Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՎԱՐՉԱՊԵՏԸ ՔՐԻՍՏՈՍԻ ԱՌԱՔՅԱԼԸ ՉԷ»

Մայիս 21,2008 00:00

\"\"Նրան արդարացնում է գրող Հովհաննես Գրիգորյանը, իսկ Արեւշատ Ավագյանը, ընդհակառակը՝ գոհ չէ Տիգրան Սարգսյանից:

Երեկ «Հայելի» ակումբի հյուրերն էին Մշակույթի հայկական ֆոնդի նախագահ, գրող, հրապարակախոս Արեւշատ Ավագյանը եւ գրող Հովհաննես Գրիգորյանը: Նրանք խոսեցին օրեր առաջ ԵՊՀ դասախոս Կարլեն Մատինյանի՝ դրամաշորթության մեղադրանքով ձերբակալության եւ մշակութային խնդիրների մասին: Հյուրերը ողջունեցին այն փաստը, որ իշխանությունները սկսել են գործնական քայլերով պայքարել կաշառակերության դեմ: Սակայն նրանց մոտ մի շարք «ինչուներ» են առաջացել: «Ինչո՞ւ հենց ԵՊՀ-ում դա տեղի ունեցավ, երբ ավելի հայտնի կաշառակերները այդպես էլ չեն բացահայտվում: Ինչո՞ւ անպայման ավելի փոքր մակարդակի կաշառակերը պիտի առաջին հերթին պատժվեր, երբ կաշառակերությամբ «հագեցած» է արդարադատության բնագավառը: Ինչո՞ւ կաշառք վերցնելիս չի բռնվում որեւէ դատախազ, կաշառակեր դատավոր, մաքսավոր, հարկահավաք»,- նկատեց Ա. Ավագյանը: Իսկ Հ. Գրիգորյանի համոզմամբ՝ կաշառակերությունը կա եւ կլինի. «Այն ռոմանտիզմի վրա, որ խոսքով, քննադատելով կարելի է ինչ-որ բան փոխել, 20-րդ դարի սկզբին սառը ջուր լցվեց, երբ համաշխարհային պատերազմը սկսվեց եւ բոլոր գրողները, նկարիչները, որոնք պայքարում էին պատերազմի դեմ, հասկացան, որ իրենց արածը որեւէ կոպեկի արժեք չունի: Երբ ժողովրդի բարեկեցությունն ընկնում է, նրա բոլոր տեսակի թերությունները ջրի երես են դուրս գալիս: Եթե անգամ աստվածաշնչյան խոսքը մեզանում չի կատարվում, ի՞նչ կարող է անել մամուլի, ամենատաղանդավոր գրողի խոսքը»: Այն հարցին, թե հավատո՞ւմ է արդյոք «կաշառակերների որսի» գործընթացի շարունակականությանը, Հ. Գրիգորյանը պատասխանեց՝ գովելով վարչապետ Տիգրան Սարգսյանին. «Այո, քանի որ մեր կառավարության ղեկավար է ընտրվել սկզբունքային մարդ, որի համար շատ ուրախ եմ: Արդեն սկսվել են հարկայինի, մաքսայինի մաքրումները: Չեմ կարծում, որ վարչապետին կամ այլ պաշտոնյաների ձեռնտու է կաշառակերությունը»:

Լրագրողներից մեկը գրողին հիշեցրեց այն, որ Տ. Սարգսյանը տառացիորեն վերջերս արդարացրել է Սյունիքի մարզպետին, որը համարյա մահվան դուռն էր հասցրել երեխային: «Իսկ մինչեւ վարչապետը՝ դատավոր, դատախազ չկա՞ր: Եկեք ոչ մեկս մեզ դատախազի տեղ չդնենք,- արձագանքեց Հ. Գրիգորյանը եւ հավելեց,- հավատը սար ու լեռ է շրջում, հավատանք՝ եւ կլինի: Բացի այդ, ես չասացի, թե Տիգրան Սարգսյանը Քրիստոսի առաքյալներից է: Անթերի մարդիկ չկան, երեւի նա էլ թերություններ կունենա»:

Այս կապակցությամբ Ա. Ավագյանը հիշեց Տ. Սարգսյանի «անցյալից» մի դրվագ. «Տիգրան Սարգսյանի ժամանակ չէ՞ր, որ ազգային բանկի ոսկիները վաճառվեցին, ինչը մինչեւ օրս չի բացահայտվել: Առաջին հերթին ինքը պիտի պատասխան տար դրա համար, հետո վարչապետ նշանակվեր: Պետք է համակարգված ազգային ծրագիր ունենանք, առաջնորդվենք ազգային գաղափարաբանությամբ եւ այդ հարցերը միանգամից կլուծվեն: Ցավոք, ունենք լավ մտավորականներ, որոնց ճանապարհը փակված է արդարության առաջ»: Հ. Գրիգորյանը շտապեց պաշտպանել վարչապետին. «Այդ ոսկիների համար պատասխանատու է ամբողջ կառավարությունը: Բանկի կառավարիչն ընդամենը կատարող մարդ էր: Բայց երբ արդեն ինքն է հրամայող, դա ուրիշ: Մենք ուրիշի համար սարքելու, ծառայելու, ենթարկվելու մեծ վարպետ ենք: Բայց սեփական ղեկավարի, գործընկերոջ հետ աշխատելու սովորություն չունենք… Ինչո՞ւ Միկոյանը կարող էր ղեկավարել մի ահռելի թագավորություն, իսկ Տիգրան Սարգսյանը կամ Սերժ Սարգսյանը չեն կարող ղեկավարել Մոսկվայի մի թաղամասի չափ երկիր»:

Ա. Ավագյանն էլ իր հերթին նշեց. «Տիգրան Սարգսյանի թշնամին չեմ: Ուրախ եմ, որ այժմ փոփոխություններ են կատարվում: Բայց կուզեի, որ նա առաջին անգամ ցուցահանդեսի ժամանակ մեծ-մեծ չխոսեր Վալմարի արվեստի մասին, քանի որ մինչեւ նրան հասնելը՝ շատ ավելի տաղանդավոր նկարիչներ, երաժիշտներ ունենք, որոնք կարիք ունեն օգնության, ցուցահանդես բացելու: Որեւէ արվեստագետի բռնել եւ վարկաբեկելու աստիճան նրան բարձրացնել՝ մյուսների շահերը հաշվի չառնելով, միայն կասկածանք է առաջացնում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել