Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՇՏԿԵԼ ԻՐ ՍԽԱԼՆԵՐԸ

Մայիս 20,2008 00:00

\"\"1609 բանաձեւի անհապաղ կատարման պահանջներից մեկն էր նաեւ «Երթեր, ցույցեր, հանրահավաքներ, ժողովներ անցկացնելու մասին» օրենքը փոփոխելը:

Խորհրդարանը երեկ նորից սկսեց քննարկել «Ժողովներ, երթեր, ցույցեր եւ հանրահավաքներ անցկացնելու մասին» օրենքի հերթական փոփոխությունները: Մարտյան դեպքերից հետո շուտափույթ փոփոխված այս օրենքը «փոփոխության» հետեւանքով դարձավ ավելի վատը (անուն էլ ստացավ՝ «Օրենք ցույցերն արգելելու մասին»), իսկ Վենետիկի հանձնաժողովը հանդես եկավ խիստ գնահատականներով եւ ստիպեց վերանայել կատարված փոփոխությունները: Հիշեցնենք, որ Վենետիկի փորձագետների հետ Տիգրան Թորոսյանը ապրիլի 15-18-ը քննարկեց փոփոխությունները, որից հետո նրանք ԱԺ ուղարկեցին իրենց հերթական գնահատականը: Շաբաթ օրվանից Վենետիկի փորձագետների եզրակացությունը տեղադրված է ԱԺ կայք-էջում, եւ երեկ ԱԺ նախագահը խորհուրդ էր տալիս պատգամավորներին ծանոթանալ եզրակացության անգլերեն տեքստին: Պետք էր տեսնել խորհրդարանի արձագանքը. կոալիցիոն մեծամասնության օլիգարխիկ եւ «հեղինակություն» կազմող հատվածը խորը հառաչ արձակեց, որ «թարգմանվում» էր այսպես՝ միայն անգլերեն կարդալն էր պակաս: Նրանց ակնհայտորեն չէր հետաքրքրում ԵԽԽՎ 1609 բանաձեւի անհապաղ կատարման պահանջները, քննարկումներն ընթանում էին գրեթե կիսադատարկ դահլիճում, քանի որ «սահմանված կոճակները» սեղմելուց հետո ՀՀԿ եւ ԲՀԿ խմբակցությունների ճնշող մեծամասնությունը համերաշխ լքեց դահլիճը:

Հիշեցնենք, որ Վենետիկի հանձնաժողովի փորձագետների առաջարկներից մեկն այն է, որ «ինքնաբուխ զանգվածային-հրապարակային միջոցառման» համար թույլտվություն չպահանջվի, որպեսզի այդ «ինքնաբուխ զանգվածային-հրապարակային միջոցառումը» ունենա մինչեւ 6 ժամ տեւողություն: Թեպետ, ԱԺ նախագահի կարծիքով՝ 4 ժամն էլ հերիք կլիներ: Ըստ նրա, քանի դեռ ինքնաբուխ միջոցառումը զանգվածային չի դարձել, օրենքով կարգավորվելու կարիք չունի: Այս կետի հետ կապված «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները անհամաձայնություններ ունեին: Լարիսա Ալավերդյանը, ներկայացնելով խմբակցության կարծիքը, ասաց, որ 2005-ին ընդունված օրենքն՝ իր թերություններով, բավարար էր, եթե քաղաքական կամքը ճիշտ ուղղությամբ գործադրվեր. «Իրավիճակը չէր հասնի նրան, ինչն ավարտվեց 10 մարդու ողբերգական սպանությամբ եւ ավելի քան 200-ի վիրավորվելով»: Նա հարց ուղղեց մեծամասնությանը. «Անցել է երկու ամիս, արդյոք գտնո՞ւմ եք, որ իշխանության ձեռնարկած այս քայլերը, ներառյալ՝ օրենքի փոփոխությունը, բերել են հասարակական համաձայնության: Բոլոր այն փոփոխությունները, որ վերաբերում են ինքնաբուխ հավաքներին, կարելի է զրոյի հասցնել հետեւյալ փաստարկով. եթե ցանկացած քաղաքացի իրավունք ունի ինքնաբխվելու, քանի որ չի կարելի քաղաքական կարծիք հայտնել, էլ ի՞նչ է մնում՝ պիտի գնաս ու վեց ժամ ինքնաբխվես, չի բացառվում, որ մեկ ուրիշն էլ ուզի ինքնաբխվել, եւ անպայման չէ՝ նույն հարցով: Իրավական տեխնիկայի առումով ձեւակերպումները, որ տրվում են, չեն կարող իրականացվել այն արգելքների պատճառով, որոնք, իմ կարծիքով, իշխանությունը դեռ իր մտքում պահում է»: «Ժառանգությունը» հայտարարեց, որ դեմ է քվեարկելու օրենքին:

ՀՀԿ խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանը հակադարձեց. «Եթե ոմանք ուզում են, որ մեր օրենքները, գոնե այս կարեւոր օրենքը համապատասխանի կազմաքանդելու գաղափարախոսությանը, ասեմ, որ՝ ոչ, այդպես չի կարող լինել: Իսկ եթե ուզում ենք, որ ՀՀ քաղաքացին կարողանա իր իրավունքներն ու կամքն արտահայտել երթերի, հանրահավաքների եւ ցույցերի միջոցով, մենք այս օրենքով ամրագրում ենք այդ իրավունքը: Եթե սրա մասին կա հեղինակավոր կառույցների դրական գնահատականը, կարծում եմ՝ դա պետք է բավարար լինի, եւ հերիք է փորձենք քննադատել բոլորին՝ ամեն ինչում, եթե նրանց տեսակետները չեն համընկնում մերին»:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը նկատեց. «Հարց է առաջանում, թե ինչո՞ւ համահեղինակները, օրինակ՝ մենք՝ ՀՅԴ ներկայացուցիչները, փորձում ենք փոփոխություններ մտցնել այն օրինագծում, որը համարվում է մեր հեղինակածը: Այն ժամանակ (մարտի 17-ին- Մ. Ե.) կատարվեց այդ սխալը: Այն, ինչ մենք առաջարկում էինք այն օրերին փոփոխել այս օրինագծի մեջ, փոփոխվում է այսօր»: Վահան Հովհաննիսյանն ասաց, որ մարտի 17-ին իրենք հետքայլ են կատարել՝ երկրի ժողովրդավարական արժեքների պահպանման իմաստով. «Գուցե, եթե մենք այդ քայլն այն ժամանակ չկատարեինք, ԵԽԽՎ-ի 1609 բանաձեւն ավելի մեղմ լիներ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել