Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՍԱԴՐՈՂ ԽՈՒՄԲԸ» ՎԱՆՈՅԻ ԹԻԿՆԱԶՈ՞ՐՆ ԷՐ

Մայիս 22,2008 00:00

\"\"Նախաքննության մարմինը փորձում է ամեն գնով առաջ տանել այս վարկածը՝ որպես ապացույց մատնացույց անելով «կարմիր երիզներով սպորտային շորը»:

Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչ Վարդան Ղավալբաբունցին կալանավորել են մարտի 16-ին՝ իրենց շենքի բակից: «Ծաղկազարդի օրը գնացել էինք եկեղեցի, վերադարձանք՝ դեռ չէինք հասցրել մեքենայից դուրս գալ, հենց բակում ձեռքերը ոլորեցին ու քրեական հանցագործի նման տարան: Երեխաները, որ մեզ հետ էին, մի քանի ժամ ուշքի չէին գալիս կատարվածից»,- պատմում է Վարդանի կինը՝ Սոնան: Վարդանին նախ տարել են ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին, մի քանի ժամ հետո տեղափոխել են ՀՀ գլխավոր դատախազություն: Սոնան պնդում է, որ ամուսնուն դատախազությունում մի քանի ժամ շարունակ դաժան ծեծի են ենթարկել: Վարդանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրօրի 225 հոդվածի 2-րդ մասով՝ զանգվածային անկարգություններին մասնակցություն: Ողջ քրեական գործի հիմքում ընկած են մարտի 1-ի դեպքերի լազերային դիսկը եւ տուժող հանդիսացող ոստիկանի ցուցմունքը: Հետաքրքիրն այն է, որ մեղադրականում չկա Քրօրի 316 հոդվածը՝ ոստիկանին մարմնական վնասվածք հասցնելը, սակայն գործի էությունն այն է, որ Գուգարքի ոստիկանության աշխատակցին մարմնական վնասվածք է հասցվել, եւ, ըստ նախաքննության մարմնի՝ դա արել է Վարդան Ղավալբաբունցը: Ապացույցները, ըստ Վարդանի շահերի պաշտպան Հարություն Բաղդասարյանի, հաստատողական չեն. «Կադրերում Վարդանը երեւում է, բայց որ ինքը որեւէ գործողություն է կատարում՝ չկա: Ողջ հարցն այն է, որ կադրեր կան, որտեղ Վարդանը Նիկոլ Փաշինյանի, Սուրեն Սիրունյանի հետ է, իհարկե՝ որոշակի հեռավորությամբ, բայց նախաքննության մարմինը գտել է, որ նրանք իրար հետ են եղել եւ որոշակի գործողություններ են կատարել»: Կնոջ պնդմամբ, Վարդանը մարտի 1-ին ընդամենը մի քանի ժամ է անցկացրել Մյասնիկյանի արձանի մոտ, այն էլ՝ ցերեկը, երեկոյան 20-ին իրենք ընտանիքով ընթրել են: «Տեսաերիզում պարզ երեւում է. ոստիկանին որ ծեծում են՝ ամուսինս դուրս է հանում նրան: Բայց քանի որ այդ ոստիկանն էլ իրենց նման ծախված է՝ ասել է, որ բոլորն էլ իրեն ծեծել են, ոչ մեկը չի պաշտպանել»,- պատմում է Սոնան: Իսկ փաստաբանը հավելում է. «Մենք կադրեր ունենք, որ Վարդանն էլ է հարվածներ ստանում, երբ փորձում է ոստիկանին օգնել: Բայց նախաքննության մարմինը գտել է, որ եթե Վարդանը ոստիկանին ծեծելու վայրում է եղել, այն էլ՝ կարմիր երիզներով սպորտային հագուստով, ինքն էլ ժամանակին Վանո Սիրադեղյանի թիկնազորից է եղել, ուրեմն ինքն էլ ոստիկանին ծեծել է: Բայց եթե ոստիկանը կիսաուշագնաց ընկած է եղել՝ օբյեկտիվորեն չէր կարող տեսնել իրեն ծեծողներին»: Իսկ առերեսման ժամանակ տուժող ոստիկանը ճանաչել է «իրեն ծեծող» Վարդանին: «Ամեն դեպքում, նախաքննության մարմինն ում բերում է առերեսման՝ «տուժողը» ճանաչում է հենց «մեղադրյալին»: Նման դեպքերն այս գործերում շատ են: Բայց նախաքննության մարմինը որեւէ կերպ չի փորձում պարզել, թե Գուգարքի ոստիկանության աշխատակիցն այդ օրը, այդ ժամին ի՞նչ գործ ուներ Երեւանում. օրինակա՞ն էր, հրամանո՞վ էր, որոշմա՞մբ էր, չկա: Ոստիկանի ցուցմունքում եւ առերեսման ժամանակ նա ասում է՝ եկել էինք հերթապահության եւ մեր օրինական գործողություններն իրականացնելու: Նախաքննության մարմինը չի պարզաբանում՝ հատկապես ինչ գործողությունների մասին է խոսքը»,- տարակուսում է Հ. Բաղդասարյանը, համոզված հայտարարելով, որ ոստիկանության «ապօրինի կամ ինքնիրավչական գործողությունների արդյունքում են տեղի ունեցել այդ հասարակական անկարգությունները»: Նա հավանական է համարում, որ ոստիկանների սպառնալիքների արդյունքում են մարդիկ վրդովվել, մինչդեռ որեւէ մեկը նեղություն չի կրում սկզբնաղբյուրը բացահայտելու համար, այլ գտնում են տվյալ տարածքում եղած մարդու եւ «օբյեկտիվ մեղսայնացմամբ» նրան պատասխանատվության կանչում:

Հետաքրքիրն այն է, որ, ըստ նախաքննության մարմնի, հենց կարմիր երիզներով սպորտային շոր հագած մարդիկ են եղել այն սադրիչ խումբը կամ խմբերից մեկը, որոնց այդ օրն այդ վայրում գտնվելու մասին խոսում են բոլորը: «Եկան տունը խուզարկեցին, ոչ մի բան չգտան, կարմիր սպորտային շոր ունի Վարդանը, դրանից կառչեցին ու ուզում էին «սարքել», որ այդպիսի խումբ է եղել, ինքն էլ եղել է ղեկավարը: Ու իբր էդ խումբը հրահրողներ են եղել: Առաջին հարցը, որ տվել են ինձ հարցաքննության ժամանակ՝ ո՞ւմ ես ճանաչում Վանոյի տղերքից, էլ ո՞վ է իրենց հետ աշխատել: Ո՞ւմ հետ է շփվում Վարդանը հիմա: Ասում են՝ «Ճտին» (Սուրեն Սիրունյան-Ն. Գ.) էլ ենք տարել էնտեղ, Սամվելին էլ՝ թող գնան ընկերներով հավաքվեն: Տեսան՝ չեն կարողանում «սարքել», երեք օրը մեկ զանգում էին տուն, մեզ ասում՝ համոզեք թող մեղադրանք վերցնի իր վրա: Մենք էլ ասում ենք՝ եթե մեղավոր է՝ դատեք, եթե՝ ոչ, ինչո՞ւ ուրիշի մեղքն իր վրա վերցնի»,- պատմում է Սոնան, ով լուրջ կասկածներ ունի, որ իրենց տված ցուցմունքները նախաքննության մարմինը փոխել է: Ի դեպ, հարազատների հարցաքննությունը փաստաբանը որակում է «նախաքննության մարմնի կողմից ճնշում» եւ հիշեցնում, որ նրանք իրավունք ունեն ընդհանրապես հրաժարվել ցուցմունք տալուց կամ արդեն տրված ցուցմունքից: Այս ամիսների իր պրակտիկայից ելնելով, փաստաբանը հայտարարում է. «Հայաստանում դատական համակարգ գոյություն չունի, այն ընդամենը դատախազության շտամպ դնող մարմին է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել