Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Շաբաթօրյակ՝ հակասանիտարական պայմաններում

Մայիս 20,2008 00:00

Աշակերտները օգտագործած ներարկիչները, աղբի տոպրակներն ու սատկած կենդանիների դիակները հավաքում են առանց ձեռնոցների:

Քաղաքապետարանի նախաձեռնած «Մաքուր Երեւան» ակցիայի շրջանակներում՝ մայրաքաղաքի մի շարք դպրոցների տնօրեններ շաբաթ օրերը աշակերտներին դպրոցի բակն ու հարակից տարածքները մաքրել են տալիս: Առաջին հայացքից գովելի է, երբ երեխաներն իրենց ուսուցիչների հետ միասին սրտացավորեն մաքրում են իրենց շրջապատը, հոգ տանում մաքրության պահպանման համար: Սակայն պետք է նկատել, որ նման շաբաթօրյակները կազմակերպվում են երեխաների համար հակահիգիենիկ պայմաններում: Աշակերտները ոչ մի կերպ պաշտպանված չեն ինֆեկցիոն հիվանդություններից, վիրուսակիր նյութերից: Շրջապատը աղբից մաքրելու համար երեխաներին չեն տրամադրվում ձեռնոցներ, հիգիենիկ տոպրակներ եւ այնպիսի պարագաներ, որոնք երեխաներին հնարավորինս զերծ կպահեն կեղտոտ առարկաների հետ շփումից: Վերջերս նման շաբաթօրյակ կազմակերպել էր Ավան համայնքի թիվ 177 դպրոցի տնօրինությունը: Շաբաթօրյակին մասնակցող աշակերտները, որոնք, չնայած անձրեւին ու քամուն, մեծ եռանդով մաքրում էին ոչ միայն իրենց դպրոցի, այլ նաեւ իրենց կրթօջախից շատ ավելի հեռու մի փողոց, մայթերից հավաքում էին սատկած կենդանիների դիակներ, աղբի թափոններ, անգամ օգտագործված ներարկիչներ: Ու այս ամենը հավաքելու համար աշակերտների խումբն ուսուցչուհու հետ միասին ուներ ընդամենը մեկ աղբի պարկ, մեկ փոցխ եւ մեկ ավել: Երեխաներն առանց ձեռնոցների էին ու այդ ամենը հավաքում էին ձեռքերով:

Երեխաներն այնքան էլ չեն հասկանում վարակիչ հիվանդությունների վտանգը, հետեւաբար ուսուցիչներին չեն պարտադրում շաբաթօրյակը կազմակերպել սանիտարահիգիենիկ պայմաններում: Արդյոք աշակերտների ծնողները տեղեկացվա՞ծ են, որ իրենց երեխաները, ընդհատելով դպրոցի պարապմունքները, մասնակցում են վտանգավոր շաբաթօրյակների, որոնց ընթացքում պաշտպանված չէ նրանց նվազագույն անվտանգությունը:

«Առավոտը» առողջապահության նախարարությունից հետաքրքրվեց, թե հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունն արդյոք չպե՞տք է վերահսկի, որպեսզի շաբաթօրյակները կազմակերպվեն հնարավորինս հիգիենիկ պայմաններում: Նախարարությունից հայտնեցին, որ իրենք այդ ամենի հետ որեւէ առնչություն չունեն, եւ որ սանիտարական պայմանները պետք է ապահովեն հենց շաբաթօրյակները կազմակերպողները, այսինքն՝ դպրոցների տնօրինությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել