Լրահոս
Օրվա լրահոսը

Քանի օր է՝ հաց չենք առնում

Մայիս 22,2008 00:00

Անգամ երկու օրով աշխատավարձի ուշացումը Իվետա Սիմոնյանի ընտանիքի համար ծանր հետեւանքներ է ունենում:

«Տանն այլեւս ալյումինե ոչ մի սպասք ու գործիք չի մնացել, ամբողջը վաճառել ենք, որ յոլա գնանք: Հիմա էլ լույսն են անջատել: Ինչքան խնդրում եմ, որ միացնեն, շուտով փողը կստանամ՝ կտամ, չեն հավատում: Ժամանակ է եղել՝ օրերով լույս չենք ունեցել»,- իր ընտանեկան վատ վիճակն այսպես ներկայացրեց Իվետա Սիմոնյանը: Նա բազմազավակ մայր է, ունի 4 երեխա: Տիկնոջ պատմելով՝ 4 երեխաների հոգսը միայնակ է հոգում, քանի որ երկու տղաներն անաշխատունակ են, աղջիկներն էլ դեռ սովորում են: Ի. Սիմոնյանը Շենգավիթի թիվ 1 մարզադպրոցում հավաքարարություն անելով ընդամենը 29 հազար դրամ է վաստակում: Այդքան գումարով կարողանում են միայն ցամաք հաց գնել եւ մեկ-մեկ էլ ձու, պանիր, շաքարավազ: Կոմունալ վարձերը չվճարելու պատճառով ընտանիքը օրերով էլեկտրաէներգիա չի ունենում: Հարեւան սննդի խանութներին էլ ամիսներով պարտք է մնում: Ի. Սիմոնյանը դժգոհեց, որ մոտ 15 օր է՝ մարզադպրոցն ապրիլ ամսվա իր աշխատավարձն ուշացնում է. «Մինչեւ այստեղ գործի ընդունվելը՝ ինձ ասացին, որ իրենց մոտ աշխատավարձերը չեն ուշացնում եւ ամսվա սկզբին տալիս են: Բայց արդեն քանի օր է՝ չեմ ստացել, ամեն օր էսօր-էգուց են անում: Անգամ երկու օր աշխատավարձն ուշացնելը սարսափելի հետեւանքներ է թողնում մեր ընտանիքի վրա: Պատկերացնո՞ւմ եք, մենք արդեն քանի օր հաց չենք կարողանում առնել: Մնացած սննդի մասին էլ չեմ խոսում»: Ի. Սիմոնյանի խոսքերով. «Արդեն ամաչում եմ ամեն օր դատարկաձեռն տուն գալ: Բա չկարողանա՞մ անգամ հաց տուն տանել»: Այս ընտանիքը նույնիսկ աղքատության նպաստից չի օգտվում:

«Առավոտի» հետ զրույցում Շենգավիթի մարզադպրոցի տնօրեն Արայիկ Աբրահամյանը նույնպես հաստատեց, որ ապրիլի աշխատավարձերն ուշանում են. «Սա եզակի դեպք է, որ աշխատավարձերն ուշացրել ենք: Մեր կոլեկտիվը նույնիսկ որոշել էր աշխատավարձի չափով գումար հավաքել ու տալ տիկին Իվետային, բայց նա հրաժարվեց, ես ինքս էլ օգնություն եմ առաջարկել՝ էլի հրաժարվել է, պատճառաբանելով, որ ինքը մուրացկան չէ: Մայիսի 22-ին աշխատավարձերը կստանան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել