Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազությունն արհամարհո՞ւմ է դիմումը

Մայիս 21,2008 00:00

Մաքսիմ Գաբրիելյանի բազմաթիվ դիմումները՝ կապված սեփականությունը կորցնելու հետ, պետական մարմիններում մատնվել են անուշադրության:

Նախկին Շահումյանի անվան կոլտնտեսության ակումբի մի մասը, որը ծառայել է որպես արհեստանոց, 25.10.1992թ. երկու տարի ժամկետով վարձակալական իրավունքով տրվել է Մաքսիմ Գաբրիելյանին: Այնուհետեւ Երեւան քաղաքի ժողովրդական պատգամավորների Շահումյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեն 05.10.95թ. որոշմամբ բավարարել է վարձակալ Մաքսիմ Գաբրիելյանի խնդրանքը եւ արհեստանոցը սեփականաշնորհել է նրան, որը հաստատվում է նաեւ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երեւանի Աջափնյակ-Դավիթաշեն տարածքային մարմնի ղեկավարի գրությամբ:

Սեփականաշնորհման որոշումից հետո Մ. Գաբրիելյանը դիմել է պետական կառավարման համապատասխան մարմնին՝ անշարժ գույքի նկատմամբ իր իրավունքը գրանցելու համար: Նա կատարել է անհրաժեշտ վճարումները: Սակայն, ինչպես պարզվում է, պետական գրանցումը չի իրականացվել, քանի որ արհեստանոցը քանդված է եղել: Դեռեւս 1997 թվականին Մալաթիա-Սեբաստիա համայնքի ղեկավար Վ. Զատիկյանը «Ագրոմիավորում» ՓԲ տնօրեն Սողոմոնյանին ուղարկված գրության մեջ նշել էր. «1991 թ. Շահումյանի անվան կոլտնտեսության լուծարումից հետո ակումբը հանձնվել է Շահումյանի շրջանի գործկոմին, իսկ նրան կից արհեստանոցը սեփականաշնորհվել է Մաքսիմ Գաբրիելյանին: Այդ երկու կառույցները ձեր կողմից քանդվել են եւ մնում են ավերված վիճակում առայսօր: Խնդրում եմ վերականգնեք շինությունը, ինչպես եղել է»:

2001թ. Մ. Գաբրիելյանը նորից քայլեր է ձեռնարկել, որպեսզի գրանցի անշարժ գույքի նկատմամբ իր իրավունքները: Այս անգամ էլ պարզվել է, որ այդ տարածքն արդեն իսկ սեփականաշնորհվել է որպես անավարտ շինություն եւ այն հանդիսանում է «Ագրոսպասարկում» ՓԲԸ-ի սեփականությունը (տարբեր անուններով նշված «Ագրոմիավորումն» ու «Ագրոսերվիսը» նույն կազմակերպություններն են):

Մ. Գաբրիելյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ ինքը քաղաքից բացակայում էր, երբ տեղեկացել է, որ «Ագրոսերվիսի» նախկին տնօրեն Վանիկ Սողոմոնյանքանդել է արհեստանոցը եւ թալանվել են արհեստանոցի բոլոր սարքավորումները. «Սողոմոնյանին զգուշացրել եմ, որ իր քանդածը վերականգնի՝ վկայական ստանամ: Խոստացավ նույն թվի սեպտեմբերին վերանորոգած արհեստանոցն ինձ հանձնել, բայց խաբելով՝ մինչեւ օրս վկայական չեմ ստացել: Դիմել եմ հանրապետության նախագահին, ԱԺ նախագահին, գլխավոր դատախազին, վարչապետին եւ այդպես էլ ոչ մի արդյունքի չեմ հասել: Տարածքը Սողոմոնյանին սեփականաշնորհելը խաբեություն է եղել, քանի որ կեղծ փաստաթղթերով ու որոշումով է կադաստրին դիմել: Բոլորին թյուրիմացության մեջ է գցել, թե դա իր տարածքն է»: 72-ամյա Մ. Գաբրիելյանը երկրորդ կարգի հաշմանդամ է: Նա դժգոհեց, որ մեր երկրում օրենքները չեն գործում եւ չկա արդարություն: «Ես այլ ելք չունեմ, եթե ձեր թերթի միջոցով էլ արդյունքի չհասնեմ, կթողնեմ այդ տարածքը Սողոմոնյանը վայելի»,- ավելացրեց նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել