Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՅԱԼ ՉԿԱՅԱՑԱՎ

Մայիս 21,2008 00:00

Հրավիրյալներից ոչ մեկը չարձագանքեց «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հրավերին՝ քննարկել ճգնաժամի հանգուցալուծմանն ուղղված գործողությունները:

«Ժառանգություն» կուսակցության քաղաքական քարտուղար Վարդան Խաչատրյանը (լուսանկարում) երեկ իզուր էր սպասում Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի նախասրահում, որտեղ պիտի դիմավորեր Լեւոն Տեր-Պետրոսյանին, Սերժ Սարգսյանին, Գագիկ Ծառուկյանին, Արմեն Ռուստամյանին եւ Արթուր Բաղդասարյանին: Այս գործիչներին նախօրեին ՌԱՀՀԿ էր հրավիրել Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հիշեցնելով, թե երկխոսության մասին խոսում են բոլորը, «սակայն խոսքը գործի չի վերածվում»:

Լեւոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումն այս առնչությամբ հրապարակել էր նրա խոսնակը՝ երկխոսություն սկսելու համար առաջադրված նախապայմաններից ոչ մեկը չի կատարվել: Եվ եթե դրանցից անգամ որեւէ մեկը կատարված լիներ, ասենք՝ քաղբանտարկյալներն ազատված լինեին, ըստ Արման Մուսինյանի՝ իրենք կմասնակցեին քննարկումներին: ՕԵԿ-ի եւ ԲՀԿ-ի ներկայացուցիչները «Ժառանգության» ղեկավարի հրավերի առնչությամբ նշել էին, թե նամակներով խոսելու գործելաոճն անընդունելի է: Համանման էր նաեւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի արձագանքը, որը լրագրողներին ասել էր. «Չեմ կարծում, որ հանրապետությունում ամենաքիչ զբաղված մարդիկ են նրանք, ում դիմել է պրն Հովհաննիսյանը, որովհետեւ ամեն մեկն իր օրակարգն ունի ու ծանրաբեռնվածությունը: Նախ միջնորդը պետք է հոգ տանի, որ նախնական համաձայնություններ լինեն, ոչ թե նամակի միջոցով փաստի առաջ կանգնեցնի»:

Վարդան Խաչատրյանն «Առավոտի» հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում այն պատճառաբանություններին, որոնցով կողմերը հրաժարվեցին մասնակցել հանդիպմանը՝ պատասխանեց. «Նախ եւ առաջ կցանկանայի նշել մեր խորը մտահոգությունը հանրապետությունում ստեղծված իրավիճակով: Եվ մեր ու հնչեցված ընկալումների միջեւ կան արմատական տարբերություններ: Ես մանրամասնորեն դեռ տեղյակ չեմ այս առումով Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնորոշմանը: Բայց մնացած կարծիքներն ինձ իրոք խորը մտահոգեցին: Մենք գտնում ենք, որ գործում ենք ներքին եւ արտաքին հասարակական ու միջազգային սպառնալիքների ներքո, իսկ մեր գործընկերների մոտեցումներում նկատելի է, թե դրանք համարում են ընդամենը թեթեւակի մարտահրավերներ: Մենք չենք գտնում, թե ստեղծված իրավիճակն այնպիսին է, որ կարելի է ձեւայնացման խնդիրների շուրջ եւս քննարկումներ անցկացնել՝ հրապարակա՞վ է առաջարկ արվել, թե՞ SMS-ներով: Ուղղակի հայտնեմ, որ հրապարակավ էլ է առաջարկ արվել՝ նախագահի նստավայրում խորհրդակցության ընթացքում: Ու չգիտեմ, թե ինչու շեշտը դրվեց նամակի վրա, որն իր մեջ ներառում էր օրակարգը՝ հնարավոր շրջանակն այն հարցերի, որոնցից պիտի սկսվեր քննարկումը»:

Արմեն Ռուստամյանը նաեւ ասել էր. «Դեռ ամենագլխավոր հարցի պատասխանը չի տրված. պարոն Հովհաննիսյանը հանդես է գալիս որպես միջնո՞րդ, թե՞ կողմ: Դրանք բոլորովին տարբեր կարգավիճակներ են: Եթե հանդես է գալիս որպես միջնորդ, ապա կարծում եմ՝ կազմակերպելու ձեւը ճիշտ չի ընտրված, որովհետեւ նա պետք է նախապես տեղյակ պահի նման նախաձեռնության մասին»: Եվ կարծիք էր հայտնել, թե Րաֆֆի Հովհաննիսյանն այս դեպքում հանդես է գալիս որպես կողմ, քանի որ պաշտպանել է Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը: Համանման տեսակետ ժամանակին արտահայտել էր նաեւ ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը. «Ինձ համար մի փոքր անհասկանալի է, թե ինչո՞ւ է Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես գալիս որպես միջնորդ, չէ՞ որ ինքը պաշտպանում էր Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Ուրեմն թող ի՛նքը գնա երկխոսության»։ Նաեւ տարակուսանք էր հայտնել. «Եթե կա իրական ցանկություն, որ երկու անձ իրար հետ խոսեն, միջնորդս ո՞րն է»։ Մեր խնդրանքով անդրադառնալով այս հակափաստարկներին՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Ես հարգարժան գործիչների խոսքերը չեմ ուզում մեկնաբանել: Մեր քայլը ոչ միայն քաղաքացիական, քաղաքական մեր պարտքի իրացումն է, այլեւ հասարակական պահանջ: Եվ ուրախ կլինենք, որ ցանկացա՛ծն այս քայլը կատարի եւ առանց պայմանականությունների, զգայնությունների: Հիմա պահն է, որ սեղանի շուրջ նստենք՝ մեր ժողովուրդը դա՛ է պահանջում: Մնացածն այն բացատրություններն են, արդարացումները, որոնք շարունակելու դեպքում Հայաստանը կմնա փակուղում»:

Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած խորհրդակցությանը, որին ներկա էր եղել նաեւ ինքը՝ ասաց, որ թեեւ այն կարեւոր նախաձեռնություն էր, բայց չի կարող փոխարինել հանրային երկխոսության հրամայականին. «Եվ անհրաժեշտ է, որ բովանդակային առաջարկները, որ կան սեղանի վրա՝ համեմատվեն ու քննարկվեն»: Համեմատելով աշխատանքային խմբի եւ իրենց ներկայացրած առաջարկները՝ ասաց. «Կարծում եմ, որ կան առանձին կառուցողական քայլեր իշխանական տարբերակում: Բայց «Ժառանգությունը» ներկայացրել է, իմ կարծիքով, համազգային ճգնաժամի հանգուցալուծման համալիր ծրագիր: Տարբերություններն, իմ կարծիքով, թե՛ բովանդակային են, թե՛ որակական: Եվ իմ կարծիքով, իշխանական առաջարկներում կան կիսաքայլեր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել