Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՆՑԱՆՔ ԵԶՐԱՓԱԿԻՉ

Մայիս 22,2008 00:00

Մայիսի 20 լույս 21-ին Բելգրադում արդեն 53-րդ անգամ կայացավ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի կիսաեզրափակիչ փուլը, որին 19 երկրների թվում մասնակցում էր նաեւ Հայաստանը: Մեր երկիրը ներկայացնում էր Սիրուշոն՝ «Քելե-քելե» երգով (երաժշտությունը՝ Հարություն Տեր-Հովակիմյանի, տեքստը՝ Սիրուշոյի): Եզրափակիչ փուլ անցավ 10 երկիր՝ Հունաստանը, Ռումինիան, Բոսնիա-Հերցեգովինան, Ֆինլանդիան, Ռուսաստանը, Իսրայելը, Ադրբեջանը, Հայաստանը, Լեհաստանը եւ Նորվեգիան: Մրցույթի հիմնադիր 4 երկրները՝ Ֆրանսիան, Գերմանիան, Իսպանիան եւ Միացյալ թագավորությունը, ինչպես նաեւ նախորդ տարի «Եվրատեսիլում» հաղթած Սերբիան, ներկայացնող երգիչները միանգամից հանդես կգան եզրափակիչում՝ մայիսի 24-ին: Նշենք, որ այս տարվա մասնակիցներն ավելի թույլ էին, իսկ շոուի առումով «Եվրատեսիլ-2008»-ը զգալիորեն զիջում էր նախորդ տարիների «Եվրատեսիլներին»: Հետաքրքիր էր Մոլդովան ներկայացնող Գետա Բուռլացուի ջազային ելույթը բազմոցի վրա՝ շեփորահարի հետ, Ադրբեջանը ներկայացնող տղամարդկանց դուետն էլ էր առանձնանում վոկալի առումով, իսկ նրանց՝ ստրինգով ու գինեթաթախ աղջիկների մասնակցությամբ «շոուն» անճաշակ էր: Ինքնատիպ էր ռումինացի Վլադի եւ Նիքոյի օպերաէստրադային դուետը, ֆիննական «Տեռասբետոնի» խմբի տրադիցիոն ռոքը, հույն Կալոմիրայի արեւելյան ելեւէջներով կատարումը… Հաջողված էր Բիլանի ելույթը՝ հայտնի գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոյի եւ հունգարացի ճանաչված ջութակահար Էդվին Մարտոնի օգնությամբ: Ինչ վերաբերում է Սիրուշոյին, նա վոկալ իմաստով անճանաչելիորեն մատուցեց քաջածանոթ երգը. ելույթի վրա բացասաբար էր անդրադարձել երգչուհու մեծ հուզմունքը, արդյունքում՝ նա տեղ-տեղ գոռում էր, ու ֆալշեր էին «սպրդում»: Սիրուշոյի պարագայում շոուի մասին խոսելն ավելորդ էր. ռուս երեք թեկուզեւ բարձրակարգ պարողների շարժումներն ամենեւին համահունչ չէին երգին: Երգչուհին «չէր նայվում» նաեւ իր բեմական հագուստի մեջ. մի տեսակ մռայլ էին Սիրուշոյի գույները, իսկ էկրանը, եւ այս դեպքում՝ «Քելե-քելեն», պահանջում է վառ գույներ…Դառնալով եզրափակիչում ՀՀ-ի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հայտնվելուն, ասենք, որ դա պատահական չէ եւ կոնֆլիկտ ունեցող երկրների համար քաղաքական ենթատեքստ ունի, ինչպես պատահական չէ այն, որ Եվրոպան «Եվրատեսիլի» առաջին հորիզոնականին երբեք մոտ չի թողնում Ռուսաստանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել