Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄ

Մայիս 22,2008 00:00

Ո՞վ է մեղավոր

Երկիրը ճգնաժամի մեջ է, այդ ասում են բոլորը: Ճգնաժամը կարճ կարելի է նկարագրել հետեւյալ կերպ. հասարակությունը (առնվազն նրա զգալի մասը) չունի հավատ եւ վստահություն իշխանությունների նկատմամ: Որպեսզի ինձ չմեղադրեն «ապակայունացնող» ու «պետականություն խարխլող» պնդումներ անելու մեջ, բերեմ մի հատված նոր կառավարության Ծրագրից: Այդ Ծրագրի նպատակների շարքում կա այսպիսի մեկը. «հասարակության եւ իշխանությունների միջեւ վստահության մթնոլորտի ձեւավորումը»: Այսինքն, Ծրագիրն ընդունում է, որ այդպիսի մթնոլորտ Հայաստանում ՉԿԱ: Այս Ծրագիրն արժանացել է Ազգային ժողովի հավանությանը, հետեւաբար այս կարծիքին կողմնակից են եւ իշխող քաղաքական ուժերը: Ներառյալ դրանցից խոշորագույնը՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը:

Ավելորդ է ասել, որ սա խիստ վտանգավոր իրավիճակ է: Հասարակական անվստահության այս պայմաններում իշխանությունները իրենց ձեռքի վրա ձվածեղ էլ անեն ժողովրդի համար, միշտ դեմ կառնեն մարդկանց թերահավատությանը։ Ու ամենաբարի ձեռնարկներն էլ այս պատճառով կարող են ձախողվել, իսկ, ի վերջո՝ նաեւ պետությունը կարող է դեմ առնել նոր ցնցումների:

Ճգնաժամի տաշրրերը

Խորհրդային մարդը միշտ թերահավատ է եղել դեպի իշխանությունները: Հետխորհրդային Հայաստանի իշխանությունները ոչ մի կերպ չգտան (չցանկացան գտնել) ժողովրդի վստահությունը պահելու բանալին: Առ այսօր մարդիկ ունեն առնվազն հետեւյալ, մեղմ ասած, ոչ անհիմն կասկածները.

1. Իշխանությունները կեղծում են քվեարկությունների արդյունքները, ուրեմն, հավանաբար, օրինական չեն: Ու չկա հավատ, որ հաջորդ քվեարկություններում իշխանությունները չեն կեղծի, քանի որ բոլորը համոզվել են, որ նրանց կարգախոսն է՝ «մեր դեմ խաղ չկա»:

2. Իշխանությունները ստել են, ստում են ու էլի կստեն: Ահա, Սերժ Սարգսյանն իր նախընտրական հանրահավաքի ժամանակ դիմում է ներկաներին հետեւյալ խոսքերով. «Ասում են, թե ինչ-որ մարդկանց հարկադրում են գալ իմ հանրահավաքներին: Ես ասում եմ, ում որ հարկադրել են, կարող է հենց հիմա հեռանալ այս հանրահավաքից»: Ու քարոզարշավի կազմակերպիչները գոհ են. հեռուստատեսությամբ չերեւաց հանրահավաքից հեռացող ոչ մի մարդ, հետեւաբար, բոլորն իմացան, որ Սերժ Սարգսյանի հանրահավաքին հարկադրելով չեն բերում: Այնինչ, ամեն հայաստանցի գիտե, որ մարդկանց շատ լավ էլ հարկադրում էին գնալ այն ժամանակվա վարչապետի հանրահավաքներին: Ապշել կարելի է այն վայ-քարոզագետների վրա, որոնք ապավինում էին «էկրանին չկա, ուրեմն կյանքում էլ չկա» սկզբունքին, չէ՞ որ այդ սկզբունքն իրեն չարդարացրեց նույնիսկ սովետական հզոր քարոզչամեքենայի պարագայում, էլ ուր մնաց այս փոքրիկ երկրում, ուր բոլոր նորությունները (եւ բամբասանքները) կայծակի արագությամբ են տարածվում:

3. Իրավապահ մարմիններին կարելի է տալ ամեն տեսակի որակում, բայց ոչ «արդար» կամ «անաչառ», առավել եւս՝ «մարդու իրավունքներին հետամուտ»։ Ոչ այլ ոք, քան հանրապետության արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը խոստովանում է՝ «երբ մարդուն բացատրում ենք, որ իր խախտված իրավունքները նա կարող է վերականգնել միայն դատարան դիմելու միջոցով, նա ասվածն ընդունում է որպես վիրավորանք» («Չորրորդ իշխանություն», 09.05):

Ո՞վ է մեղավոր

Ճգնաժամի համար իշխանությունն ու ընդդիմությունը մեղադրում են միմյանց: Մինչդեռ կա ակնհայտ ճշմարտություն՝ ԵՐԿՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԱՄԵՆ ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ: Միշտ եւ ամենուր: Ռուսաստանյան կայսրության փլուզման մեղավորը Նիկոլայ Երկրորդն էր ու նրա կառավարությունը: ԽՍՀՄ փլուզման մեղավորը ԽՍՀՄ ղեկավարությունն էր, այլ ոչ թե Ամերիկան, կամ էլ, ինչպես որոշ խելոքներ պնդում էին՝ «Ղարաբաղ» կոմիտեն: Հայաստանի 1992-94թթ. ճգնաժամի համար պատասխանատու էր այն ժամանակվա կառավարությունը, որքան էլ որ դրա գլխավոր պատճառներն արտաքին շրջափակումներն էին՝ Ադրբեջանի կողմից, իսկ հետո էլ՝ նաեւ Վրաստանի: Կառավարություն ես, ուրեմն պատասխանատու ես: Մեղադրում ես, թե ընդդիմությունը հանդես եկավ «անհանդուրժող», «պառակտիչ» ու էլ չգիտեմ թե ինչ կարգախոսներո՞վ: Բարի լինեիր ունենալ այնպիսի մթնոլորտ, այնպիսի վստահություն, որ ժողովուրդը հավատար քո «հանդուրժող», «միավորիչ» խոսքերին, այլ ոչ թե «քայքայիչ» ընդդիմությանը:

Ի վերջո, եկեք մի պահ ընդունենք «ընդդիմության մեղավորության» կանխավարկածը, այսինքն, պատկերացնենք, թե, իրոք, մինչ 2007թ. հոկտեմբերը մենք իդեալական կարգ ու կանոնի երկիր էինք, ապա հայտնվեց այս չար «ընդդիմությունը», սերմանեց իր «թշնամությունը» եւ ամեն ինչ տակնուվրա եղավ, հասարակությունը պառակտվեց: Մի՞թե այս տեսակետի կողմնակիցները չեն զգում, թե որքան խոցելի է այն: Ի՞նչ եղավ անցյալ տարվա հոկտեմբերին: Ընդամենը ՄԻ ՄԱՐԴ հայտարարեց, որ մտադիր է մասնակցել նախագահական ընտրություններին՝ ինը թեկնածուներից մեկը: Ուրեմն, որքա՜ն թույլ, եթե չասենք հիվանդ էր մեր հասարակությունը, որ ՄԻ ՄԱՐԴՈՒ հայտնվելով՝ առաջ եկան վերը նշված ու էլի բազմաթիվ այլ ախտանիշներ:

Եվ արդ, մեղավոր են իշխանությունները: Իհարկե, մեղավոր է նախորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, բայց է՛լ ավելի մեծ չափով մեղավոր են այն քաղաքական ուժերը, որոնք այն ժամանակ իշխանության կազմում էին: Նախագահը, որքան էլ մեծ լիազորություններ ունենա, ընդամենը մեկ մարդ է:” Մինչդեռ հենց կուսակցություններն են առավել պատասխանատու երկրի բարոյահոգեբանական մթնոլորտի, հասարակության առողջության համար: Առավել եւս, որ Ռոբերտ Քոչարյանը անկուսակցական էր, եւ նրա նախագահական ուժը հենված էր նրան պաշտպանած կուսակցությունների վրա, առաջին հերթին, իհարկե՝ ՀՀԿ-ի: Կուսակցություն, որ սկսած 1998 թվականից՝ եղել է իշխանության գերակշռող ուժը, կոալիցիաների ավագ անդամը, իսկ վարչապետները եղել են նրա առաջնորդները: Ոչ ոք չի ուրանում, այդ տարիներին եղել են տպավորիչ հաջողություններ, մասնավորապես՝ զորեղ տնտեսական աճ: Բայց կարելի՞ է հաջողված համարել մի ժամանակաշրջան, որի ավարտից հետո եկած նոր կառավարությունն իր առջեւ դնում է այսպիսի խնդիրներ.

«Մշակել… ռազմավարությունը, որը միտված է լինելու՝ օրենքի առջեւ բոլորի հավասարության սկզբունքի ապահովմանը»:

Կամ՝ «հաղթահարել Հայաստանի Հանրապետության ապագայի վերաբերյալ հասարակության հոռետեսությունը»: Կարիք կա՞ մեկնաբանության:

Այսպիսով, ակնհայտ է, որ այսօր՝ 2008 թվականին, մենք հասել ենք մի ճգնաժամի, որի մեղավորը ՀՀԿ-ն էր, ինչպես 1998 թվականին ՀՀՇ-ն էր։ Կա, իհարկե, մի տարբերություն. «ՀՀՇ-ի ճգնաժամը» ուղեկցվում էր տնտեսական երկարատեւ անկմամբ ու կենսամակարդակի կտրուկ վատթարացմամբ: «ՀՀԿ-ի ճգնաժամը» տեղի ունեցավ գրեթե տասնամյա տնտեսական աճի, աղքատության կրկնակի նվազման ու երկրի իրական հզորացման պայմաններում: Հիրավի, մե՜ծ տաղանդ է պետք այդպիսի պայմաններում այսպիսի հասարակական դժգոհություն կուտակելու համար:

Ովքե՞ր են հանրապետականները

Տողերիս հեղինակը կողմնակից էր փետրվարին Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտրվելուն: Ես զուտ պրագմատիկ շահ էի տեսնում առաջին նախագահի հաղթանակի դեպքում, այսպես ասած, «հակամենաշնորհային» նկատառում: ՀՀԿ-ն Ազգային ժողովում ուներ մեծամասնություն, եւ ցանկալի կլիներ որ նախագահը լիներ մեկ այլ կուսակցությունից՝ նրան հակակշռելու համար: Ընդսմին, ես ակնկալում էի, որ Հանրապետականը, շնորհիվ իր խորհրդարանական գերակշռության, առաջվա պես կկարողանար կազմել կառավարություն եւ իրականացնել 2007թ. հունիսին ընդունված՝ իրոք բավական լավ ծրագիրը: Եվ անկեղծորեն չէի հասկանում, թե ինչո՞ւ էր ՀՀԿ ղեկավարությունն այդքան խուճապահար Տեր-Պետրոսյանի վերադարձից, կարծես Հայաստանում հրապարակ էր իջել ոչ թե հանրապետության նախկին ու հիմնադիր ղեկավարը, այլ Էնվեր փաշան՝ իր բանակով (ոմանք նույնիսկ պատկերում էին Տեր-Պետրոսյանին թուրքական ֆեսով ու դրոշակով): Աչքերս բացեց ընկերս՝ կառավարական մի ծառայող:

«Ի՜նչ միամիտն ես: Ախր Լեւոնի հաղթելու դեպքում այդ հանրապետական պատգամավորների կեսից ավելին մեկ օրում ՀՀՇ-ական կդառնային»,- ասաց նա:

Խոստովանում եմ, իրոք միամիտ էի: Չէ՞ որ, իրոք, այդ ՀՀԿ-ականների մեծ մասը այս կուսակցությանն են անդամագրվել զուտ որպես «իշխանական» կուսակցության, շատերը մինչ այդ եղել են նաեւ ՀՀՇ-ի անդամ, երբ ՀՀՇ-ն էր իշխանության գլուխ: Բայց նույնիսկ եթե բացառենք այդ պատեհապաշտներին, դարձյալ ՀՀԿ-ն չկա որպես քաղաքական, գաղափարական միավոր:

Ասածս կհիմնավորեմ քիչ ստորեւ, իսկ առայժմ ավելացնեմ, որ այն հանգամանքը, թե ՀՀԿ կոչված կազմակերպության վրա հույս դնել չի կարելի, ըստ երեւույթին բոլորից լավ գիտակցել է այդ կազմակերպության պաշտոնական առաջնորդը՝ Սերժ Սարգսյանը: Հակառակ դեպքում, դժվար է բացատրել, թե երբ անցյալ տարվա մայիսին ՀՀԿ-ն գրավեց խորհրդարանի մանդատների մեծամասնությունը, այն ժամանակվա վարչապետը ինչու չստեղծեց միակուսակցական կաբինետ, այլ կոալիցիա կազմեց միանգամից երկու այլ կուսակցությունների հետ: Հիշեցնեմ՝ դա 2007թ. հունիսին էր, երբ չկար ոչ մի «չարագործ» Լեւոն Տեր-Պետրոսյան ու ոչ մի առերեւույթ ճգնաժամ: Երեւի պրն Սարգսյանը լավ գիտեր, որ այն պահին եղած ՀՀԿ-ն, բացի անհրաժեշտ ձեւով քվեարկություն կազմակերպելուց (այդ թվում՝ ընտրախախտումներով), ուրիշ ոչ մի բանի պիտանի չէ: Ու նոր կառավարության ղեկավարին էլ ընտրեց ոչ այդ կուսակցությունից, ինչը երեւում է նոր վարչապետի այնպիսի արտահայտություններից, ինչպես, օրինակ. «Հայաստանում պետք է հարստանա նա, ով գիտելիք ունի, այլ ոչ թե նա՝ ով զոռբա է» (շատ է տարբերվում ՀՀԿ-ի «մեր դեմ խաղ չկա» նշանաբանից):

Մարտի 1-ի ողբերգությունից հետո յուրաքանչյուր իրեն հարգող կուսակցություն պետք է արտակարգ համագումար հրավիրեր կամ գոնե ղեկավար մարմնի անունից գնահատող հայտարարություն աներ, ինչպես արեց, օրինակ, ՀՅԴ-ն: Իսկ գլխավոր իշխող ու գլխավոր պատասխանատու կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, նման ոչ մի բան չարեց ու վախենամ՝ չի էլ անի:

Ահա, մայիսի 2-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ճգնաժամից դուրս գալու ելք է տեսնում արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունները, ինչպես նաեւ մարտի 1-ի ողբերգության անաչառ հետաքննությունը: Ի՞նչ պատասխանեցին ՀՀԿ-ի գաղափարախոսները: Նրանցից մեկն ասաց, որ իշխանության եւ ընդդիմության միջեւ երկխոսությունը հնարավոր է, մյուսն ասաց, որ այդպիսի երկխոսություն հնարավոր չէ (եւ որ Տեր-Պետրոսյանը, ի վերջո, կհեռանա Հայաստանից), երրորդն ասաց, որ իրեն իրավունք չի վերապահում մեկնաբանել իր գործընկերների խոսքերը: Լավ, կուսակցությո՞ւն եք դուք վերջապես, թե՞ ոչ:

Մինչդեռ, ես պնդում եմ, որ եթե ՀՀԿ-ն ունենար պետական մտածողության դույզն-ինչ նշույլ, ապա փետրվար-մարտի արյունալի ճգնաժամը չէր լինի: Դրա համար հնարավորություն ընձեռել էր ոչ այլ ոք, քան «անհաշտ» Լեւոն Տեր-Պետրոսյանը, որն իր հոկտեմբերյան ելույթում առաջարկեց ընտրական գործընթացի որոշ փոփոխություններ. քվեաթերթիկների տպագրություն արտասահմանում, քվեարկողների մատի թանաքոտում (կավելացնե՞ր սա փոխվստահությունը, թե՞ ոչ), եւ այլն: Եթե կառավարող ՀՀԿ-ն իրագործեր այս առաջարկություններից գոնե մեկը, ապա փետրվարի 19-ից հետո նույն Տեր-Պետրոսյանը շատ ավելի քիչ հիմք կունենար դրանց արդյունքները կասկածի տակ դնելու։ Այնինչ, ՀՀԿ-ն գերադասեց իր՝ «մեր դեմ խաղ չկա» ավանդական վարվելակերպը՝ գումարած «եթե հեռուստաէկրանին չկա, ուրեմն կյանքում էլ չկա» հավատին: Ու հասանք այս օրվան:

ՀՀԿ-ն պետք է զղջա ու մեղա գա

Այսքանից ակնհայտ է, որ եթե ՀՀԿ-ն ուզում է փրկել իր անունը խայտառակությունից, ապա պետք է հրավիրի արտահերթ համագումար, հրապարակավ ընդունի իր գործած սխալները, մեղա գա դրանց համար ու ներկայացնի ստեղծված իրավիճակից դուրս գալու իր առաջարկները (եթե այդպիսիք կան): Լավագույնը կլիներ, որ նա համաձայնի արտահերթ ընտրություններ անցկացնելու առաջարկին, այն պարզ պատճառով, որ քանի դեռ գոնե մեկ մաքուր ընտրություններ մենք չենք ունեցել, ոչ մի հասարակական վստահության մասին խոսք լինել չի կարող: Առավել եւս, ՀՀԿ-ն որպես քաղաքական եւ գաղափարական միավոր, հեռանկար կունենա միայն այն դեպքում, երբ քաջություն ունենա ընդունել իր սխալները ու գոնե մեկ անգամ փորձի արդար պայքարի մեջ մտնել: Ընդսմին, այդ ընտրությունները ոչ մի դեպքում չի կարելի անցկացնել ներկա վարկաբեկված օրենքով: Համարձակվում եմ հուսալ, որ տողերիս հեղինակի առաջարկած քվեարկության մեքենայացված համակարգը, որ բացառում է քվեաթերթիկների հաշվումը ընտրատեղամասերում («Ազգ», ապրիլի 3, 2008)՝ կարող է օգտակար լինել այս գործում:

Գիտակցում եմ, որ նման համագումարի հրավիրումը դյուրին խնդիր չի լինի թեկուզեւ այն պատճառով, որ, ինչպես հետեւում է վերը նշածս հանգամանքներից, ՀՀԿ-ի ու նրա առաջնորդ Սերժ Սարգսյանի հարաբերություններն այնքան էլ հասկանալի չեն: Տպավորությունն այն է, որ ՀՀԿ-ն լավագույն դեպքում հաշտվել է Սերժ Սարգսյանի կցորդի դերի հետ, ինչպես նախկինում մեծ մասամբ հանդես էր գալիս որպես Ռոբերտ Քոչարյանի կցորդ:

Եթե ՀՀԿ-ն այդպիսի քայլ անի, ապա, անշուշտ, կկորցնի իր մեծամասնությունը խորհրդարանում: Բայց փոխարենը նա շանս կունենա մնալ (դառնա՞լ) իրոք գաղափարական ու քաղաքական միավոր, այլ ոչ թե սոսկ «իշխանավորների արհմիություն»՝ ինչպես հիմա է: Հնարավոր է, ես հերթական անգամ միամտություն եմ դրսեւորում, ենթադրելով, որ ՀՀԿ-ում բավարար կամք կգտնվի իր «արհմիութենական» շահերը երկրի շահերին ստորադասելու համար: :

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել