Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Փորձում են նորացնել կրթությունը

Մայիս 20,2008 00:00

Հայաստանում նորարարական կրթության շարժումը հիմնականում ուղեկցվում է ուսուցիչների դիմադրությամբ:

2000-ին ստեղծված, սակայն վերջին տարիներին բավականին պասիվ դիրքերում գտնվող «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիան օրերս գումարեց իր ընդհանուր ժողովը: Ինչպես նշեց ասոցիացիայի նորընտիր նախագահ, «Բյուրակն» կրթահամալիրի տնօրեն Վահրամ Ղազարյանը, ասոցիացիայի նպատակն է նպաստել կրթության զարգացմանը, մանկավարժական նորարարության ներդրմանն այդ համակարգում: ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը փաստեց. «Երեխաների դաստիարակությունը պիտի դրվի գոնե 4 հենասյուների վրա: Դրանցից է քաղաքացիական, բարոյականության կրթությունը, հանդուրժողականությունը եւ առանց խտրականության կրթությունը: Ես հավատում եմ միայն այն կրթությանը, որը պետության համար պատրաստում է բարեպաշտ, հանդուրժող, առաքինի քաղաքացի: Մեր դժվարությունները բխում են նրանից, որ մեր դպրոցը մի որոշ շրջան դադարեց այդպիսի սերունդ տալ…»:

1996-ից սկսած՝ ՀՀ-ում նոր կրթական մեթոդների ներդրման ալիքը բազում դժգոհությունների, տարաձայնությունների առիթ է դարձել: Ավագ սերնդի ուսուցիչները պնդում են, թե նորարարություն՝ որպես այդպիսին, համարյա չկա, պարզապես մեթոդներն են փոխվել: Կրթական նոր մեթոդների հանդեպ դիմադրության մասին ԳԹԿ տնօրեն, «Մանկավարժական նախաձեռնություն» ասոցիացիայի գիտական ղեկավար Մանուկ Մկրտչյանն ասաց. «Մենք կաղապարված ենք այնպիսի պատկերացումներով, որ եթե կա դպրոց, ուրեմն պիտի լինի դաս, դասարան, դասամիջոց, զանգ, աշակերտները դասից դաս պիտի անցնեն, քննություն տան, ավարտեն… Դա լավ, բայց արդեն հնացած համակարգ է: Նոր համակարգում, որը կայանում է աշխարհի գրեթե բոլոր երկրներում, չկան դասարանների բաժանված ուսումնական խմբեր, դասերով տարանջատված ուսումնական պրոցես: Հայաստանում նոր տիպի կրթություն իրականացնող սակավաթիվ կենտրոններից մեկն էլ չորսամյա «Բյուրակն» համալիրն է»:

«Առավոտը» «Բյուրակնի» տնօրեն Վ. Ղազարյանից հետաքրքրվեց, թե ՀՀ հանրակրթական դպրոցները պատրաստակա՞մ են կրթական նորարարությունները ներդնել իրենց կրթօջախներում: Տնօրենը պատասխանեց. «Բյուրակնը» բաց համակարգ է, դեռ 1996-ից բազում փորձեր ենք արել՝ պետական հանրակրթական սեկտորում ներդնել մեր գաղափարները: Բայց դժգոհ ենք արդյունքներից, շատ էպիզոդիկ բաներ է մեզ հաջողվել անել… Երբ տեսանք, որ հնարավոր չէ հաղթահարել պետական բարիերը, ստիպված եղանք ստեղծել այս կրթօջախը: Այժմ էլ պատրաստ ենք անշահախնդրորեն աջակցել ցանկացած դպրոցի: Ցավոք, հետաքրքրությունը շատ քիչ է»: Կրթական հին մեթոդներին հրաժեշտ տալու եւ նորը ճկուն կերպով ներդնելու մասին «Առավոտը» զրուցեց որոշ ուսուցիչների հետ: Ստեփան Զորյանի անվան թիվ 56 դպրոցի տնօրեն Մարիամ Հովհաննիսյանը «Առավոտին» հայտնեց. «Ցանկացած կրթական համակարգում հաջողության հասնելու համար ձեռքդ պիտի լինի զարկերակի վրա: Պիտի իմանաս ինչն ես ընդունում, ինչը՝ մերժում: Մեխանիկորեն ամեն ինչ վերցնելուն համամիտ չեմ: Բայց եթե մենք շարժվենք ընդամենը դաս տալու-ստուգելու մեթոդով, շատ խնդիրներ չենք կարող լուծել: Ոչ ճիշտ մեթոդների պատճառով հաճախ առկա է նաեւ ուսուցչի սին հեղինակության այն պարագան, երբ մանկավարժի ամեն ասած երեխան դոգմայի պես է ընդունում»: Տիկին Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք ճիշտ պահն է նորարարական կրթության մասին մտածելու, երբ առանց այն էլ այժմ բազում բարեփոխումներ են կատարվում կրթական համակարգում: «Եթե սպասենք պահի գալուն, կգա-կանցնի ու կկորցնենք այն»,- հնչեց պատասխանը: Օրերս Աշոտ Բլեյանի հնչեցրած այն կարծիքի մասին, թե «Միտինգի քշվող ուսուցիչը չի կարող ազատ մարդ դաստիարակել», Մ. Հովհաննիսյանն ասաց. «Եթե ուսուցչի խնդիրն ու պատվերը որոշակիացված լինեն, նրան ոչ ստիպողաբար միտինգի կտանեն, ոչ էլ կպատվիրեն այս կամ այն բանն անել»: Նորարարության նկատմամբ՝ տարբեր ուսուցիչների ոչ բարյացակամ տրամադրվածության մասին «Բյուրակն» կրթահամալիրի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Անահիտ Պապոյանը «Առավոտին» փոխանցեց. «Այստեղ գաղափարի տարածման խնդիր կա: Եթե մարդիկ տեղյակ չեն, որ այդպիսի նորարարական մեթոդներ կան, ինչպե՞ս կարող են դրա կիրառման ցանկությունն ունենալ: Չեմ կարծում, թե որեւէ ուսուցիչ չցանկանա անել նոր բան: Բոլորն էլ տեսնում են, որ հինը չի աշխատում: Ուղղակի ոչ թե նոր մոտեցումների, այլ տարբեր սկզբունքների խնդիր կա: Իրականում հմուտ ուսուցիչը բոլոր այս նոր հնարքները կիրառում է՝ նույնիսկ չիմանալով մեթոդը: Պարզապես նորարարական մեթոդները հնարքների ավելի կատարյալ տեսակների են ծանոթացնում ուսուցչին»: Մանկավարժներին ստիպողաբար միտինգների քշելու փաստի մասին էլ տիկին Պապոյանն ասաց. «Դա մեր հասարակության խնդիրների խնդիրն է: Բռնի միտինգի տանելը ես չեմ ընդունում: Եթե մարդ ունի դիրքորոշում, ցանկություն, այն կարող է իրագործել: Եթե մեկն է, երկուսն է, երեքն է, սպառնալ հնարավոր է: Սակայն եթե ամեն մեկն իր իրավունքը պաշտպանի, այն ոտնահարվել չի կարող»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել