Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գրիգոր Ոսկերչյանը դիմել է Արմեն Հարությունյանին

Մայիս 21,2008 00:00

\"\"«Ոտքի վրա» առաջադրված հերթական մեղադրանքի եւ ըստ դրա «գործ սարքելու» դեպքերի մասին:

«Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվող քաղկալանավոր Գրիգոր Ոսկերչյանը, որը Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձը եւ Աբովյանի տարածաշրջանի շտաբի պետն էր, մոտ տասն օր առաջ նամակ է հղել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին: Երեկ նամակի մի օրինակը Գ. Ոսկերչյանի հարազատները փոխանցեցին «Առավոտին»: «Իմ քրեական գործի շրջանակներում, ինձ հասած տեղեկություններով, տուժում են բազմաթիվ անձինք: Պարբերաբար ԱԱԾ Աբովյանի բաժանմունք եւ ՀՀ գլխավոր դատախազություն բերման ենթարկվածները հարցաքննվում են օրենքի կոպիտ խախտումներով՝ հայհոյանքներ, սպառնալիքներ, մարդու արժանապատվության եւ ինքնության վիրավորում, ստորացում, առանձին դեպքերում նաեւ ֆիզիկական բռնություն եւ «գործ սարքելու» սպառնալիքներ: Վերոհիշյալ անձինք նրանք են, ում հետ ես առնչվել եմ նախագահական ընտրությունների ընթացքում՝ իմ միանգամայն օրինական գործունեության կապակցությամբ: Նախաքննական մարմինը համոզվելով, որ նախաքննությունն օրինական մեթոդներով տանելու դեպքում հնարավոր չի լինելու որեւէ խելամիտ փաստարկ ներկայացնել՝ բացատրելու համար իմ ապօրինի ազատազրկման շարունակումը, փորձում են սպառնալիքների եւ ֆիզիկական ճնշումների միջոցով կեղծ ցուցմունքներ կորզել կրկնական հարցաքննությունների ժամանակ»,- մասնավորապես ասված է նամակում: Նա ակնկալում է Պաշտպանի «գործուն միջամտությունը վերոհիշյալ անձանց իրավունքների պաշտպանության եւ ապօրինությունների կանխման հարցում»: Հիշեցնենք, որ Աբովյանի նախկին քաղաքապետ Գրիգոր Ոսկերչյանը ազատազրկման մեջ է գտնվում մարտի 8-ից: Մարտի 11-ին նրա նկատմամբ առաջադրվել է հայտնի մեղադրանքը՝ ՀՀ քրօրի 225 հոդվածի առաջին մասով, եւ դատարանի որոշմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը: Գ. Ոսկերչյանը նաեւ հայտարարում է, որ իրեն եւ իր ընկերներին մեղսագրվող հոդվածներն ունեն զուտ քաղաքական դրդապատճառներ: «Հատուկ քննչական ծառայությունում ինձ ձերբակալելու որոշումը կայացվեց այն բանից հետո, երբ պնդեցի, որ տեղի ունեցած ողբերգության պատասխանատուն իշխանություններն են եւ այդ բոլոր դեպքերը ընտրությունների կեղծման հետեւանք են: Ընդ որում, նախապես ցանկություն ունեին ինձ Քրօրի 225 հոդվածի երկրորդ մասով մեղադրանք առաջադրել՝ բռնի ուժով իշխանության տապալում: Սակայն պարզելով, որ մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում չեմ եղել, իսկ երեկոյան Ֆրանսիական դեսպանատան մոտ տեղի ունեցածի ժամանակ որեւէ կերպ չեմ առնչվել ոստիկանների հետ՝ հարմար գտան մեղադրանք առաջադրել Քրօրի 225 հոդվածի առաջին մասով՝ կազմակերպում»,- ասված է քաղկալանավորի նամակում:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից «Առավոտը» հետաքրքրվեց՝ ստացե՞լ են, արդյոք, հիշյալ նամակը եւ ի՞նչ ընթացք է տրվել դրանում բարձրացված հարցերին: Գրասենյակի մամուլի պատասխանատու Գրիգորի Գրիգորյանը պարզաբանեց, որ նամակը նոր են ստացել եւ մակագրված է համապատասխան բաժնին, սակայն իրենք փաստացի մերժելու են նամակը, քանի որ նրանում առկա չեն կոնկրետ տվյալներ, ինչի հիման վրա իրենք կկարողանան համապատասխան գործողություններ ձեռնարկել: Միակ բանը, որ կարող են անել՝ «մերժողական» պատասխանում պետք է խնդրեն, որ մարդիկ՝ ովքեր հարցաքննվել են, սպառնալիքների ենթարկվել, խոշտանգվել եւ այլն՝ անձամբ ներկայանան Պաշտպանի գրասենյակ:

Նկատենք, որ դեպքերի մեծամասնության առիթով մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել