Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ ԲԱՆԱՁԵՎԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԵՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ

Մայիս 21,2008 00:00

\"\"«Առավոտի» հարցազրույցը նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանի հետ

– Պարոն Աբրահամյան, ձեր գլխավորությամբ գործող աշխատանքային խումբը երկրի նախագահին է ներկայացրել ԵԽԽՎ 1609 բանաձեւի պահանջների իրականացման գործընթացների ժամանակացույցը: Սակայն, ընդդիմության գնահատմամբ, այն, ինչ անում են իշխանությունները, ընդամենը իմիտացիա է եվրոպացիների աչքին թոզ փչելու եւ ժամանակ ձգելու համար:

– Խորհրդարանի այս քառօրյայի օրակարգում ներառված է «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր, ցույցեր անցկացնելու մասին» օրենքի լրամշակումը, որը կատարվել է Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ միասին, խորհրդարանում առաջիկայում ստեղծվելու է մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրությամբ զբաղվող ժամանակավոր հանձնաժողով, մշակվել են գործուն մեխանիզմներ խորհրդարանական ընդդիմության առավել երաշխավորված գործունեության համար, ԱԺ-ում արդեն իսկ գործում է ընտրական գործընթացների բարելավմանն ուղղված աշխատանքային խումբ, որի աշխատանքներին մասնակցելու առաջարկ եղել է նաեւ արմատական ընդդիմությանը, իշխանության կողմից բազմիցս ու նաեւ այժմ օրակարգում է առանց նախապայմանների երկխոսության առաջարկը: ԵԽԽՎ բանաձեւի բոլոր դրույթների վերաբերյալ կան մշակված հստակ առաջարկներ եւ եթե այդ ամենն ընդդիմությունը համարում է իմիտացիա, ապա եզրակացությունը մեկը կարող է լինել՝ ընդդիմությունն ինքը պատրաստ չէ կառուցողական երկխոսության եւ իրավիճակի լիցքաթափումը չի մտնում ընդդիմության եւ նրա որոշ լիդերների ծրագրերի մեջ:

– Ընդդիմությունն ասում է՝ ազատ արձակեք քաղաքական բանտարկյալներին եւ իրենք պատրաստ են երկխոսության: Ի դեպ, ԵԽԽՎ հայտնի բանաձեւում եւս պայման կա՝ անհապաղ ազատ արձակել ենթադրյալ քաղաքական հայացքների համար կալանվածներին: Ինչո՞ւ ազատ չեք արձակում:

– Նախ, ես խորհուրդ կտայի որեւէ մեկին իր վրա դատարանի գործառույթ չվերցնել եւ նման կանխակալ հայտարարություններ չանել՝ կալանվածներին հռչակելով քաղբանտարկյալներ։ Տեղի է ունեցել ողբերգություն, կան զոհեր, կատարվել են զանգվածային անկարգություններ, որոնք ուղեկցվել են թալանով, հրկիզումներով եւ այլ օրինազանցություններով: Ցուցարարների մոտ հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք եւ զինամթերք: Այդ ամենի կազմակերպիչները, դրդիչները, մեղավորներն ու կատարողները պե՞տք է պատժվեն, թե՞ ոչ: Ահա այդ ամենը պարզելու համար էլ ընթանում է նախաքննություն, որը կտա բոլոր հարցերի պատասխանը: Այո, Հայաստանում չպետք է լինեն քաղաքական բանտարկյալներ, բայց եւ չպետք է լինեն մարդիկ, որոնք իրենց կատարած քրեական հանցագործությունը կփորձեն քողարկել «ենթադրյալ» քաղաքական հայացքների տակ: Ընթանում է նախաքննություն, եւ պետք չէ տարբեր քաղաքական հայտարարություններով ու սադրանքներով փորձել խանգարել գործի քննությանը: Ի դեպ, ուզում եմ հիշեցնել, որ արդեն իսկ ընդդիմության ոչ քիչ թվով գործիչների հանդեպ խափանման միջոցը փոխվել է եւ նրանք մեկուսարանից բաց են թողնվել: Ինչ վերաբերում է ԵԽԽՎ 1609 բանաձեւին, ապա ընդդիմությանը խորհուրդ կտայի նույնքան հետեւողական լինել բանաձեւի մնացած դրույթների կատարման հարցում եւս. մասնավորապես, որ արմատական ընդդիմությունը պետք է ընդունի ՍԴ որոշումը՝ նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ: Այլապես, բանաձեւը ընտրովի եւ սեփական հայեցողությամբ մեկնաբանելը չեմ կարծում, թե արդյունավետ հնարք է:

– Որպես իրավիճակի լիցքաթափման տարբերակ, ընդդիմությունն առաջարկում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Նման առաջարկ իշխանությունը պատրա՞ստ է քննարկել:

– 2007-ի մայիսի 12-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները բարձր գնահատականի են արժանացել միջազգային դիտորդական առաքելությունների կողմից, համարվելով վերջին տարիների լավագույն ընտրությունները: Բացի դա, ընդդիմությունը ճիշտ կաներ եւս մեկ անգամ թերթեր Սահմանադրությունը, որտեղ հստակ նշված է, թե ո՞ր դեպքերում կարող է խորհրդարանը լուծարվել: Իսկ եթե արմատական ընդդիմությանն անհանգստացնում է իր բացակայությունը խորհրդարանում, ապա որեւէ մեկը չէր խանգարում, մասնավորապես՝ արմատական ընդդիմության հիմնական քաղաքական հենարան ՀՀՇ֊ին, մասնակցել այդ ընտրություններին: Հատկապես որ՝ ՀՀՇ-ի որոշ պատասխանատուներ մինչեւ ընտրությունը հայտարարում էին, թե առնվազն 15 տոկոս ձայն ունեն: Մինչդեռ, ՀՀՇ-ն ընդհանրապես չմասնակցեց ԱԺ ընտրություններին, իսկ նրա լիդերի շուրջ ներկայումս համախմբված կուսակցությունները չկարողացան հաղթահարել խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ շեմը։ Եվ միայն այն բանի համար, որ նրանք չեն ընդունում այն խորհրդարանը, որտեղ իրենք չկան, ընդունեք, որ դրա համար խորհրդարան չեն լուծարում:

֊ Ձեր խմբի աշխատանքներին չի մասնակցում ԵԽԽՎ պատվիրակության ընդդիմադիր անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը: Ինչո՞ւ:

– Նախագահի առաջարկությամբ ստեղծված աշխատանքային խմբում, այո, նաեւ ԵԽԽՎ պատվիրակության անդամներն են, ես ինքս անձամբ զրուցել եմ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, սակայն նա պատճառաբանել է, թե չի կարող մասնակցել խմբի աշխատանքներին, քանզի այդ օրերին քաղաքում չի լինելու եւ առաջարկել է իրեն փոխարինել «Ժառանգություն» խմբակցության մեկ այլ անդամով: Մեր կողմից եղել է պատասխան առաջարկ, որ աշխատանքային խմբում պաշտոնապես գրվի իր անունը, սակայն խմբի աշխատանքներին կարող է մասնակցել Հովհաննիսյանի գործընկերը, ինչը «Ժառանգության» ղեկավարի կողմից մերժվել է: Այդուհանդերձ, մեր երեկվա նիստին Րաֆֆի Հովհաննիսյանը ներկա եղել է, ինչն ինքնին շատ ողջունելի է:

– Ի՞նչ է սպասվում Հայաստանին ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանում:

– Ես չեմ կարող կանխատեսել նստաշրջանի ընթացքը, բայց որպես իշխանության ներկայացուցիչ, կարող եմ վստահ ասել, որ Հայաստանի իշխանությունները ԵԽԽՎ բանաձեւի բոլոր հարցադրումների վերաբերյալ ունեն հստակ մշակված առաջարկներ եւ, որ ամենակարեւորն է, քաղաքական կամք՝ այդ ամենը իրագործելու համար: Մենք կարեւորում ենք ԵԽ-ին մեր երկրի անդամակցությունը եւ ես վստահ եմ, որ հունիսյան նստաշրջանում Հայաստանի պատվիրակությունը կկարողանա պատշաճ ներկայացնել այն քայլերը, որոնք իշխանությունների կողմից կատարվել են բանաձեւի կատարման համատեքստում: Ի դեպ, ուզում եմ հիշեցնել, որ դեռ մինչեւ 1609 ապրիլյան բանաձեւը, մարտին ստորագրված կոալիցիոն հուշագրում արդեն իսկ արձանագրված էին երկրի ժողովրդավարացմանն ուղղված խնդիրները՝ ընտրական համակարգի հանդեպ վստահության մեծացումը, քաղաքական ընդդիմության գործունեության ընդլայնումը, ազատ եւ պատասխանատու մամուլ եւ այլն: Այնպես որ, ԵԽԽՎ բանաձետւմ ամրագրված մի շարք առանցքային դրույթներ արդեն իսկ ներառված են եղել իշխանության քաղաքական օրակարգում եւ մենք ինքներս ենք շահագրգիռ դրանց լուծման համար:

– Անդրադառնանք նաեւ ՀՀԿ-ին առնչվող խնդիրներին։ Նախագահական ընտրություններից հետո բազմաթիվ են լուրերը, որ կուսակցության ներսում լուրջ խմորումներ կան, եւ որ երկրի նախագահն իր համար նոր քաղաքական հենարան է փնտրում:

– Ինձ միշտ զարմացրել է, թե ինչ օպերատիվությամբ են մեզանում տարածվում ամենաանհեթեթ եւ իրականությանը չհամապատասխանող լուրերն ու ասեկոսեները։ Ես, որպես ՀՀԿ ակունքներում կանգնած անձնավորություն, որպես մարդ, որ գլխավորել է կուսակցության նախընտրական շտաբը համապետական ընտրություններում, կարող եմ ամենայն պատասխանատվությամբ փաստել, որ կուսակցությունը միասնական է եւ մարտունակ՝ իր առաջնորդի գլխավորությամբ: Ավելին, ինչո՞ւ պիտի իրար հետեւից երկու համապետական ընտրություն հաղթած կուսակցության ներսում պառակտում կամ խմորումներ լինեն, առավել եւս այն պարագայում, որ կուսակցության առաջնորդն ընտրվել է երկրի նախագահ: Այս պայմաններում խոսել, թե հանրապետության նախագահն այլ քաղաքական հենարան է փնտրում՝ ուղղակի անհեթեթ է: Ավելին, այսօր ՀՀԿ-ի հետ քաղաքական դաշինքի մեջ են նաեւ եւ ըստ էության նախագահի քաղաքական հենարան են կազմում երկրի երեք ազդեցիկ քաղաքական ուժեր եւս, որոնք, պարբերաբար հաջողություններ արձանագրելով վերջին տարիների համապետական ընտրություններում, հանրապետության նախագահի գլխավորությամբ կազմել են քաղաքական կոալիցիա: Նման կարգի լուրեր շրջանառության մեջ դնողները նախ թող փորձեն տալ այս պարզագույն հարցերի պատասխանը, եթե, իհարկե, կկարողանան որեւէ տրամաբանված պատասխան գտնել: Այդ կարգի անհեթեթությունների հովանավորներին ուղղակի խորհուրդ կտայի առավել օգտավետ գործով զբաղվել, քանզի քաղաքական ֆանտաստիկայի ոլորտը մեզանում առանձնապես զարգացած ժանր չէ: Հանրապետական կուսակցությունը առավել քան ամուր է եւ ես վստահ եմ, որ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մենք դեռ բազմաթիվ նոր հաղթանակներ եւ բարձունքներ ենք նվաճելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել