Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ծննդաբերությունն ան-վը-ճար է

Մայիս 21,2008 00:00

\"\"Հղիները կստանան մայրության սերտիֆիկատ

Չնայած մեր երկրում ծննդաբերությունն ու հղի կանանց կոնսուլտացիան անվճար են, սակայն երեխայի ծնունդը յուրաքանչյուր ընտանիքի վրա թանկ է նստում: Ամենահամեստ հաշվարկներով՝ հղիությունից մինչեւ երեխայի ծնունդ ընտանիքը վճարում է 150-200 հազար դրամ: Անկախ նրանից, թե առողջապահության նախարարությունը կլինիկաներին յուրաքանչյուր ծննդկանի համար որքան գումար է պետական բյուջեից հատկացնում, բժիշկներն իրենց մաղարիչը, միեւնույն է, պահանջում են: Նկատենք, որ շատ հղիներ անգամ տեղյակ էլ չեն, որ կարող են հանրապետության ցանկացած ծննդատանը ծննդաբերել: Անգամ մասնավոր հիվանդանոցներում ծննդաբերելու պարագայում պետությունը այդ բուժհիմնարկներին փոխանցում է գումարը: Սակայն ըստ մասնագետների, մասնավոր բուժհիմնարկների տնօրինությանն այնքան էլ ձեռնտու չէ անվճար ծնունդ ընդունելը, քանի որ պետության տրամադրած գումարը իրենց կլինիկայում սահմանած գումարի ընդամենը մի մասն է:

Մինչ ոլորտի պատասխանատուները կփորձեն պայքարել կոռուպցիայի դեմ, յուրաքանչյուր նորաստեղծ ընտանիք ամուսնության օրվանից երեխայի ծննդի համար սկսում է գումար հավաքել: Մինչդեռ առողջապահության ոլորտի պատասխանատուները վստահեցնում են, որ ծննդաբերությունը պետբյուջեի հաշվին է: Նշենք, որ ՀՀ նախագահի հրամանով եւ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ պետբյուջեից այս տարի 1 միլիարդ դրամ է տրամադրվել ծննդօգնության համար. ներկայիս ամեն հղիին տրամադրվող 57 հազարը հուլիսի 1-ից կրկնապատկվելու է: Եվ որպեսզի այդ գումարները նպատակին ծառայեն, նախարարությունը հղիներին մայրության հավաստագիր է տրամադրելու: Այսինքն՝ հղիներն այսուհետեւ կարող են հանրապետության ցանկացած ծննդատանը անվճար սպասարկվել: Հղին կարող է սերտիֆիկատը ստանալ այն բուժհիմնարկից, որտեղ հաշվառված է: Նախարարության բժշկական օգնության կազմակերպման վարչության պետ Վահան Պողոսյանի կարծիքով՝ այս ծրագրով պաշտպանված կլինեն թե բժիշկների եւ թե հղիների իրավունքները, եւ լիարժեք կգործի անվճար ծննդօգնության մասին օրենքը. «Հղին բուժհիմնարկ ներկայացնելուց հետո, տվյալ հիմնարկը մեզ է ներկայացնելու այդ հավաստագիրը, ինչից հետո մենք անմիջապես գումարը փոխանցելու ենք: Ընդ որում, անկախ նրանից, թե ծննդկանը 2, թե 10 օր կմնա տվյալ հիվանդանոցում, ամբողջ ծախսերը հոգում է պետությունը: Եվ այսուհետ ծննդկանի հարազատը չպիտի մտածի, որ գնալու է հիվանդանոց ու անպայման փող է տալու բժշկին, բուժքրոջը կամ սանիտարկային, քանի որ այդ փոխանցված գումարով նաեւ սահմանվում է, թե որքան գումար է հատկացվելու բժշկին, բուժքրոջը եւ այլն: Սակայն բոլորը պետք է իմանան, որ ծննդօգնության համար ոչ մի կոպեկ չպետք է ծախսեն, իրենց փոխարեն դա անում է պետությունը»:

Նախարարության պաշտոնյայի հավաստմամբ՝ այդ գումարը պատահական չի որոշվել. «Ամենաթանկ ծննդատունը մոտ 110 հազար դրամ է, իսկ պետության կողմից հատկացված գումարը լիարժեք փակում է այդ ծախսերը: Եթե ծննդկանից կամ հղիից թեկուզ 1000 դրամ էլ ուզեն, սերտիֆիկատի վրա կա թեժ գծի հեռախոսահամարը, կարող է անմիջապես զանգել ու տեղյակ պահել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել