Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎՃՌԱԿԱՆ, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ, ՀԱՂԹԱԿԱՆ

Մայիս 22,2008 00:00

\"\"Սա էր ՀՅԴ 30-րդ ընդհանուր ժողովի կարգախոսը, եւ թեպետ այս ոգով Հրանտ Մարգարյանը փորձեց խոսել աշխարհի 30 երկրներից Հայաստանում ժողովված դաշնակցականների եւ հյուրերի առաջ, սակայն նրա խոսքը մեծ մասով ուղղվեց ընդդեմ Լեւոն Տեր-Պետրոսյանի:

Դաշնակցության 30-րդ ընդհանուր ժողովին երեկ ներկա էին բացառապես իշխանությունը ներկայացնող քաղաքական ուժերը: ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, պատասխանելով «Առավոտի» հարցին, թե՝ ընդդիմադիր քաղաքական ուժերը չե՞ն հրավիրվել, պատասխանեց, որ հրավիրվել են բոլոր այն ուժերը, որոնք սովորաբար հրավիրվում են Դաշնակցության ժողովներին: Բայց չէին եկել (բացի «Ժառանգությունից»): Ասաց՝ եթե Ռոբերտ Քոչարյանը Անգլիայում չլիներ, նրան եւս կհրավիրեին: Չհրավիրվածներից էր Լեւոն Տեր-Պետրոսյանը: Դաշնակցության ժողովին մասնակցում էին Վազգեն Մանուկյանը եւ Շավարշ Քոչարյանը, Վարդան Օսկանյանը եւ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը, Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: Նախագահ Սերժ Սարգսյանը ողջույնի խոսք էր հղել, որն ընթերցեց Մանուկ Թոփուզյանը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը ուսուցողական ոճով ընթերցեց նույնաբովանդակ մի ելույթ, ինչպիսին կարդացել էր կառավարության ծրագիրը խորհրդարանին ներկայացնելիս, արտերկրի դաշնակցականներին հրավիրեց իրենց մասնակցությունը ունենալու Հայաստանի շենացման գործին. «ՀՀ նախագահի քաղաքական ղեկավարությամբ՝ կոալիցիոն կառավարությունը եկել է իրականացնելու փոփոխություններ: Ժողովրդի սպասումները մեզ պատմական շանս են տալիս միասին իրականացնելու բեկումային նախագծեր: Մենք ձեզ հրավիրում ենք՝ օգտվելով պատմական շանսից, դառնալ այս ծրագրերի իրագործման ակտիվ մասնակիցը»:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը եւ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահականը եւս ողջունեցին Դաշնակցության ընդհանուր ժողովը:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի 9 էջանոց ելույթի 5 էջերը նվիրված էին ընդդիմությանը, ՀՀՇ-ին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Ավելի շատ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Գնահատականներն այսպիսին էին. «Ի սկզբանե որդեգրեց վերամբարձ, թշնամական ոճ ու գործելաձեւ, որն ի վիճակի էր միայն ատելության ալիք բարձրացնել: Իր շուրջը համախմբելով անգլուխ մնացած ընդդիմադիր զանգվածը՝ նա այնպիսի մթնոլորտ ստեղծեց, ուր խոսքը, տրամաբանական միտքը, պայքարի բարոյական նորմերն իրենց տեղը զիջեցին կազմաքանդելուն, հայհոյանքին, ատելությանն ու ամբոխավարությանը»: Բացատրեց, թե նախագահական ընտրությունների ժամանակ ինչ եղան իրենց թեկնածուի քվեները. «Մեկը մյուսի (նկատի ունի ՀՀԿ-ի եւ ընդդիմության թեկնածուներին- Մ. Ե.) համար քվե ապահովեց: Մեկը մյուսով ահաբեկեց ժողովրդին: Գերլարված, գերբեւեռացված, համատարած ընտրակաշառքի եւ կոպիտ ընտրախախտումների պայմաններում՝ այլ թեկնածուների շարքին փոշիացավ նաեւ մեր քվեն»: Հայտարարեց նաեւ, որ «մյուս կողմը (Սերժ Սարգսյանը- Մ. Ե.) թեեւ մաքուր ընտրությամբ չէր նվաճել հաղթանակը, բայց ո՛չ մենք, ո՛չ էլ միջազգային հանրությունը չէր վիճարկել հաղթանակը: Արդեն ձեւավորված իշխանությունը նախորդի՝ վերջին տասը տարվա իշխանության ժառանգորդն է ու շարունակությունը, թեպետ չպետք է շտապել նույնը համարել կամ ամբողջությամբ նույնը համարել: Իշխանություն, որ, վերջին հաշվով, այսօրվա իրավիճակի պատասխանատուն է»։ Մարտի 1-ի դեպքերի համար մեղադրեց եւ ընդդիմությանը, եւ իշխանությանը. «Մարտի 1-ին իշխանությունները պատրաստ չէին: Ընդդիմությունը պատրաստ էր: Մեզ համար հարց է՝ ինչո՞ւ իշխանությունները պատրաստ չէին, բայց մենք չենք շտապում եզրակացություններ անել, դեռ պետք է ավարտվի նախաքննությունը: Առճակատումը ձեռնտու էր միայն օտար ուժերին, մեկ էլ՝ իր ժողովուրդն ու երկիրը չսիրողին կամ՝ նրա շահը չգիտակցողին: Այդ արյունն ու առճակատումը արտաքին միջամտության դուռ բացեցին, թուլացրեցին մեր պետությունը»: Ըստ ՀՅԴ ղեկավարի, ՀՀ-ում տեղի ունեցածը գունավոր հեղափոխության փորձ էր. «Աշխարհում ձեւավորվում է մի ուժ, որը հավակնում է բոլոր ժողովուրդների հարցերը ենթակա դարձնել իր շահին ու նպատակներին: Սա միայն մեր երկրի իրականությունը չի, այսպիսին է ժամանակաշրջանը: Նրանք աշխատում են միջազգային NGO-ների, հիմնադրամների, ինստիտուտների անունով (ավելի ուշ լրագրողների խնդրանքին՝ կոնկրետացնել այդ միտքը, հնչեցրեց «Ֆրիդոմ Հաուզի» եւ NDI-ի անունները- Մ. Ե.): Նրանց թիրախն են ամբողջական ազդեցությունից դուրս երկրները»: Միջանկյալ նկատենք՝ ուղղակի հետաքրքիր է, որ տարիներ շարունակ դրսից ֆինանսավորվելու մեջ մեղադրվող Դաշնակցությունն է այսպիսի մեղադրանքներ հնչեցնում այլ ուժերի հասցեին: Հրանտ Մարգարյանի կարծիքով՝ արտաքին ճնշումները նոր թափ են ստացել. «Նրանք ներքին ճակատում ձեւավորել են մի ուժ կամ ցանց՝ բերդը ներսից գրավելու: Մեր ձեռքով մեր պետականությունը խեղճացնելու ծրագիր է իրականացվում»: Եվ միայն այս ամենի դեմն առնելու համար է, որ ՀՅԴ-ն «թիկունք է կանգնել մեր պետականությանը» եւ ստորագրել կոալիցիոն հուշագիր: Իսկ ԵԽԽՎ 1609 բանաձեւում, ինչպես պնդում է ՀՅԴ լիդերը, նոր բան չկա, քան այն, ինչ մինչ այդ բանաձեւի հայտնվելն արդեն կար կոալիցիոն հուշագրում. «Ինչո՞ւ չեն ուրախանում կոալիցիոն հուշագրով, որի ոգուն եւ տառին մենք հետեւելու ենք՝ անկախ Եվրոպայից»:

Ընդհանուր ժողովի պաշտոնական բացման ավարտին «Առավոտը» հետաքրքրվեց՝ համամի՞տ է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Հրանտ Մարգարյանի զեկույցի այն հատվածներին, որտեղ գնահատականներ են տրվում Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ ընդդիմության շարժմանը: Գագիկ Ծառուկյանն ասաց. «Ամեն մեկն իր կարծիքն ունի, իր գաղափարն ունի»: Հրանտ Մարգարյանը պատասխանեց նաեւ լրագրողների հարցերին, բայց խուսափեց «Առավոտի» հարցից՝ ինքն իր համար փորձե՞լ է պարզել, թե ի վերջո ով էր մարտի 1-ի զոհերի հիմնական մեղավորը: Ավելի ճիշտ՝ ասաց հետեւյալը. «Զոհերի մեղավորը ես չեմ կարող ասել, դա դատախազությունը կասի, եւ այդ սովորությունը վերջացրեք, որ ամեն մեկս դատավորի եւ դատախազի դեր տանենք»:

Հ. Գ. Դաշնակցության ժողովի հրապարակային մասն այսպիսով ավարտվեց: Մնացյալը՝ Ծաղկաձորում եւ փակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել