Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՆՑԱԳՈՐԾԸ ՀԱՅՏՆԻ Է, ԲԱՅՑ ԲՌՆՎԱԾ ՉԷ

Մայիս 21,2008 00:00

\"\"Բռնված չէ, թերեւս, այն պատճառով, որ ոչ միայն ԱԺ պատգամավորի որդի է, այլեւ՝ դատախազ

Երեկ «Առավոտը» «Պատգամավորի որդին ոստիկանի է ծեծել» վերտառությամբ տեղեկատվություն էր հրապարակել, ըստ որի՝ ԱԺ պատգամավորներից մեկի որդին մայիսի 18-ին ծեծի է ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժնի սպա Դավիթ Ղազարյանին: Մեզ հաջողվեց հավելյալ մանրամասներ ճշտել այս միջադեպի առնչությամբ, նաեւ արդեն հրապարակված տեղեկատվության որոշ ճշգրտումներ անել: Մեր լավատեղյակ աղբյուրի փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը, ժամը 2-ի սահմաններում, երբ Նոր Նորքի ոստիկանության կապիտան եւ հիշյալ բաժնի միակ կրիմինալիստ Դ. Ղազարյանը իր անձնական «ՎԱԶ 2108» մակնիշի ավտոմեքենայով աշխատանքից տուն՝ դեպի Կենտրոն վերադառնալիս է եղել: Մյասնիկյանի պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանի հանդիպակաց փողոցում, Դ. Ղազարյանը փորձել է իրենից առաջ ընթացող մեքենային՝ ինչ-որ ջիփի, վազանց կատարել: Ջիփի վարորդը թույլ չի տվել՝ իր վարած մեքենայով կտրուկ փակելով «ՎԱԶ 2108»-ի ճանապարհը: Ստեղծվել է վթարային իրավիճակ: Ոստիկանության աշխատակիցը բախումից խույս տալիս հարվածել է ճանապարհի եզրաքարին, որի հետեւանքով մեքենայի անվադողը պայթել է եւ հարվածի թափից մեքենան առաջամասով բախվել է ջիփի դիմացից ընթացող «S» դասի պատկանող՝ 01 300 պետհամարանիշի մեկ այլ ավտոմեքենայի: Ջիփն ու «S» դասի ավտոմեքենաները կանգնել են, իջել են մեքենայի վարորդն ու ջիփում եղած մի 5 հաղթանդամ «կոստոլոմներ»: Նկատի ունենալով, որ «S» դասի մեքենայի ղեկին եղել է ԱԺ պատգամավոր Մուրադ Գուլոյանի որդին, նույն ինքը՝ Կոտայքի դատախազության ավագ դատախազ Կարո Գուլոյանը, ճշգրտորեն կարելի է նկարագրել այն, թե ինչ է տեղի ունեցել դրանից հետո: Իսկ հետո, մեր աղբյուրի մատուցմամբ, Կ. Գուլոյանն ու նրա թիկնապահները՝ չթողնելով անգամ, որ ոստիկանության սպան մեքենայից դուրս գա, հե՛նց մեքենայի մեջ սկսել են նրան ինչով պատահի՝ ձեռքով, ոտքով, անխնա ծեծել, ապա չբավարարվելով՝ նրան ծեծելով դուրս են բերել մեքենայից եւ նույնը շարունակել արդեն ճանապարհի վրա, եւ այն աստիճանի, որ ջարդել են Դ. Ղազարյանի ծնոտը, հասցրել են ուղեղի ցնցումի: Ծեծողների բրիգադը ջարդել է նաեւ սպային պատկանող ավտոմեքենայի ապակիները: Այդ պրոցեսին հընթացս ավելացել են Կարոյի նոր յուրայինները, որոնք իրենց պարտքն են համարել մի հարված էլ իրենց կողմից հասցնել Դ. Ղազարյանին, առավել եւս, երբ ծեծողներից մեկը՝ «Առինջի Գառնո» անունով հայտնի Գառնիկ Մուրադյանը, ի դեմս ծեծվողի՝ ճանաչել է ժամանակին՝ 1997թ.-ին իրեն ապօրինի զենք ունենալու համար ոստիկանություն բերման ենթարկած ոստիկանին: Ավելին, ծեծողները մեքենայից հանել ու պատռել են նաեւ Դ. Ղազարյանի ոստիկանական համազգեստը, որը մինչեւ երեկ էլ չէր գտնվել:

Այս պրոցեսին պատահաբար ականատես է դարձել ոստիկանության աշխատակցի ծանոթներից մեկը, որը ճանապարհով անցնելիս ճանաչել է Դ. Ղազարյանի ավտոմեքենան ու կանգնել է՝ փորձելով օգնել սպային, բայց՝ ապարդյուն: Ջահել դատախազ եւ «թափով» պապայի որդի Կարոյի ու նրա թիկնապահների ձեռքից հնարավոր է եղել դուրս պրծնել միայն այն բանից հետո, երբ հանցագործների մեքենան այդ ընթացքում բախվել է պողոտայով անցնող պատահական մի այլ մեքենայի: Երբ մի պահ նրանց ուշադրությունը շեղվել է դեպի նոր «ռազբորկայի» օջախը, Դ. Ղազարյանը հասցրել է փախչել, ահազանգել հարազատներին, որոնք էլ նրան գտել եւ ապա տեղափոխել են «Արմենիա» հիվանդանոցի դիմածնոտային բաժանմունք, որտեղ եւ սպան ստացիոնար բուժում է անցնում:

Զարմանալին այն է, սակայն, որ թեեւ «թասիբի» ընկած ոստիկանները՝ կոնկրետ Նոր Նորքի բաժնի աշխատակիցները, երկուշաբթի օրը ցերեկով մտել են Առինջ գյուղ հանցագործներին բռնելու, սակայն բաժին են վերադարձել ձեռնունայն: Սա այն դեպքում, երբ ում՝ ում, բայց ոստիկաններին պիտի որ հայտնի լիներ, թե ում կարելի էր դիմել Կարոյին եւ նրա խմբին հայտնաբերելու համար: Ոստիկաններին, թերեւս, ԱԺ պատգամավորի դուռը թակելու համարձակությունը չի հերիքել: Համենայնդեպս, դեպքից երկու-երեք օր է անցել, իսկ հանցագործները դեռեւս հայտնաբերված եւ ձերբակալված չեն: Ասում են՝ նրանք փախուստի մեջ են: Հայտնի է, որ Կենտրոնի ոստիկանության քննչական բաժնում կատարված փաստի առիթով քրգործ է հարուցվել, կատարվում է նախաքննություն, թեեւ Դ. Ղազարյանը դեռ դատաբժշկական փորձաքննության էլ չի ենթարկվել:

Հ. Գ. Խնդրում ենք վարչապետ Տիգրան Սարգսյանին այս հրապարակման հետ կապված «ծառայողական քննություն» չնշանակել: Հանցագործությունը կոծկելու «ավանդական միջոցները» միանգամայն բավարար են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել