Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆԻ ՌԵԿՏՈՐՆ ՈՒ ՊՐՈՖԵՍՈՐԸ՝ ԳՐԱԳՈ՞Ղ

Մայիս 22,2008 00:00

Նրանց համահեղինակությամբ լույս տեսած ձեռնարկը բառացիորեն արտագրված է ակադեմիկոս Վ. Ս. Լեդնյովի գրքից:

2002թ. սեպտեմբերին Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) ռեկտոր նշանակվեց ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտուշ Ղուկասյանը, որը 2003-ից զբաղեցնում է նաեւ «020-մանկավարժություն եւ հոգեբանություն» մասնագիտությամբ գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի նախագահի աթոռը: Չնայած մանկավարժական կամ հոգեբանական բազային կրթության ու այդ գիտությունների գծով գիտական աստիճանի կամ կոչման բացակայությանը, Ա. Ղուկասյանը հանրապետությունում միակ մասնագիտական խորհրդի նախագահի պաշտոնն է զբաղեցնում: Երեւի հասկանալով իրավիճակի պայթյունավտանգությունը, նա այդ պատճառով սկսել է հոդվածներ ու գրքեր գրել ոմանց համահեղինակությամբ:

Դրանց թվին է պատկանում նրա եւ մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՊՄՀ գունանկարի ամբիոնի վարիչ Լ. Ներսիսյանի «Մանկավարժական գիտությունների գծով ատենախոսություններին ներկայացվող պահանջները» (Գիտամեթոդական հանձնարարականներ), (Երեւան, 2007թ.) 51 էջանոց ձեռնարկը՝ ծայրից ծայր արտագրված ակադեմիկոս Վ. Ս. Լեդնյովի “Требования к диссертациям по педагогическим наукам” (научно-методические рекомендации, Москва-Воронеж, 2003 г )ձեռնարկից, որի առաջաբանը գրել է ՌԴ կրթության նախարարության ԲՈՀ-ի մանկավարժության եւ հոգեբանության փորձագիտական խորհրդի նախագահ Դ. Ի. Ֆելդշտեյնը: Վերջինս, վերլուծելով ՌԴ-ում մանկավարժության եւ հոգեբանության բնագավառի ատենախոսությունների վիճակը, նշում է դրանցում առկա թերությունների, մասնավորապես՝ որակի լուրջ անկման մասին: Նույն վերլուծությունն աննշան փոփոխություններով փոխանցելով «իրենց» ձեռնարկ, պարոնայք Ղուկասյանն ու Ներսիսյանը մոռանում են, որ ատենախոսությունների որակի անկման գլխավոր պատասխանատուները հենց իրենք են՝ որպես գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի նախագահ եւ տեղակալ:

“Требования к диссертациям по педагогическим наукам” «իրենց» ձեռնարկը «սարքած» Ա. Ղուկասյանն ու Լ. Ներսիսյանը որոշ ձեռնածություններ են արել Լեդնյովի գրքի գլուխների ու վերնագրերի հետ, օրինակ, «մոռացել» են տրոհումը պարագրաֆների, ռուսերեն տեքստի մեկ նախադասության մեջ հանդիպող թվարկումները բաժանել են առանձին կետերի, տեղ-տեղ աղավաղելով միտքը՝ կրճատել են 1- 2 բառ կամ նախադասություն, տեղ-տեղ էլ ավելացրել են սեփական «գոհարները»՝ առավել խրթին դարձնելով առանց այն էլ ցածրորակ թարգմանությունը, իսկ իսկական հեղինակի որոշ մտքեր շարադրել են իրենց բառերով: Թե պլագիատն ինչ աստիճանի է, ցույց կտանք օրինակներով. հայերեն տարբերակի 7-րդ էջի «Գիտական հետազոտությունները կրթության համակարգում» վերնագրի ներքո շարադրվածը արտագրված է ռուսերեն տարբերակից, ինչում կարելի է համոզվել բացելով Լեդնյովի գրքի 8-րդ էջը: Հայ «հեղինակների» «ստեղծագործության» 12-րդ էջում «Առարկան, գործառույթները եւ գնահատման հիմնական եղանակը» վերնագրով շարադրվածը Լեդնյովի գրքի 15-րդ էջում է, «Ատենախոսական աշխատանքների գնահատման հիմնական կառուցվածքը» բաժինը (էջ 13)՝ զետեղված է ռուսերեն տարբերակի 16-րդ էջում, «Գնահատման հետազոտություններին ներկայացվող պահանջները եւ դրանց գնահատումը» (հայերեն տարբերակում՝ էջ 16)՝ ռուսերեն տարբերակում 21-րդ էջում է, «Հետազոտությունների հիմնախնդիրները» ենթավերնագրի տակ շարադրվածը (հայերեն տարբերակում՝ էջ 17) ռուսերեն տարբերակի 22-րդ էջում է, «Ատենախոսական հետազոտությունների արդյունքների ներկայացումը» (հայերեն տարբերակում՝ էջ 34)՝ ռուսերեն ձեռնարկի 44-րդ էջում, եւ այսպես շարունակ…

Փաստենք, որ հայ երկու պրոֆեսորների՝ ռուսերենից «թխած» գիրքը չունի գրախոսողներ, մասնագետ խմբագիր, երաշխավորված չէ մասնագիտական խորհրդի կողմից, չունի օգտագործված եւ հանձնարարվող գրականության ցանկ (մինչդեռ ռուսերեն բնօրինակում նշված է 58 անուն գիրք), բացակայում են գրքի նույնացման կոդ-թվանիշերը եւ հեղինակային իրավունքները պաշտպանող C նշանը:

Համապատասխան եզրակացությունները թողնում ենք կրթությունն այսուհետ առաջնահերթություն հռչակած նորընտիր իշխանություններին, հույս հայտնելով, որ լուրջ միջոցառումներ կձեռնարկվեն, որպեսզի ապագա մանկավարժներին դաստիարակեն եւ գիտելիքներ հաղորդեն ազնիվ մարդիկ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել