Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արեւելահայերենը՝ ինտերնետում եւ առօրյայում

Մայիս 20,2008 00:00

www.eanc.net կայքում այսուհետեւ կարելի է գտնել արեւելահայերենին վերաբերող տարբեր նյութեր: Երեկ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի մասնաշենքում տեղի ունեցավ «Արեւելահայերենի ազգային կորպուսի» («ԱՐԵՎԱԿ») շնորհանդեսը: «Կորպուսը որոշակի լեզվով ստեղծված էլեկտրոնային ձեւով ներկայացված տեքստերի հավաքածու է՝ լեզվաբանական որոնման համակարգով: Այն թույլ է տալիս լուծել ավանդական լեզվաբանական խնդիրներ, ընձեռում է լեզվի արդյունավետ ուսուցման հնարավորություն: Նախատեսված է ոչ միայն լեզվաբանների, այլեւ ուսուցիչների, ուսանողերի համար»,- ասաց «ԱՐԵՎԱԿ»-ի հիմնադիրներից՝ Մոսկվայի պետական համալսարանի դոկտոր-պրոֆեսոր, ՌԴ գիտությունների ակադեմիայի ռուսերենի ինստիտուտի կորպուսային լեզվաբանության բաժնի վարիչ Վլադիմիր Փլունգյանը: Կորպուսի ստեղծման աշխատանքները սկսվել են 2006-ին, 2007-ին այն արդեն աշխատել է համացանցում: Աշխարհում կան ռուսական, բրիտանական, չեխական եւ այլ կորպուսներ: «Արեւելահայերենի ազգային կորպուս» ծրագրի համակարգող Վիկտորյա Խուրշուդյանը նկատեց. «Կորպուսը լեզվական նորմայի էտալոն չէ: Այն պարզապես արտացոլում է լեզվի իրական վիճակը»: «ԱՐԵՎԱԿ»-ում ընդգրկված են 19-րդ դարի կեսերից առ այսօր ստեղծված արեւելահայերեն տեքստեր, շուրջ 350 հեղինակների գեղարվեստական ստեղծագործություններ, պարբերականներ: «Գրաբարի վերաբերյալ շատ քիչ տեքստեր են ներկայացված: Արեւմտահայերենի հետ կապված նախագծերն էլ են քիչ: Քանի որ պարբերականների արխիվները մատչելի չեն, դրա համար էլ ժամանակակիցներն են ներկայացված: Իսկ ամենավատ վիճակում բանավոր խոսքի բաժինն է: Չգտանք բանավոր խոսքով գրականություն: Ուստի՝ ձայնագրեցինք այն եւ վերծանեցինք բանավոր տեքստեր»,- հայտնեց Վ. Խուրշուդյանը: Մտնելով կորպուս՝ կարելի է ցանկացած բառի ճիշտ կիրառությունը տեսնել գրավոր, բանավոր խոսքում, պարզել նրա ձեւաբանական, շարահյուսական եւ այլ հատկանիշներ: Այս կապակցությամբ Լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող Վռամշապուհ Ջիհանյանն «Առավոտին» ասաց. «Համակարգչային այս դարաշրջանում պիտի օգտվենք համակարգչի ընձեռած հնարավորություններից: Սա լուրջ գործ է, բայց, ցավոք, ընդգրկում է հայերենագիտության միայն մեկ բնագավառը՝ դուրս թողնելով արեւմտահայերենը, միջին հայերենը, գրաբարը: Արժե, որ համակարգչի մեջ ներածենք հայ գրականության բոլոր նյութերը»: «Առավոտի» դիտարկմանը, թե այսպիսի գործեր մեզանում արվում են ոչ թե պետության, այլ բացառապես մասնավոր անձանց միջոցով, պարոն Ջիհանյանը պատասխանեց. «Եթե մտածենք միայն այսօրվա հացի մասին, այսինքն՝ լուծենք միայն կենցաղային ամենամանր խնդիրները, ապա առաջ չենք գնա: Ի վերջո, առաջ մղողը ոգին է, մշակույթը, ոչ թե առօրյա գզվռտոցները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել