Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԷԼ ԹՇՆԱՄԻ Ո՞ՆՑ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ

Մայիս 23,2008 00:00

\"\"ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին հարցնում է ՀԺԿ քաղխորհրդի անդամ Ռուզան Խաչատրյանը

ՀՅԴ Ընդհանուր ժողովի բացման նիստում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հայտարարեց. «Մարտի 1-ին իշխանությունները պատրաստ չէին: Ընդդիմությունը պատրաստ էր։ Մեզ համար հարց է՝ ինչո՞ւ իշխանությունները պատրաստ չէին»: Մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում գտնվող ցուցարարների վրա նախահարձակ եղած իշխանության նման պաշտպանությանն անդրադառնալով՝ ՀԺԿ քաղխորհրդի անդամ Ռուզան Խաչատրյանն ասաց. «Այս հայտարարությունից հարց է առաջանում. իսկ եթե պատրաստ լինեին, ի՞նչ էր լինելու՝ զոհերը ոչ թե 10-ն էին լինելու, այլ հազա՞րը: Ուզում եմ հիշեցնել, որ այս իշխանությունները նաեւ պատրաստ չէին 1999-ի հոկտեմբերի 27-ին, թեեւ այն կանխելու համար բավարար տեղեկատվություն կար նախապատրաստվող ահաբեկչության մասին: Հիմա պարզվում է՝ մարտի 1-ին էլ պատրաստ չէին, բայց պատրաստ էին սրելու իրավիճակը (նաեւ սադրանքներ իրականացնելով) այն աստիճանի, որ կարողանան զենք կիրառել»:

Հրանտ Մարգարյանը տեղի ունեցածը համարեց գունավոր հեղափոխության փորձ, պնդելով, թե օտարի պատվերով «մեր քթի տակ ձեւավորել է կազմակերպված մի մեխանիզմ»։ ՀԺԿ քաղխորհրդի անդամն այս առնչությամբ ասաց. «Նախ՝ ընդդիմության պայքարում դրսի ազդեցություն կամ աջակցություն չի՛ եղել, չկա՛. եթե լիներ՝ այլ գնահատական կստանային այս ընտրությունները: Գնահատականները փոխվեցին միայն մարտի 1-ի արյունահեղությունից եւ աղաղակող ապօրինություններից հետո: Բայց շատ հետաքրքիր պահվածք է որդեգրել ՀՅԴ-ն՝ մի բան ասում է, լրիվ ուրիշ բան անում ու 3-րդ բանն էլ երեւի մտքի մեջ պահում: Դրսի աջակցության մասին խոսում է ղեկավարը մի կուսակցության, որին ուղղված հիմնավոր մեղադրանքներից մեկը դրսից ղեկավարվելն ու ֆինանսավորվելն է: Հեղափոխություն նախապատրաստելու կամ դրա փորձն անելու մեջ մեղադրում է մի կուսակցություն, որի անունն իսկ ներառում է հեղափոխություն բառը: Հիմա այս ժողովրդական ալիքը կուզեն՝ թող հեղափոխության փորձ կոչեն, կուզեն՝ թող որոշեն, թե այն գունավոր էր կամ սեւ-սպիտակ: Բայց սա ՀՀ քաղաքացիների մերժումն էր այս իշխանություններին, որին մաս է կազմում նաեւ ՀՅԴ-ն»:

Այնուամենայնիվ, այս ելույթում էլ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը պնդեց, թե իրենք այլընտրանք էին թե՛ ընդդիմությանը, թե՛ իշխանությանը։ Ռուզան Խաչատրյանն ասաց, թե հումորով է վերաբերվում այս պնդմանը. «Այլ կերպ վերաբերվել հնարավոր չէ: Ես էլ կարող եմ հայտարարել, թե Հռոմի պապն եմ՝ դե փորձեք հավատալ: Ինչպե՞ս կարելի է այլընտրանք լինել իշխանությանը՝ համագործակցելով, պաշտպանելով այն 1998-ին, 2003-ին: Իսկ 2008-ին էլ փորձելով առավել ամրապնդել, ավելացնել սեփական դերակատարումն իշխանության մեջ՝ անգամ ուժային պորտֆելների տրամադրման պահանջով: Հետաքրքիր է, որ ՀՅԴ-ն կարողանում է, լինելով իշխանության մեջ, իրեն վեր դասել, դատավորի կեցվածք ընդունել այդ նույն կոալիցիայի նկատմամբ, որի անդամն է դարձել արդեն որերորդ անգամ: Պարզվում է, որ նրանք այս անգամ կոալիցիայի անդամ դարձան պետական շահերից ելնելով: Ըստ երեւույթին՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ն այլ շահերից ելնելով են դարձել կոալիցիայի անդամ»: Հիշատակելով ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի արտահայտած դժգոհությունը, թե երկրում ծրագրված պայքար չկար կոռուպցիայի դեմ՝ Ռուզան Խաչատրյանը տարակուսեց. «Նախագահի խորհրդականը կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով հենց ՀՅԴ ներկայացուցիչն էր: Այդ ինչպե՞ս պարզվեց, որ նա՛ չտապալեց կոռուպցիայի դեմ պայքարը, այլ ինչ-որ ուրիշ մեկը»:

ՀԺԿ քաղխորհրդի անդամը նաեւ նկատեց. «Ընդհանրապես, հակասություններով լի է ընկեր Հրանտի ելույթը: Նշում է, թե մաքուր ընտրությամբ չէր Սերժ Սարգսյանը նվաճել հաղթանակը: Երեւի նորամուծություն է կեղտոտ հաղթանակ հասկացությունը: Նման բան չի լինում՝ դա հաղթանա՛կ չէ, դա կեղծի՛ք է: Եվ ՀՅԴ-ն շարունակում է պաշտպանել այդ կեղծիքը՝ անհեթեթ ինչ-ինչ պատճառաբանություններով»:

Հրանտ Մարգարյանն իշխանությանը պաշտպանեց նաեւ լռելով այժմ առկա որոշ երեւույթների մասին: Ասենք, հիշատակեց, թե 90-ականներին «քաղաքական մարդիկ ավելի շատ ճաղերի հետեւում էին, քան հրապարակի վրա», եւ լռեց, որ նույն երեւույթն այժմ շատ ավելի մեծ ծավալներ ունի: Ռուզան Խաչատրյանը նշեց, որ ժամանակին մասնակցել է ՀՅԴ մամուլի արգելման կապակցությամբ բողոքի գործողություններին. «Բայց ըստ ՀՅԴ պահվածքի՝ փաստորեն պարզվում է, թե այն, ինչ չի կարելի անել իրենց հանդեպ՝ կարելի է, որ իրենց իշխանությունն անի այլ քաղաքական ուժի նկատմամբ: Դա մենք տեսանք նաեւ 2004-ի ապրիլին, երբ իշխանությունները ներխուժեցին ու ավերեցին ոչ մեկ, այլ 3 կուսակցությունների գրասենյակներ, ձերբակալեցին բազմաթիվ մարդկանց, խոշտանգեցին եւ այլն»:

Վերջում անդրադառնալով ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի պնդմանը. «Մենք թշնամի չենք փնտրում, ավելին՝ հայության մեջ մենք թշնամի չունենք», Ռուզան Խաչատրյանն ասաց. «Ընկեր Հրանտ, Ձեր ողջ ելույթը եւ գործունեությունը այդ թշնամիների որսը եւ նրանց հետ հաշվեհարդար տեսնելն է: Էլ թշնամի ո՞նց են փնտրում: 2-ամսյա լռությունից հետո այս ելույթը Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ այդ թշնամության պոռթկումն է: ՀՅԴ-ն որեւէ կերպ չի ուզում հասկանալ, որ այս պահին Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ չէ, որ գործ ունեն, այլ Հայաստանի հասարակության գերակշիռ մասի հետ: Եվ անձնական հաշիվներ մաքրելով Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ՝ նրանք դրա զոհն են դարձնում մեր պետությունն ու հասարակությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել