Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԹԵԼԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՀԱՋՈՂ ԷՐ ԱՆՑԵԼ

Մայիս 21,2008 00:00

Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում լսվեց Պետրոս Մակեյանի, Աշոտ Զաքարյանի եւ Շոթա Սաղաթելյանի գործը: Վկաների ցուցմունքներն անելանելի կացության մեջ դրեցին քաղաքական պատվեր իրականացնողներին: Բոլոր վկաները միաբերան պնդեցին, որ նախաքննական ցուցմունքները «ծայրից ծայր» թելադրված են կամ քննիչների ձեռքով գրված: Նրանցից մեկը՝ Գյումրիի թիվ 41 դպրոցի ուսուցիչ Լյուքսեն Մելիքյանը հայտարարեց, որ ցուցմունքում տեղ գտած բառերը չեն համապատասխանում իր «լեքսիկոնին», եւ քանի որ ինքը չի սիրում, երբ իրեն թելադրում են, ուստիեւ քննիչին «զզված» խորհուրդ է տվել անձամբ գրել, ինքն էլ ստորագրել է. «Ես այնքան վրդովված էի ինձ թելադրություն տալուց, որ մտածում էի շուտ դուրս գալ դատախազությունից, եւ եթե անգամ այդ պահին ստորագրել տային մեկի մահախոսականը, հնարավոր է, որ ստորագրեի»: Նա դատախազության շենքը համեմատեց Գյումրիի «Ֆեզեի»՝ ռուս անբարո կանանց հատկացված հանրակացարանի շենքի հետ՝ հասկացնել տալով, որ Գյումրիում այդ երկու կառույցներ մտնելը խայտառակություն է համարվում: Հաջորդ վկան՝ Ճարտարագիտական համալսարանի դոցենտ Հովհաննես Կիրակոսյանը հայտարարեց, որ ինքը տվյալ տեղամասում գրեթե չի մնացել. «Ինձ քննիչը հորդորեց ցուցմունք տալ, որպեսզի գործը փակվի գնա: Ես ստորագրել եմ, բայց խոստովանում եմ՝ ոչինչ չեմ տեսել: Ինչ իմանայի, որ դա անում էին գործ սարքելու համար: Երբ վերջերս իմացա այդ մասին, ուզում էի գնալ դատախազություն՝ քննիչից պատիվ պահանջել, շրջապատս չթողեց»,- ասաց նա՝ ներողություն խնդրելով ամբաստանյալներից: Նույնը պնդեցին նաեւ մյուս վկաները: Փաստաբան Գրիշա Մանուկյանը միջնորդություն ներկայացրեց գործը կարճելու՝ ասելով, որ այն ապօրինի է: Դատավարությունն ընդմիջվեց ժողովրդի ճնշման ներքո: Դատը կշարունակվի այսօր:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել