: Նա վստահեցրել է, որ թեեւ հավանականությունը մեծ է, որ իր կուսակցությունը նոր խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն կկազմի՝ ստանալով տեղերի երկու-երրորդը, ինքը, այնուամենայնիվ, նվիրված կմնա ընդդիմության հետ սերտորեն աշխատելու խոստմանը: «Ես նույնիսկ զարմացած եմ աջակցության այն բարձր մակարդակով, որը մենք ստացանք այս խորհրդարանական ընտրություններում»,- հայտարարել է Վրաստանի նախագահը: Նա կոչ է արել բոլոր կուսակցություններին՝ «հարգել վրաց ժողովրդի կամքը,- հավելելով։- Մենք պաշտպանելու ենք վրաց ժողովրդի կամքը, եւ ոչ ոք չի կարող ձեռք բարձրացնել այդ կամքի վրա, ոչ ոք չպետք է որեւէ պատրանք ունենա այդ կապակցությամբ»:

«Նովոստի-Գրուզիայի» հաղորդմամբ, ԱՊՀ դիտորդական առաքելությունը «ժողովրդավարական» է գնահատել Վրաստանի խորհրդարանական ընտրությունները: Այդ մասին հայտարարություն է արել Համագործակցության դիտորդական առաքելության ղեկավար, ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ Նաուրիզ Այդարովը: «Ընտրություններն անցան հանգիստ պայմաններում, ժողովրդավարական ձեւով, եղել են որոշ խախտումներ, որոնք որեւէ կերպ չեն կարող ազդել քվեարկության արդյունքների վրա»,- նշել է Այդարովը, հավելելով, որ «ստեղծված էին բոլոր պայմանները՝ մոնիտորինգը նորմալ անցկացնելու համար»: Ըստ Այդարովի, դիտորդական խմբի մեջ ընդգրկված է եղել 74 մարդ, որոնք խորհրդարանական ընտրությունների օրն աշխատել են Վրաստանի 20 ընտրատարածքների մոտ 500 տեղամասերում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել