Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ արդի երաժշտության խնդիրներն ու զարգացումները

Մայիս 21,2008 00:00

\"\"Այս թեման էր ճանաչված արվեստագետների մտահոգության առանցքում

«Առավոտը» տեղեկացրել էր ապրիլի 17-ին մեկնարկած «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական չորրորդ փառատոնի մասին, որը կշարունակվի մինչեւ հունիսի 15-ը: Մեզանում անցկացվող նման միջոցառումների պրակտիկայում առաջին անգամ այս փառատոնի կազմակերպիչները երեկ հրավիրել էին կլոր սեղան-քննարկում՝ «Հայ արդի երաժշտության խնդիրներն ու զարգացումները» թեմայով, որին մասնակցում էին կոմպոզիտորներ, երաժշտագետներ եւ երաժիշտներ: Ներկա էին Հայկական երաժշտական համաժողովի (ՀԵՀ) նախագահ, կոմպոզիտոր Լեւոն Չաուշյանը եւ իր ղեկավարած կազմակերպության անդամներ, երաժշտագետ Մարգարիտ Ռուխկյանը, կոմպոզիտորներ Մարտին Վարդազարյանը, Երվանդ Երկանյանը, ՀՀ երաժշտագետների եւ կոմպոզիտորների միությունից՝ կոմպոզիտորներ Էդվարդ Միրզոյանը, Արամ Սաթյանը, Էդվարդ Սադոյանն ու Վարդան Աճեմյանը, բացակայում էր միության նախագահ Ռ. Ամիրխանյանը: «Ազգային պատկերասրահի» հիմնադիրներ Մարիամ Շահինյանն ու Գարիկ Նազարյանը հայտնեցին, որ փառատոնի առաջին օրերից իրենց կողքին է Հայկական երաժշտական համաժողովը:

Բանավեճի հիմնական թեման պետական երաժշտական կոլեկտիվների կողմից ժամանակակից կոմպոզիտորների երկերին նվազ անդրադարձն էր: «Առավոտի» հարցին, թե ինչո՞ւ է 1994թ. հիմնված ՀԵՀ-ը վերջին տարիներին պասիվացել եւ կգա՞ մի ժամանակ, երբ այն երկխոսության մեջ կմտնի Կոմպոզիտորների միության հետ, ՀԵՀ նախագահ Լ. Չաուշյանը պատասխանեց. «Սկսած 1995թ., վարել ենք համերգային բուռն գործունեություն եւ մինչեւ 2000 թ. կազմակերպել 54 համերգ: Վերջին տարիներին մեր կազմակերպությունը զբաղված է հրատարակչական աշխատանքներով, որը հնարավորություն է տալիս ժամանակակից կոլեգաներիս ներկայացնել արտերկրում: Այս պահին ընթանում են համաժողովի անդամ կոմպոզիտորների ստեղծագործությունների ձայնագրման աշխատանքները, ինչը մոտ ապագայում կստանա CD-ի տեսք: Ինչ վերաբերում է Կոմպոզիտորների միության հետ Համաժողովի համագործակցությանը, սպասում ենք միության կողմից հրավիրվելիք հերթական համագումարին»: Կոմպոզիտորների միության վերջին համագումարը կայացել է 2004թ.: Անդրադառնալով «Ազգային պատկերասրահ» փառատոնին, պարոն Չաուշյանը կարծիք հայտնեց, որ «Բաբաջանյան» համերգասրահը, որը ժամանակին տրվել է քաղաքապետարանին, ճիշտ կլիներ դարձնել փառատոնային դահլիճ. «Ոչինչ չունեմ հակառակը ասելու, թե ինչու ժամանակին մշակույթի նախարարությունից փոքր դահլիճը փոխանցվեց քաղաքապետարանին: Հիմա էլ թող նրա ենթակայության տակ լինի, բայց «Բաբաջանյանում» կազմակերպված միջոցառումների գծով՝ ինձ եւ համախոհներիս չի բավարարում այնտեղ տարվող համերգային քաղաքականությունը»:

Պետական երաժշտական կոլեկտիվների կողմից ժամանակակից կոմպոզիտորների երկերին չանդրադառնալու մասով թավջութակահար Ա. Թալալյանը ասաց. «Կոլեկտիվները պետք է ունենան պետական քվոտա եւ չկատարեն միայն իրենց մտերիմների գործերը»: Ջութակահար Վիկտոր Խաչատրյանն էլ նկատեց, որ այսօր ծնվող ոչ բոլոր ստեղծագործություններն են բարձր մակարդակի եւ նշեց, որ կյանքի պետք է կոչվեն միայն բարձրակարգ երկերը. «Այստեղ մեծ է երաժշտագետների դերը: Նրանք պետք է հանրությանը ուղղորդեն դեպի բարձրակարգ արվեստ»: Կոմպոզիտոր Մ. Վարդազարյանն էլ հայտնեց. «Յուրաքանչյուր ստեղծագործության ճանապարհը՝ դեպի կյանք, երկար է եւ դա է պատճառը, որ ոչ բոլորն են հասնում ֆինալին»:

Կոմպոզիտոր Ա. Սաթյանն էլ համոզված է, որ նախարարությունը պետք է ստանձնի գլխավոր մենեջերի դեր. «Օրինակ, «Ազգային պատկերասրահ» փառատոնի շրջանակներում կուզեի, որ հրավիրվեին նաեւ պրոդյուսերներ, հրատարակիչներ եւ շփվեին մեր երաժիշտների ու ստեղծագործողների հետ…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել