Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՆՔ ԼՈՒՐՋ ԳԻՆ ԵՆՔ ՏՎԵԼ, ՈՐ ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԸ ԼԱՎ ԱՊՐԵՆ»

Մայիս 20,2008 00:00

\"\"Կարծում է ՀԱԱԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը՝ հուսալով, որ նրանք էլ դա կհասկանան

– Պարոն Հովհաննիսյան, տարիներ շարունակ Դուք ղեկավարել եք եվրոպական ինստիտուտների հետ աշխատող խորհրդարանական պատվիրակությունը, ի՞նչ կասեիք հայաստանյան ընտրություններին այդ կառույցների գնահատականների վերաբերյալ:

– ԵԽ-ի եւ ԵԱՀԿ-ի գնահատականները հայաստանյան ընտրություններին իրական վիճակին ադեկվատ չէին: Ես միշտ ինձ այդ հարցը տվել եմ. արդյո՞ք եվրոպացիները չե՞ն հասկանում մեր իրականությունը, թե՞ ընդամենն առաջնորդվում են բանաձեւերով, որոնք օգտագործվում են եվրոպական ինստիտուտներում: 2008-ի ընտրությունների ժամանակ ես կարծում էի, որ եվրոպական կառույցների դիրքորոշումը հստակ կլինի եւ կարտահայտի իրական վիճակը: Այո, մասամբ նաեւ նրանց գնահատականները պատճառ դարձան, որ մարտի 1-ի դեպքերը տեղի ունենան: Եվրոպան նորից գնաց ամենահեշտ ճանապարհով. կա արդեն որերորդ անգամ ընտրություններում «հաղթանակած» ուժ, որի հետ իրենք պատրաստվում են աշխատել՝ կամաց-կամաց փորձելով այդ ուժի հետ երկիրը դեմոկրատացնել: Բայց այդ ճանապարհով գնալով՝ մենք ավելի ենք հեռանում ժողովրդավարությունից: 2000թ. Հայաստանը դարձավ ԵԽ անդամ, եւ այդ ժամանակվանից մինչ այսօր մեր բոլոր ընտրությունները շատ ավելի հետընթաց են ապրել ժողովրդավարությունից: ՀՀ-ում ընտրական համակարգը խորը ճգնաժամում է հայտնվել: Նրանք բավականին փորձված մարդիկ են այս ամենը չտեսնելու համար: Ուստի սկսում ես մտածել՝ այդ մարդիկ ինչո՞ւ չեն ուզում տեսնել, ինչո՞ւ են կարծում, որ լեհերը, չեխերը, հոլանդացիները եւ մնացյալը կարող են եւ արժանի են ապրելու կայացած ժողովրդավարական ինստիտուտների պայմաններում, իսկ հայերն այդ ամենին կարող են հասնել 50 տարում: Այս երկակի ստանդարտներն են, որ կործանարար են թե մեր տիպի երկրների, թե Եվրոպայի համար:

– Որոշակի միտում տեսնո՞ւմ եք այս ամենում:

– Չեմ ուզում տեսնել, չեմ ուզում նաեւ անձնավորել: Իբրեւ ՀՀ քաղաքացի, քաղաքական գործիչ՝ ես հիմա էլ մնում եմ եվրոպական ինտեգրացման ջատագով: Բայց նման իրավիճակները մեր հասարակության մեջ անվստահություն ու խուճապ են առաջացնում: Եվ այստեղ է, որ Եվրոպան ու մենք սկսում ենք իրար չհասկանալ: Որ փոքր հարավկովկասյան Հայաստանում մեծ ողբերգություն է կատարվել՝ ցավոք, Եվրոպան հասկացավ միայն մարտի 1-ից հետո: Այդ ողբերգության հետքը շատ խորն է եւ դեռ երկար ժամանակ մնալու է: Եթե եվրոպացիները մեզ համարում են իրենց ընտանիքի անդամ՝ պիտի գիտակցեն մեղքի իրենց բաժինը: Եթե չեն համարում, թող պարզապես ազնիվ լինեն եւ բարձրաձայն ասեն այդ մասին: Իսկ ԵԽԽՎ 1609 բանաձեւը, ըստ իս, հավասարակշռող, հանդարտեցնող բանաձեւ է: Այդպիսով, Եվրոպան ճիշտ ճանապարհ ընտրեց. թերեւս հասկացան, որ իրենց ոչ ադեկվատ գնահատականների արդյունքում հայ ժողովուրդը հայտնվել է շատ բարդ դրության մեջ եւ լուրջ ողբերգություն ապրեց ու ապրում է: Կայունացնող այս առաջին քայլն ընդունելի է: Բայց հարցն այն է, որ բանաձեւի կատարմանը մնացել է մեկ ամիս. եվրոպացիները պատրա՞ստ են տեր կանգնել իրենց իսկ ընդունած բանաձեւին, թե՞ սա էլ «Ա1+»-ի, «Նոյյան տապանի» եւ մնացյալ բանաձեւերի նման կդրվի պերմանենտ քննարկման եւ չկատարման ռեժիմի մեջ: Կհասկանա՞ն, որ այս բանաձեւը չկատարելը նոր ողբերգություն կբերի հայ ժողովրդին ու հայոց պետականությանը: Այստեղ է, որ եվրոպական կառույցները պետք է հասկանան, որ գործ ունեն հինգ հազար տարվա մշակույթ, պատմություն եւ հիշողություն ունեցող ժողովրդի հետ: Ժողովուրդ, որը քիչ բան չի արել Եվրոպայի համար: Ի վերջո, երկու հազարամյակի քրիստոնեությունը դեպի Եվրոպա մեզանով է գնացել, եւ մենք շատ լուրջ գին ենք տվել, որ եվրոպացիներն այսօր շատ լավ ապրեն: Եթե իրենք հիմա դա չհասկանան՝ մենք հետեւություններ կանենք: Ես կհամոզվեմ նրանում, որ ծերացող Եվրոպան իսկապես փափուկ կյանքից կորցրել է աշխարհի նկատմամբ իրական տեսիլքը:

– Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների համար իշխանությունները շարունակում են փնովել առաջին նախագահին եւ նրա վերադարձը մեծ քաղաքականություն: Արդեն հետին թվով՝ Դուք ինչպե՞ս եք գնահատում Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձը:

– Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձը մեծ քաղաքականություն իսկապես պատմական անհրաժեշտություն էր: Ես առաջիններից էի, ով ողջունեց նրա վերադարձը, հիմա էլ մնում եմ իմ կարծիքին: Ռոբերտ Քոչարյանի կառավարման 10 տարիների ընթացքում հայ ժողովուրդը հայտնվեց ազգային եւ մարդկային ինքնությունը կորցնելու վտանգի առջեւ: Առաջին նախագահի սկսած եւ շարունակվող շարժումը մեծ դեր խաղաց հայ ազգի վաղվա օրվա համար: Մանր-մունր քաղաքագետներ, լավ հագնված եւ լավ մեքենաներ քշող ինչ-որ տղաներ խոսում են, բաներ են ասում՝ դա երեւի իրենց լավ կյանքի, քծնանքի գինն է, բայց դրանք բոլորն անցնելու են: Պատմությունը եւ ժողովուրդը կտան առաջին նախագահի գնահատականները: Խելոք մարդիկ հիմա են դա հասկանում եւ գնահատում: Խնդիրը հիմա Լեւոն Տեր-Պետրոսյան անձի մեջ չէ: Յուրաքանչյուր մարդ խնդիրը տեսնում է իր ազատ եւ արժանապատիվ ապրելու իրավունքի մեջ: Այս շարժումը շարունակական գործընթաց է: Դուք կարծում եք, որ ընդդիմությունը եկավ իշխանության՝ այս շարժումը դադարելո՞ւ է: Ոչ: Այս համաժողովրդական շարժմամբ մենք ազգովին նոր պետության հիմքն ենք դնում: Իսկ հիմա մենք այս քավարանը պետք է անցնենք, պետք է մաքրվենք: Չուզենալ այս ամենը հասկանալ ու շարունակել կառչել աթոռներից՝ անընդունելի եւ աններելի մոտեցում է, դավաճանություն:

Ցավոք, 1990-ականներին Լեւոն Տեր-Պետրոսյանին չհաջողվեց երկրում ստեղծել մի այնպիսի իրավիճակ, որն այսօր գոյություն ունի: Կարեն Դեմիրճյանը, որպես Հայաստանի ամենաժողովրդական ղեկավար, իր երկրորդ կյանքը, ցավոք, շատ կարճ ապրեց: Այն, ինչ Վազգեն Սարգսյանի հետ նրանք պատրաստվում էին անել՝ շատ հուսադրող էր, բայց… այս շարժումը եւ Տեր-Պետրոսյանի կերպարը էապես տարբերվում են 90-ականների Տեր-Պետրոսյանի կերպարից: Այն ժամանակ Հայոց համազգային շարժումը վերածվեց մի նեղ՝ ՀՀՇ կուսակցության: Հիմա ՀՀՇ կուսակցությունը տարրալուծվեց համաժողովրդական շարժման մեջ: Տեր-Պետրոսյանի վերադարձով մի նոր էջ բացվեց. էջ, որտեղ ՀՀ քաղաքացիները տեսնում են սեփական ազատությունն ու արժանապատվությունը, ինքնությունը, լիարժեքությունը:

– Իբրեւ նախագահի՝ Սերժ Սարգսյանի կատարած քայլերը տանո՞ւմ են այս իրավիճակի հանգուցալուծման:

– Այն շատ ծանր բեռը, որի տակ կամովին մտավ Սերժ Սարգսյանը, կարծում եմ, նրան լուրջ խորհելու առիթ պետք է տա, եւ ինքը պիտի հասկանա, որ այս ամենն իրեն պետք չէր: Այսօր ես նրա քայլերում բացարձակ չեմ տեսնում այն ռադիկալ փոփոխությունները, որոնք իր նկատմամբ վստահություն կառաջացնեին: Այն մեթոդները, որոնք կիրառվում են ժողովրդի նկատմամբ՝ ընդունելի չեն եւ հեռանկար չունեն. այդպես չեն կառավարում, այդպես իշխում են, այն էլ՝ կարճաժամկետ: Սակայն ճակատագիրը նրան հազվագյուտ եւ ռեալ շանս է տվել շատ բաներ սրբագրելու: Իրական կյանքը ֆորմալ, թղթի վրա ստորագրելով չէ: Կոալիցիան չի վայելում հասարակության համակրանքը եւ առանձնապես քայլեր էլ չի անում դրան արժանանալու համար: Ինչո՞վ ենք դիմակայելու գլոբալ եւ լոկալ մարտահրավերներին: Այդ թղթի կտորո՞վ: Ձեռնոցը նետված է: Իշխանությունները պետք է հասկանան եւ գնան լուրջ զիջումների՝ այդպիսով ապահովելով նաեւ քաղաքական արենայից առանց ցնցումների իրենց դուրս գալու հարցը: Իշխանությունում էլ կան հասկացող մարդիկ եւ գիտակցում են, որ Հայաստանին օդի ու ջրի պես անհրաժեշտ են համապետական ընտրություններ, դրանց արդյունքում օրինական ձեւավորված իշխանություն: Համակարգային փոփոխությունների եւ երկրում վստահության մթնոլորտ ստեղծելու ճանապարհին սրանք այն նվազագույն քայլերն են, որ պետք է անհապաղ իրականացվեն, այլապես՝ ոչ մի լավ բանի չենք հանգի. ոչ ժողովուրդը, ոչ պետությունը:

– Ի՞նչ կմաղթեք կալանքի մեջ գտնվող Ձեր ընկերներին:

– Առողջություն, տոկունություն եւ համբերություն: Թող վստահ լինեն, որ իրենց այսօրվա կրած զրկանքները՝ հանուն ազատության ու հայոց պետականության, ժողովրդի կողմից գնահատվում է ըստ արժանվույն, եւ իրենց կարճ ժամանակ է մնացել այնտեղ մնալու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել