Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

3 ՀԱԶԱՐ ԵՎՐՈ՝ ԵՌՕՐՅԱ ԿԱԼԱՆՔԻ ՀԱՄԱՐ

Մայիս 22,2008 00:00

\"\"Մարդու իրավունքների եվրոպական դատարանում մեր կառավարության տանուլ տված այս գործի արժեքը լավ կլիներ՝ վճարեր այն դատավորը, որը 5 րոպեում «դակել» էր ոստիկանության եզրակացությունը:

ՀԺԿ անդամ Արշամ Գալստյանն արդեն ստացել է 3 հազար եվրոյին համարժեք դրամ՝ որպես վնասի փոխհատուցում ՀՀ կառավարությունից: Փետրվարի 15-ին ուժի մեջ մտավ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը «Գալստյանն ընդդեմ Հայաստանի» գործով, որով դատարանը որոշեց, թե Արշամ Գալստյանը «կրել է ոչ-նյութական վնաս՝ հանրահավաքին մասնակցելու համար անարդար դատաքննության արդյունքում պատասխանատվության ենթարկվելու, պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը բողոքարկելու հնարավորություն չունենալու, ինչի արդյունքում նա ազատազրկվել էր 3-օրյա ժամկետով»:

Որոշ մանրամասներ ներկայացնենք 55 էջ կազմող այս գործից, որն արդարադատության նախարարության կայքէջում դրվեց մայիսի 15-ին:

Արշամ Գալստյանն իր ներկայացուցիչ փաստաբան Նորիկ Եղիազարյանի միջոցով Ստրասբուրգ էր դիմել 2003-ի օգոստոսի 1-ին՝ պնդելով, թե իր գործով խախտվել են Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիայի մի շարք դրույթներ: Արշամ Գալստյանը 2003-ի նախագահական ընտրությունների 1-ին փուլում Ստեփան Դեմիրճյանի վստահված անձն էր, իսկ 2-րդ փուլում՝ ընտրատարածքային տեղամասային հանձնաժողովներից մեկի անդամ: Ընտրություններից հետո մասնակցել էր Երեւանում կազմակերպված բողոքի ցույցերին: 2003-ի ապրիլի 7-ին Մատենադարանի մոտ կանանց հանրահավաքին Արշամ Գալստյանն այլ տղամարդկանց հետ հետեւել էր հեռավորության վրա: Իսկ տուն գնալու ճանապարհին նրան բերման էին ենթարկել Կենտրոն համայնքի ոստիկանության բաժին ու մեղադրել Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 172 հոդվածի հիմքերով՝ մանր խուլիգանություն: Ժամը 23-ին նա տարվել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի մոտ, որը նրան դատապարտել էր 3 օրվա վարչական կալանքի՝ որոշման մեջ կրկնելով ոստիկանության կազմած արձանագրության փաստարկները, թե Արշամ Գալստյանը խոչընդոտել է ճանապարհային երթեւեկությունը, «բարձր աղմկելով խախտել հասարակական կարգը»: Նիստը տեւել էր շուրջ 5 րոպե եւ ընթացել դատավոր Մնացական Մարտիրոսյանի աշխատասենյակում. «Դիմումատուն փորձել է ներկայացնել գործի հանգամանքները՝ միջնորդելով դատավորին կանչել վկաների եւ պաշտպան է պահանջել: Դատավորը լուռ լսել է դիմումատուին, ստորագրել որոշ թղթեր եւ բաց թողել դիմումատուին, որից հետո նրան տարել են կալանքի վայր, որտեղ նա կրել է իր պատիժը»:

Արշամ Գալստյանը դիմել էր «Փետրվար 22» իրավապաշտպան կազմակերպությանը, որն էլ 2003-ի ապրիլի 28-ին բողոքել է ՀՀ գլխավոր դատախազին՝ պահանջելով քրեական հետապնդում իրականացնել ոստիկանների եւ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նկատմամբ: Սակայն դատախազությունը մայիսի 27-ին պատասխանել էր, որ ապրիլի 7-ի որոշումը հիմնավորված է եւ հիմքեր չկան այն բողոքարկելու համար:

4 տարվա քննությունից հետո Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռեց, որ այս գործընթացում խախտվել են եվրոպական կոնվենցիայի մի շարք դրույթներ: Ըստ վճռի՝ Արշամ Գալստյանին չի տրվել «բավարար ժամանակ ու հնարավորություններ՝ իր պաշտպանությունը նախապատրաստելու համար»: Բացի այդ՝ դատարանը եզրակացրել է, թե նրան դատապարտելն «օրինական հանրահավաքի մասնակցելու համար հանդիսանում է միջամտություն նրա խաղաղ հավաքների իրավունքի իրականացմանը»: Իսկ դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշման մեջ «երթեւեկությանը խոչընդոտելու» եւ «աղմկելու» մասին պնդումները Ստրասբուրգում ստացել են հետեւյալ գնահատականը. «Ո՛չ այս որոշումը եւ ո՛չ էլ ոստիկանության կողմից պատրաստված նյութերը չեն պարունակում որեւէ այլ մանրամասներ, թե ինչ պայմաններում են այս արարքները կատարվել: Մյուս կողմից, ոստիկանության զեկույցից պարզ է դառնում, որ փողոցը, որտեղ տեղի է ունեցել հանրահավաքը, լցված է եղել մեծ քանակությամբ մարդկանցով, եւ ՀՀ կառավարությունը չի առարկել, որ երթեւեկությունը ճանապարհային ոստիկանության կողմից դադարեցված է եղել մինչեւ հանրահավաքի սկսվելը»: Իսկ Արշամ Գալստյանի աղմկելու կապակցությամբ ՄԻԵԴ վճռում նշված է. «Դատարանը գտնում է, որ դժվար է պատկերացնել որեւէ լայնամասշտաբ քաղաքական հանրահավաք, որի ընթացքում մարդիկ արտահայտում են իրենց կարծիքը՝ առանց որոշակի քանակի աղմուկ առաջացնելու»:

… ՀՀ կառավարության 2008-ի ապրիլի 25-ի նիստում, որտեղ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը ներկայացրել էր զեկուցագիր այս վճռով Հայաստանի Հանրապետության կրած պարտության մասին՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել էր. «Անհրաժեշտ է ճիշտ հետեւություններ անենք, որպեսզի ապագայում մեր երկրի հեղինակությունը չվարկաբեկվի: Պարոն Դանիելյանի նամակը ես ուղարկելու եմ մեր բոլոր իրավապահ կառույցներին, որ հետեւություններ արվեն, եւ ապագայում նման դեպքերը չկրկնվեն: Կարծում եմ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումն ամբողջությամբ արդարացի է, եւ ակնհայտ են մեր թերացումներն ու բացթողումները»:

Սակայն ե՛ւ Մնացական Մարտիրոսյանը, ե՛ւ այլ դատավորներ շարունակում են ճիշտ նույն ձեւով որոշումներ կայացնել նաեւ 2008-ի նախագահական ընտրություններից հետո հարուցված գործերով: Թերեւս հարկ էր պարտադրել, որ այդ 3 հազար եվրոն վճարվեր ոչ թե հարկատուներիս միջոցներից, այլ հենց այդ ու նրա նման դատավորների գրպանից: Թերեւս այդ դեպքում նրանք մի քիչ ավելի շատ ծանրութեթեւ կանեին՝ «Հանուն Հայաստանի Հանրապետության» բառերն արտասանելով վճիռներ կայացնելուց առաջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել