Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ եւ թուրք երիտասարդները «երկխոսեցին»

Մայիս 22,2008 00:00

\"\"Ու ամեն ինչ անցավ առանց նենգ «հնարքների» եւ ինտրիգների

Մայիսի 16-19-ը Թուրքիայում էին 20 հայ երիտասարդներ: Նրանք հանդիպումներ ունեցան իրենց թուրք հասակակիցների հետ: Նախաձեռնության հեղինակները Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան եւ Թուրքիայի կամավորականության հիմնադրամն (TOG) էին: Վերջինս, այս տարվանից սկսած, փոխանակման ծրագրեր է իրականացնում: Հայաստանի հետ ձեռնարկը TOG-ի առաջին ծրագիրն է:

Երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանի փոխանցմամբ, ինքը եւ TOG-ի տնօրեն Էվրեն Էրգեշը փետրվարին մեկ այլ երկրում մասնակցելով միջոցառման, որտեղ երկու երկրների միջեւ հարաբերությունների հաստատման հարցն էր քննարկվում, ծանոթացել ու պայմանավորվել էին այս համագործակցության համար:

Ինչ վերաբերում է հայ երիտասարդների Թուրքիա կատարած այցին, նշենք, որ նրանք 4 օր անցկացրել են Կարսում, որը դեռ պահպանել է հայկականության կնիքը: Երիտասարդները տպավորված էին նաեւ Անիով: Անակնկալ եղավ այն, որ Անիում հայաստանյան բջջային օպերատորները՝ «ԱրմենՏելն» ու «ՎիվաՍելլը» «հասանելի» էին, ինչի առիթով երիտասարդները հպարտանում էին. «Մեր հողի վրա ենք, դրա համար «հասանելի» ենք»: Ցավոք, Անին ներկայացնող զբոսավարը թուրքերեն էր բացատրում, թե ժամանակին ինչպիսին է եղել ծաղկուն այս քաղաքը: Արեւելագիտականի ուսանող հայ տղաներն ավելի ուշ թարգմանելով նրան, ասում էին, որ, ըստ թուրք զբոսավարի, Անին թուրքերինն է եղել: Հայկական հուշարձաններ պահպանող թուրք հսկիչները առաջին հայացքից ամենայն ուշադրությամբ հետեւում էին յուրաքանչյուր այցելուի վերաբերմունքին ու հուզմունքին, սակայն դա նրանց չէր խանգարում, որ, օրինակ, ավերված եկեղեցիներից մեկի մոտ կրակ անեն ու խորոված պատրաստեն:

Նշենք, որ հայկական խմբին թուրք երիտասարդներն ամենուր լավ էին ընդունում: Ծանոթությունը սկսվեց նախ նրանից, որ Կարսի հյուրանոցում թուրք եւ հայ երիտասարդների բայջերը խառը լցրեցին հատակին ու խնդրեցին, որ յուրաքանչյուրը վերցնելով դրանցից մեկը, գտնի ու հանձնի տիրոջը: Հայ ուսանողների համար սկզբում անսպասելի էր նաեւ այն, որ հյուրանոցի համարներում իրենց սենյակակիցը ոչ թե հայ, այլ թուրք է լինելու: Ոմանք նույնիսկ մի քիչ վախեցած էին: Իրենց հասակակիցների հետ մասնավոր զրույցներում թուրք երիտասարդները խոստովանում էին, որ կողմ են Հայոց ցեղասպանության ճանաչմանը, սահմանների բացմանը, հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը:

Կարսը հոգեհարազատ էր հայաստանցիներին, որովհետեւ դեռ չէր կորցրել իր հայկականությունը ու հիշեցնում էր Գյումրին: Տեղի թանգարանի ցուցանմուշները եւս հայկական շունչ ունեին, չհաշված թուրք երեխաների ձեռքով նկարված աշխատանքներն այն մասին, թե ինչպես են հայերը կոտորում թուրքերին: Ի դեպ, ցանկացած հայկական հուշարձանի կամ ավերակի մոտ 8-10 տարեկան երեխաներն իրենց ծառայությունն էին առաջարկում՝ 5 լիրայի համար յուրովի ներկայացնել հայոց պատմությունը: Կարսում հնարավորություն ունեցանք ներկա գտնվելու տեղի «Թերս Նաղմե» խմբի համերգին, որն ունկնդրելու էր եկել Կարսի քաղաքապետ Նայիֆ Ալիպեյօղլուն: Խումբը հանդես եկավ ոչ միայն քրդական, թուրքական երգերով, այլեւ հյուրերի պատվին հայերեն հնչեցրեց «Սարերի հովին մեռնեմ»-ը:

Կարսի քաղաքապետը, համերգից հետո ողջունելով երիտասարդներին, ասաց, թե լավ կլիներ, որ ամբողջ աշխարհը խոսեր մեկ ընդհանուր լեզվով, եւ բոլորը հասկանային իրար: Նաեւ հավելեց. «Պատերազմի մասին խոսելը հեշտ է, պատմությունը հիշելն է դժվար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել