Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՎԱՍՏԱԿԱԾ ՊԱՐԳԵՎՆԵՐ

Մայիս 20,2008 00:00

\"\"Գալյա Նովենցի ու Երվանդ Ղազանչյանի անցած ուղին

Օրերս Մայր աթոռ սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը թատրոնի եւ կինոյի նշանավոր դեմքեր Գալյա Նովենցին եւ Երվանդ Ղազանչյանին հանձնեց հայոց եկեղեցու բարձր պարգեւը՝ «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ»:

70-ամյա ամուսիններն այն անհատականություններից են, որոնք վաղուց մտել են ազգային կինոյի եւ թատրոնի պատմության մեջ, հատկապես Գ. Նովենցը արտերկրում դարձել է հայ կնոջ տիպար: Կինոգետներից շատերը դերասանուհուն համարում են իր սեփական դեմքն ու դիմագիծը ունեցող արվեստագետ, որը որքան ճանաչելի է էկրանից ու բեմից, նույնքան անճանաչելի է կյանքում, որովհետեւ տիրապետում է այն բարդ արվեստին, ինչը կոչվում է «հոգու գրիմ»: 30-ից ավելի ֆիլմերում (ռեժիսոր Ա. Մկրտչյանի «Մեր մանկության տանգոն», Ֆ. Դովլաթյանի «Բարեւ, ես եմ», «Կարոտ», Հ. Մալյանի «Սարոյան եղբայրները», «Նահապետ» եւ այլն) խաղացել է թե էպիզոդիկ, թե գլխավոր դերեր, սակայն նրա համար կարեւորը դերի ծավալը չէ, այլ այն հուզական աշխարհը, որն արտիստուհին բերում է կինո եւ թատրոն: Ժամանակին մասնագետները Գ. Նովենցին համեմատել են իտալական նեոռեալիզմի կինոյի խոշոր դեմքերից մեկի՝ Աննա Մանիանիի հետ, որի խաղին հայ հանդիսատեսը ծանոթ է Ֆ. Ֆելինիի «Հռոմ. ժամը 17-ին», Ֆ. Ձեֆիրելիի «Փոքրիկ, ուզո՞ւմ ես նկարահանվել կինոյում» եւ այլ ժապավեններից: «Առավոտի» հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում Ձեր եւ իտալուհու էկրանային համեմատությունը, տիկին Նովենցն ասաց. «Եղել է նման բան: Արտերկրում «Մեր մանկության տանգոն» նկարում Սիրանուշի դերակատարման մասին է խոսքը: Երբ առաջին անգամ լսեցի այդ մասին, նախ ականջներիս չէի հավատում, հետո ոգեւորվեցի, իսկ ավելի ուշ ինքս ինձ ասացի՝ «խեղճ Աննա Մանիանի» (ժպտում է- Ս. Դ.): Էլ ավելի ուշ մտածեցի, որ խեղճ բառը Մանիանիին չի սազում, քանի որ նա մեծ դերասանուհի է: Ի վերջո, հանգեցի այն եզրակացության, որ համեմատությունը տաղանդավոր իտալուհու հետ՝ փոքր-ինչ անարդարացի է, հետո համակերպվեցի, նույնիսկ սկսեցի հպարտանալ, բայց ոչ՝ մեծամտանալ»:

Բեմադրիչ Ե. Ղազանչյանը աշխատել է հինգ թատրոնում եւ ամեն տեղ թողել իր ձեռագիրը: 12 տարի էլ ղեկավարել է Հայաստանի թատերական գործիչների միությունը: Որպես բեմադրիչ ստեղծել է մի շարք գործեր, որոնք իրենց մնայուն տեղն ունեն մեր թատերարվեստում: Մեզ հետ զրուցած թատերարվեստի ոլորտի մարդիկ փաստեցին, որ Ղազանչյանի միջոցով են հայ թատրոն «եկել» Դոստոեւսկու («Ապուշը», «Ոճիր եւ պատիժ»), Լորկայի («Բեռնարդա Ալբայի տունը», «Արյունոտ հարսանիք»), Ժան- Պոլ Սարտրի («Անշիրիմ մեռելներ»), Մոլիերի («Քաղքենին՝ ազնվական») եւ այլոց աշխատանքները: Նա առաջինն էր, որ Դրամատիկական թատրոնում բեմադրեց Չարենցի «Երկիր Նաիրին»: Մեր հարցին՝ կաթողիկոսը շքանշանը հանձնելու ժամանակ Ձեզ անվանեց թատերական նշանավոր գործիչ, իսկ ինքներդ ձեզ ի՞նչ եք համարում՝ գործի՞չ, թե՞ բեմադրիչ, Ե. Ղազանչյանը պատասխանեց. «Մինչեւ Թատերական գործիչների միության նախագահ դառնալը ինձ համարում էի բեմադրիչ, նախագահ դառնալուց հետո՝ գործիչ: Հազարավոր մարդկանց հետ ես շփվում, հետեւաբար պետք է լինես վերին աստիճանի կազմակերպված, ճիշտ օգտագործես պահն ու ժամանակը: Ոչ մեկը չի կարող ասել, թե նախագահ եղած ժամանակ ձեռքիցս եկածը չեմ արել… Հիմա նախագահ չեմ, բեմադրիչ եմ: Այս առումով մի օրինակ բերեմ. «ՄԽԱՏ»-ի դերասաններից մեկը, երբ ծառայել է բանակում, զորամասը համեմատելով թատրոնի հետ, ասել է՝ այստեղ պետք է լինի ՄԽԱՏ-ի նման երկաթյա կարգուկանոն: Ուզում եմ ասել, որ թե նախագահի, թե բեմադրիչի դեպքում պետք է պահպանես կարգուկանոն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել