Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ԵՐԿՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀՆ Է

Մայիս 21,2008 00:00

Երեկ խորհրդարանական հայտարարությունների ժամին «Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը հայտարարեց, որ երկրում մարտին կատարված դեպքերի համար պատասխանատուն երկրի երկրորդ նախագահն է՝ Ռոբերտ Քոչարյանը:

Հասարակությունը պետք է պատասխանատվության կանչի նրան. «Մինչ այսօր հասարակությունը չի ստացել պատասխանը, թե ովքեր են այդպիսի խոշոր գործողությունների (որոնք հիմնականում ոստիկանության կողմից էին իրականացվում եւ համեմատելի են միայն արտաքին թշնամու հանդեպ կատարվող գործողություններին) հանցավոր հրամաններ տվողները, որոնցով հասցվել է շատ անգամ ուղղակի անդառնալի վնաս քաղաքացիներին եւ ծառայողներին: ՀՀ սահմանադրությամբ մարդու իրավունքների, ազատությունների եւ օրինականության պահպանման երաշխավոր է հանդես գալիս հենց երկրի նախագահը, եւ հենց երկրի նախագահն է այսօր պատասխանատու այդ բոլոր հանցագործությունների եւ մարդու իրավունքների ոտնահարումների համար: Եվ մինչ այն պահը, երբ ոստիկանությունը, օրինապահ մարմինները, հետաքննչական մարմինները, դատարանները հանդես չեն եկել հասարակության առջեւ կոնկրետ անուններով, մինչ այդ պահը գլխավոր եւ հիմնական պատասխանատուն լինելու է երկրի երկրորդ նախագահը: Այսօրվա գործողությունները, որ իրականացվում են ոստիկանության կողմից, տպավորություն են թողնում, որ նույն ոճը, նույն ձեռագիրը շարունակվում է եւ ոտնահարվում են մարդու տարրական իրավունքները: Ես ուզում եմ հայտարարել, որ հասարակությունը եւ իրավաբանական համայնքը հետամուտ պետք է լինեն պատասխանատվության կանչել երկրի երկրորդ նախագահին՝ Ռոբերտ Քոչարյանին»:

ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Ավագյանը հայտարարեց, որ «ՀՀ կառավարության ծրագրի հռչակած ուղենիշները կյանքի կոչելու դեպքում կարող են լինել իրական հաջողություններ: Այո, գիտելիքի եւ տեղեկատվության վրա կառուցված տնտեսությունը եւ հասարակությունը այլընտրանք չունեն, տեղեկացված եւ քիչ թե շատ բարեկեցիկ ապրող մարդն է ժողովրդավարական զարգացման երաշխիքը»:

«Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը հայտարարեց. «Տեղյակ եմ պահում նախագահ պարոն Սարգսյանին, որ նախորդ տարվա երեք քաղբանտարկյալներին ավելացել են տասնյակները, այդ թվում՝ ԱԺ պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանը, Հակոբ Հակոբյանը, Մյասնիկ Մալխասյանը եւ Սասուն Միքայելյանը: Մեր երկրի միջազգային համարումը բազմաթիվ քաղբանտարկյալների եւ կասկածելի ու շինծու դատավարությունների հետեւանքով խստագույնս տուժել է: Որպեսզի 2008 թվականի մարդու իրավունքների վերաբերյալ սպասվող զեկույցում Հայաստանը չմտնի որպես քաղբանտարկյալներ ունեցող երկիր, պարոն նախագահ, Դուք պարտավոր եք անհապաղ, ուղղակի միջամտել իրավիճակին, ազատել քաղաքական հետապնդվողներին՝ ԵԽ բանաձեւում նշված հանգուցալուծումն ապահովեու համար: Խորհուրդ կտամ անձամբ ներկա գտնվել 1-2 դատավարության՝ համոզվելու համար քաղաքական հետապնդումների շինծու եւ անհիմն լինելու մեջ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել