Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ ՀԱՄՈԶՄՈՒՆՔԻ ՀԱՄԱՐ

Մայիս 20,2008 00:00

\"\"Փաստաբան Սեդա Սաֆարյանը համոզված է, որ Մուշեղ Սաղաթելյանին կալանավորել են նրա քաղաքական հայացքների համար:

1998 թ. իշխանափոխությունից հետո քրեական պատիժների իրականացման վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանն արդեն երկրորդ անգամ է կալանավորվում՝ իր կարծիքը բարձրաձայն արտահայտելու համար: Առաջին անգամ նա դատապարտվեց, երբ հայտարարեց, որ հոկտեմբերի 27-ի սպանդի կազմակերպման մեջ կասկածում է ՀՀ նախկին եւ ներկա նախագահներ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին: Իսկ հիմա ավելի քան երկու ամիս նա պահվում է «Վարդաշենի» մեկուսարանում եւ մեղադրվում ՀՀ ՔՕ միանգամից մի քանի հոդվածների հատկանիշներով՝ ՔՕ 225-րդ հոդվածի պրիմ (զանգվածային անկարգությունների կազմակերպում), 300-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության յուրացում), 316-րդ հոդվածի 2-րդ մասով՝ (իշխանության ներկայացուցչին դիմադրել), 318 հոդվածով՝ (իշխանության ներկայացուցչին հրապարակայնորեն վիրավորել): Մ. Սաղաթելյանի պաշտպան Սեդա Սաֆարյանի մատուցմամբ, իր պաշտպանյալը բերման է ենթարկվել անհիմն կասկածանքով, ՀՀ օրենքների կոպիտ ոտնահարմամբ. «Մ. Սաղաթելյանը մարտի 1-ի վաղ առավոտյան եղել է Ազատության հրապարակում, բայց շուտով հեռացել է հրապարակից: Նրան բերման են ենթարկել նույն օրը, առավոտյան ժամը 6:30-7:00-ի սահմաններում՝ Մամուլի տան մոտից: Մ. Սաղաթելյանը եղել է տաքսու մեջ, երբ մեքենան կանգնեցրել են ինչ-որ տղաներ, որոնք, առանց ներկայանալու, նրան դուրս են բերել մեքենայից եւ մոտ 20 հոգով ծեծի ենթարկելուց հետո, ուժի կիրառմամբ տարել են ոստիկանություն»,- ասաց Ս. Սաֆարյանը: Ըստ նրա, ոստիկանությունը արհեստականորեն կոնֆլիկտ է ստեղծել եւ գռեհիկ հարկադրանքի ակտ է գործադրել իր պաշտպանյալի նկատմամբ, որն ուղեկցվել է ծեծով, մարդկային արժանապատվությունը վիրավորելով, ու հիմա ոստիկանությունը Սաղաթելյանին մեղադրում է դիմադրության մեջ: Ս. Սաֆարյանը փաստեց, որ իր պաշտպանյալի պարագայում ոչ մի գործընթաց օրենքի շրջանակում չի եղել: Օրինակ՝ բերման ենթարկվելու որոշումը Մ. Սաղաթելյանը չի ստորագրել, որովհետեւ գրված է եղել, որ նրան բերման են ենթարկել Ազատության հրապարակից: Քանի որ նրան ձերբակալելու համար ոչ մի ապացույց չեն ունեցել, պահել են ոստիկանությունում եւ միայն 10 ժամ հետո են հարցաքննել որպես վկա, ու հիմա, ըստ Ս. Սաֆարյանի, «չեն կարողանում բացատրել, թե ինչով է պայմանավորված եղել այդքան երկար ժամանակ մարդուն անազատության մեջ պահելը»: «Ձերբակալության եւ կալանքի արձանագրությունները կազմվել են Քրդատօր-ի խախտմամբ՝ հետին թվով, իբր, ժամկետների մասով օրինախախտում չկա, թեեւ քրգործում երեւում է, որ անազատության մեջ են պահել մարտի 1-ի ժամը 7-ից, իսկ դատարանը Սաղաթելյանի կալանքի հարցը քննել է մարտի 4-ի երեկոյան 19-ին, երբ ձերբակալության համար սահմանված 72 ժամը վաղուց լրացած է եղել: Ու դատարանը դա քննել է առանց առարկությունների»,- ասաց Ս. Սաֆարյանը:

Ըստ նրա, Մ. Սաղաթելյանը պարբերաբար պնդել է, որ իր նկատմամբ ֆիզիկական ուժ է կիրառվել եւ պահանջել է իրեն տուժող ճանաչել: Դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել դեռ մարտի 2-ին, բայց դրա եզրակացությունն առ այսօր պաշտպանն ու Սաղաթելյանը չեն ստացել: Ի դեպ, Ս. Սաֆարյանը պաշտպանում է մարտի 1-ի դեպքերի, նաեւ՝ ընտրական գործընթացների առնչությամբ կալանավորված եւս մի քանի հոգու: Տիկին Սաֆարյանն իր պաշտպանյալներին համարեց քաղաքական հայացքների համար հետապնդվողներ: Նա կարծիք հայտնեց, որ մարտի 1-ի առավոտյան բերման ենթարկված բոլոր մարդիկ ոստիկանության ուշադրության կենտրոնում են եղել. «Նրանց բոլորին հետեւել են դեռ մինչեւ մարտի 1-ը: Կարծում եմ, որ մինչ այդ կազմված է եղել մարդկանց ցուցակը, որոնց պիտի ձերբակալեին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի պետեր, զինակիցներ, ընտրական հանձնաժողովների անդամներ: Ընտրությունը վաղուց էր կատարվել, եւ նրանց ով լինելն է խոսում այդ մասին: Համոզիչ չէ իշխանության պնդումը, թե՝ մարտի 1-ի առավոտյան իրավապահները պարզապես ցանկացել են խուզարկել Ազատության հրապարակը, այլապես ինչո՞վ բացատրել, որ Ազատության հրապարակը «մաքրելուց» հետո էլ կալանավորվել են մարդիկ, ովքեր դերակատարում են ունեցել ընտրությունների ժամանակ, արգելք են հանդիսացել ընտրակեղծիքներին: Սա դիտարկում եմ որպես պատժելու ձեւ»:

Մ. Սաղաթելյանին առաջադրված մեղադրանքներից երկուսի դեպքում նրան մեղադրում են արարքի համար, որում կոնկրետ տուժողներ չկան: «Փոխարենն ունենք ոստիկանության աշխատակիցների ցուցմունքներ, որտեղ չկան հանցանքի այն հատկանիշները, որոնցով նա մեղադրվում է: Բացի այդ ցուցմունքներից, այլ ապացույցներ չկան: Ոչինչ չկա, մերկ գործեր են: Մարդկանց կարծիք հայտնելու ազատությունը քրեականացվել է, եւ դա ակնհայտ է մեղադրական որոշումից, որի առաջին տողից մինչեւ վերջինը ոչ թե իրավական, այլ քաղաքական գնահատական է: Նախաքննական մարմինը մարդկանց մեղադրում է, թե ինչու են ընտրությունների արդյունքները կասկածի տակ առել, չեն նպաստել, որ միջազգային հանրությունը մեր ընտրություններին հավատ ընծայի եւ այլն»,- ասաց փաստաբանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել