Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԱԽՈՒՍՏԻ ՄԵՋ ՉԷ

Մայիս 22,2008 00:00

Երեկ ՀՀ դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը «Առավոտին» է ուղարկել նամակ, որում, մասնավորապես, ասված է. «Տեղեկացնում եմ, որ իրեն ծեծելու մասին ոստիկանության Նոր Նորքի բաժնի ավագ տեսուչ Դ. Ղազարյանը ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնին հայտնել է 19.05.08թ.: Գրավոր հաղորդման մեջ մասնավորապես ասվում է. մեջբերում եմ ամբողջությամբ. «Հայտնում եմ, որ ս.թ. մայիսի 18-ին՝ ժամը 02-ի սահմաններում, ես իմ անձնական օգտագործման «ՎԱԶ 2108» մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջո» ռեստորանի դիմաց, տեղի խաչմերուկ իջնող ճանապարհին վազանց կատարելու ժամանակ թեթեւակի բախվել եմ «Մերսեդես «C» կլասի ավտոմեքենային, որից հետո նշված ավտոմեքենայի վարորդն իր ընկերների հետ միասին ինձ ծեծի են ենթարկել»: Նույն օրը ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Հայտարարության մեջ մատնանշված հանգամանքների շուրջ Դ. Ղազարյանը հարցաքննվել է, որի ժամանակ վերահաստատելով վերոնշյալ հայտարարությունը՝ ավելացրել է, որ իրեն ծեծողների մեջ ճանաչել է Գառնիկ Մուրադյանին, ում ինքը տարիներ առաջ բերման է ենթարկել ապօրինի զենք, ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու համար: Դ. Ղազարյանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ենթարկվել է բուժզննման, եւ այդ ընթացքում պարզվել է նաեւ, որ նա եղել է ալկոհոլային խմիչք օգտագործած վիճակում: Կոտայքի մարզի դատախազ Կարո Գուլոյանը 31.03.08թ. մինչեւ 18.05.08թ. ներառյալ գտնվել է արձակուրդի մեջ: Նա դեպքի վայրում եղել է իր կնոջ եւ անչափահաս երեխայի հետ, իսկ 2008 թվականի մայիսի 19-ից ներկայանում է աշխատանքի: Կ. Գուլոյանը փախուստի մեջ չէ: ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ Կ. Գուլոյանից վերցվել է բացատրություն, հանձնարարություն է տրվել ոստիկանության քննչական բաժնին՝ ապահովել քրեական գործի օբյեկտիվ եւ բազմակողմանի քննությունը»: Մենք ոչ մի վայրկյան չենք կասկածում, որ Կ. Գուլոյանը խուսափելու է պատասխանատվությունից, եւ իրավապահները 100%-ով հավատալու են իր ասածներին եւ բացարձակապես չեն հավատալու Դավիթ Ղազարյանի խոսքերին: Ջիպավորի մոտ միշտ անջիպն է մեղավոր:Դատախազությունը պարզաբանում է ուղարկել «Առավոտի» եւս մի նյութի կապակցությամբ, որին կանդրադառնանք վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել