Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՆԱՄԻԱԲԱՐԵԿԱՄԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մայիս 21,2008 00:00

\"\"ԵՊՀ-ում դրան նորմալ են վերաբերվում

Շուտով կլրանա ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի պաշտոնավարման 2 տարին: Մի խումբ համալսարանականներ «Առավոտին» դժգոհեցին, որ այդ ընթացքում բազմաթիվ աշխատակիցներ ազատվել են աշխատանքից՝ թոշակի անցնելու պատրվակով, աշխատանքի են ընդունվել ուսանող-աշխատակիցները, որոնք ամեն ինչ հարմարեցնում են իրենց անձնական գրաֆիկներին: «Երեւանի պետական համալսարանն այսօր վերածվել է ընտանեկան, խնամիաբարեկամական համալսարանի»,- նեղսրտեց մի համալսարանական եւ ասածը հաստատեց կոնկրետ օրինակներով: Օրինակ, հետբուհական կրթության վարչությունում Ժասմինա Աղասյանի ենթակայությամբ աշխատում է քույրը՝ Ասյան, ուսումնական վարչության պետ Հրանտ Ժամհարյանի կինը՝ Հասմիկ Մովսիսյանը: Հ. Ժամհարյանի վարչությունում են ավագ տեսուչ Զառա Առաքելյանը եւ ավագ դիսպետչեր Նառա Գրիգորյանը: Ընդ որում, Զառան փոխարինում է եղբոր կնոջը եւ տեսչություն է անում փիլիսոփայության ֆակուլտետում, որտեղ են իր հայրն ու մորաքրոջ ամուսինը: Ստացվում է, որ նա վերահսկում է իր հարազատներին:

Ինչ վերաբերում է Նառային, նա մինչեւ վերջերս բարձրագույն կրթություն չուներ եւ նոր-նոր ընդունվել է բանասիրական ֆակուլտետի հեռակա բաժինը: ԵՊՀ ուսումնական վարչությունում աշխատում են եղբայրներ Արմեն եւ Կարեն Սանթրոսյանները, որոնց հայրը՝ Սարգիս Սանթրոսյանը ֆիզկուլտ ամբիոնի դասախոս է: Ըստ մեր աղբյուրի, այս եռյակը մեծ դեր է ունեցել նախընտրական գործողությունների ժամանակ՝ հօգուտ ՀՀԿ-ի ու նրա լիդերի: ԵՊՀ-ում են աշխատում արտասահմանյան քաղաքացիների նախապատրաստական ֆակուլտետի դեկան Լեոնարդ Շեկյանը, նրա խնամին՝ հասարակագիտության ամբիոնի վարիչ Կամո Աթայանը: Կ. Աթայանի կինը հասարակագիտության ամբիոնի, իսկ նրանց ասպիրանտ որդին՝ Արան, ուսումնական վարչության աշխատակիցներ են: Կենտրոնական մասնաշենքի պարետ Մասիսը կնոջ եւ դստեր հետ է աշխատում ԵՊՀ-ում: Բուհի գիտական բաժնի պետ Հայկազ Հովհաննիսյանի դուստրը ԵՊՀ թանգարանում է աշխատում, պատմության ֆակուլտետի փոխդեկան Էդիկ Մինասյանի եղբոր աղջիկը՝ նույնպես: Կարճ ասած՝ ԵՊՀ-ում բոլորն իրար բարեկամ են: Եվ այս ցանկը դեռ կարելի է շարունակել…

ԵՊՀ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Կարեն Գրիգորյանը «Առավոտին» հայտնեց, որ կամայականորեն որեւէ մեկին աշխատանքից չեն ազատել. «Ազատվել է 70-ից բարձր տարիքի ուսումնաօժանդակ անձնակազմի մոտ 60 ներկայացուցիչ: Ռեկտորը իր ասուլիսում էլ է անդրադարձել այդ խնդրին, ասելով, որ մենք, խրախուսելով երիտասարդ կադրերի առաջխաղացումը եւ գիտությամբ զբաղվելը, նրանց միշտ էլ տեղ ենք տալիս: Երիտասարդը մինչ դասախոսական աշխատանքի անցնելը՝ պիտի լինի լաբորանտ, կես դրույքով աշխատող եւ այլն, իսկ եթե որեւէ ամբիոնում կան մարդիկ, որոնք առավոտից երեկո սուրճ են խմում եւ մեզ անհայտ, ոչ ամբիոնի գործերով զբաղվում, իհարկե պիտի ազատվեն աշխատանքից, նրանց էլ փոխարինեն երիտասարդները»: Դառնալով վաստակաշատ դասախոսների դասերի ընթացքն ու հաճախելությունը վերահսկող նորաթուխ ուսանող աշխատակցին, Կ. Գրիգորյանն ասաց. «Ինչ անենք, մարդ է, որը հսկողություն է իրականացնում…հո դոկտոր-պրոֆեսո՞րը չի վերահսկի: Զարմանում եմ, որ մարդիկ նման հարցերով փոխանակ արհկոմին դիմելու, թերթերին են դիմում»: ԵՊՀ-ում տիրող խնամիաբարեկամական մթնոլորտի մասին էլ ասաց, որ 3,500-4000 մարդ է աշխատում, ու ինքը չգիտի, թե ով ում բարեկամն է. «Մյուս կողմից էլ, եթե կան դեպքեր, երբ ամուսինն ու կինը, կամ հայրն ու դուստրը, կամ մեկ ուրիշ հարազատը աշխատում են համալսարանում, նույն կամ տարբեր ամբիոններում, եւ գործը չի տուժում, շահերի բախում տեղի չի ունենում, ուրեմն դրա մեջ ոչ մի վատ բան չկա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել