Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Մայիս 17,2008 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք վեցերորդ

Գլուխ տասնմեկերորդ

ՀՈԳԵԿԱՆ ԸՆԴՄԻՋՈՒՄ

Ես սկզբում մտածում էի՝ արտակարգ դրությունը կհանվի, Նիկոլի «Հայկական ժամանակը» կտպվի, ու ես էլ հանգիստ խղճով ի՛մ «Հայկական ժամանակը» կշարունակեմ տպել, բայց հետո մտածեցի ու հասկացա, որ մարդիկ էս վեպիս ու Հրուշի պատմության շարունակության հավեսն ու սիրտը չունեն, որովհետեւ, ինչպես չարագուշակ ենթադրում էի, զոհեր տվինք, եւ իմ չարագուշակության հիմքն իրավիճակի գերլարվածությունն էր, որովհետեւ ընդդիմությունը իշխանություններին իշխանությունը հանձնելու տարբերակ չէր թողել, ինչպես որ հիմա՝ էս պահին իշխանությունները ընդդիմությանն ու Լեւոնին իշխանության չգալու տարբերակ չեն թողնում, չնայած էս ասածս ամենեւին չի նշանակում, թե տարբերակ ունենալու պարագայում իշխանություններն իշխանությունը կամավոր կհանձնեին, բայց փաստը փաստ է, որ ընտրապայքարը հեղափոխական բնույթ էր կրում է՛ն իմաստով, որ իշխանությունները բառացիորեն ամեն ինչ կորցնելու վտանգի առաջ էին, եւ, բացի այդ, վերջին տարիների դրությամբ՝ մենք բոլորս բարդույթավորված էինք զոհեր չունենալու շարունակական հանգամանքից եւ զոհերի բացակայությունը չէինք համարում Աստվածային պարգեւ, ու էդ պարզ բանը չհասկանալով՝ նույնիսկ չէինք հիշում, որ երկրաշարժին ու Ղարաբաղի պատերազմին անհամար զոհեր, այնուամենայնիվ, տվել էինք, բայց երկրաշարժը պատահականություն կամ գորբաչովյան դիտավորություն էինք համարել, իսկ պատերազմի զոհերը հաղթանակով էինք արդարացրել, եւ Սումգայիթն էլ արտաքին թշնամու հերթական եղեռնագործությամբ էինք պայմանավորում, մինչդեռ մեր իսկ ձեռամբ զոհեր չտալու փաստն Աստծո պարգեւ չէինք համարում ու էդ առումով մեր Աստծուց շարունակաբար անշնորհակալ էինք, եւ ութսունականների վերջերին ու իննսունականների սկզբներին, երբ մի ամբողջ Սովետ փլուզվեց, ու էդ փլատակների տակ մեր զոհերը չունեցանք, վերստին Աստծո գթասրտությունը չըմբռնեցինք եւ «Ղարաբաղ» կոմիտեի տղերքի հունարը չգնահատեցինք ու չէինք էլ կարող գնահատել, որովհետեւ իրենք՝ էդ կոմիտեի տղերքն անգամ չբարեհաճեցին իրենց արածն ու իրար գնահատել, ավելին՝ մի քանի տարուց հենց իրենց ներսում լարվածությունը գագաթնակետին հասավ ու էդ լարվածությունը վերացվեց Մանուկյան Վազգենի՝ պաշտպանության նախարար նշանակումով, եւ չնայած էդ նշանակումը Լեւոնի իմաստուն քայլերից էր, եւ չնայած էդ պաշտոնավարումը Վազգենի ամենահաջող պաշտոնավարումն էր, բայց էս բաներն էլ չհասկացանք ու չգնահատեցինք, որովհետեւ նախ իրենք պիտի հասկանային ու գնահատեին, եւ չարչրկված իննսունվեցին էլ, երբ լարվածությունը գագաթնակետից անցավ, վերստին առանց զոհերի յոլա գնացինք, ընդ որում՝ վերստին կողմերի շնորհիվ, որովհետեւ, հիշում եմ, էդ օրերին ընդդիմադիրներից շատերն էին աջուձախ փնթփնթում, թե՝ Վազգենը պայքարը դադարեցնելով՝ շարժմանը դավաճանեց, ինչպես որ իննսունութին լեւոնականներն էին աջուձախ փնթփնթում, թե՝ Լեւոնն իզուր տեղը իշխանությունն առանց պայքարի ու առանց զոհերի հանձնեց, ու էս փնթփնթացողներս շարունակում էինք փնթփնթալ ու դժգոհել, թե՝ Դեմիրճյաններն ինչո՞ւ են պայքարը դադարեցնում ու մինչեւ վերջ չեն գնում, եւ նույնիսկ էսքանից հետո չենք հասկանում, որ մինչեւ վերջ գնացողը հենց Դեմիրճյան ավագն էր, ինչպես նաեւ՝ Սարգսյան Վազգենը, ու էսքան մինչեւ վերջ գնացողներ ունենալով՝ չէինք բավարարվում եւ արդեն սկսել էինք մեզ նույնիսկ վրացիներից ու ադրբեջանցիներից խեղճ ու խղճուկ համարել:

Հիմա՝ մարտի մեկի փորձանքից հետո ու առաջիկա առնվազն հիսուն տարիներին արդեն դժվար թե ինքներս մեզ խեղճության մեջ մեղադրենք, ու մարտի մեկի անմեղ զոհերի ապրելն ու զոհվելը միգուցե էս կերպ կարողանանք իմաստավորել, ու էսօրվա էսքան քաղբանտարկյալների առկայությունն է՛լ է մեր խեղճության բարդույթը որոշակիորեն ցրում, ընդ որում՝ էնպես է ցրում, որ ինձ պես խեղճացածն անգամ չի կարող ընդհանուր տպավորության վրա ազդել, եւ հիմա՝ երբ իրենց մտավորական չհամարող լրագրողներն իրար հերթ չտալով հռետորական հարցնում են՝ «իսկ ո՞ւր են մեր մտավորականները. ինչո՞ւ չեն խոսում», ես անկեղծորեն զարմանում եմ, որովհետեւ իրեն վաղուց մտավորական չհամարող խեղճացածս էն կարծիքին է, որ մեր մտավորականները ոչ թե չեն խոսում, այլ, ընդհակառակը, չափից շատ են խոսում, ընդ որում՝ հիմնականում անտեղի ու անիմաստ, ինչպես նաեւ՝ հիմնականում վտանգավոր, իսկ իմ չխոսելն ու իմ լռելը ոչ միայն մտավորական չլինելուս հանգամանքով է պայմանավորված, այլեւ՝ տեղի ու ժամանակի սղությամբ, որովհետեւ եթե որեւէ լրագրողի հարցազրույց տայի կամ Պետրոսին հյուր գնայի, հնարավորություն չէի ունենա էսքան մանրամասն ու էսքան երկարբարակ անդրադառնալ էս ամենին, եւ երբ սրանից ամիսուկես առաջ մի իրիկուն հանկարծակի էս ամենին անդրադառնալու անզուսպ ցանկություն ունեցա, անմիջապես զանգեցի Առուստամյան Գայանին ու թախանձագին խնդրեցի, որ ինձնից հարցազրույց վերցնի, բայց երբ ամբողջ գիշեր մտածեցի ու հասկացա, որ ասելիքս չափազանց երկար ու չափազանց բարակ է, առավոտ գիշերով զանգեցի նույն Գայանին ու առավել թախանձագին խնդրեցի, որ ինձնից հարցազրույց չվերցնի, եւ Գայանն, իհարկե, շատ զարմացավ, բայց ոչինչ չասաց, որովհետեւ եթե ասեր, պիտի ասեր՝ «կարող ա՞ գժվել ես, ա՛յ Արմեն», եւ երբ խոսափողը դրեցի, ի՛նքս մտածեցի՝ «կարող ա՞ իսկականից գժվել եմ», եւ մի քանի անգամ էդ բանը մտածելով՝ անմիջապես զանգեցի Մաքսիմ Գորկու դպրոցի իմ համադասարանցի հոգեբույժ Սուրոյին ու ասացի, որ հետը շատ կարեւոր գործ ունեմ, եւ երբ նույն էդ իրիկուն հանդիպեցինք ու Ռադիոյի տան դիմացի սրճարանում սրճեցինք, առանց հեռվից սկսելու՝ միանգամից իրեն հարցրի՝ «հնարավո՞ր ա, որ մարդը գժվի ու հասկանա, որ ինքը գժվել ա», եւ Սուրոն ծիծաղելով պատասխանեց ու ասաց՝ «որ էդքան բանը հասկանա՝ էլ ի՞նչ գիժ», եւ ես հարցրի՝ «հաստատ ե՞ս ասում», եւ ինքը պատասխանեց ու ասաց՝ «կարաս չկասկածես», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «դե լավ ա», եւ Սուրոն ժպտաց ու հարցրեց՝ «էդ մարդն ո՞վ ա», եւ ես ասացի՝ «ընկերս ա», եւ ինքը հարցրեց՝ «ի՞նչ մասնագիտություն ունի», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «բանասեր ա», եւ Սուրոն միանգամից լրջացավ ու հարցրեց՝ «ուզում ե՞ս ճիշտն ասեմ», եւ ես ասացի՝ «հա. ասա», եւ Սուրոն ասաց՝ «հազարից մեկ ա պատահում, որ խելագարվածը գիտակցի ու հասկանա, որ ինքը խելագար ա», եւ ես կմկմալով ասացի՝ «փաստորեն, էդ ընկերոջս հետ պատահել ա», եւ Սուրոն հարցրեց՝ «էդ ի՞նչ ընկեր ա. ես ճանաչո՞ւմ եմ», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «շատ լավ ես ճանաչում», եւ ինքը հարցրեց՝ «ո՞վ ա», եւ ես ասացի՝ «չեմ ասի. ինքը խնդրել ա, որ մարդու չասեմ», եւ Սուրոն ասաց՝ «ձեր գործն ա. չեք ուզում՝ մի ասեք» եւ ավելացրեց՝ «էդ ընկերոջդ ասա՝ թող հանգիստ ըլնի. իրան էդ տարբերակը չի սպառնում», եւ ես հարցրի՝ «նոր ասում էիր՝ հազարից մեկ պատահում ա», եւ Սուրոն ասաց՝ «պատահելը պատահում ա, բայց ուրիշների հետ ա պատահում», եւ ես հարցրի՝ «ուրիշների՝ ո՞ւմ», եւ Սուրոն պատասխանեց ու ասաց՝ «մասնագետների», եւ ես հարցրի՝ «ի՞նչ մասնագետներ», եւ Սուրոն պատասխանեց ու ասաց՝ «հոգեբույժների» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «օրինակ, իմ հետ շատ ա պատահել», եւ ես հարցրի՝ «ի՞նչ ա շատ պատահել», եւ Սուրոն միանգամայն լուրջ պատասխանեց ու ասաց՝ «զգացել եմ, որ հոգեկանս խախտված ա», եւ ես հարցրի՝ «որ դու զգացել ես, ուրիշը խի՞ չի կարա զգա», եւ Սուրոն պատասխանեց ու ասաց՝ «ուրիշը կարա զգա, բայց չի կարա հասկանա. ես համ զգացել եմ, համ էլ հասկացել եմ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «մոռանում ես, որ ես մասնագետ եմ», եւ ես մի քիչ մտածեցի ու հարցրի՝ «հիմի վիճակդ ո՞նց ա», եւ Սուրոն հարցրեց՝ «ի՞նչ իմաստով», եւ ես ասացի՝ «հոգեկանի իմաստով», եւ Սուրոն ժպտաց ու ասաց՝ «հոգեկանի իմաստով մեր վիճակը միշտ էլ նույնն ա», եւ ես ասացի՝ «այսինքն», եւ Սուրոն ծիծաղեց ու ասաց՝ «որ առավոտից իրիկուն գժերի հետ շփվես, ո՞նց կարաս նորմալ մարդ մնաս», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «փաստորեն, ձեր գործն էլ մի գործ չի», եւ Սուրոն հոգոց հանեց ու ասաց՝ «մեր գործից ահավոր գործ մեկ էլ մեր գործն ա» եւ մի քիչ մտածեց, ավելացրեց՝ «դրսից ուրիշի աչքն ենք հանում, ներսից՝ մեր», եւ ես ասացի՝ «փաստորեն, գործիցդ դժգոհ ես», եւ Սուրոն ասաց՝ «գոհ ըլնելու պատճառ չկա. փաստորեն, գժերի հետ հավասար գժվում ենք», եւ ես հարցրի՝ «ֆինանսական իմաստով էլ ե՞ս գործիցդ դժգոհ», եւ Սուրոն ասաց՝ «ֆինանսական իմաստով հազիվ եմ ծերը ծերին հասցնում», եւ ես ասացի՝ «ես էլ մտածում էի՝ ֆինանսական իմաստով բժիշկների գործը լավ ա», եւ Սուրոն ասաց՝ «նայած բժիշկ» եւ մի քիչ մտածեց, ավելացրեց՝ «գժերի բժշկի գործը ո՞նց կարա լավ ըլնի», եւ ես հարցրի՝ «խի՞ չի կարա», եւ Սուրոն պատասխանեց ու ասաց՝ «հիմի հիմնականում աղքատներն են գժվում. մեկն ըլնի՝ իրա՛նց փող տա», եւ ես հարցրի՝ «հարուստների մեջ հոգեկան հիվանդներ չկա՞ն», եւ Սուրոն պատասխանեց ու ասաց՝ «լիքը» եւ ավելացրեց՝ «բայց հարուստները գժանոց չեն գալի. իրանք հատուկ անձնական հոգեբույժ են պահում, ավելի ճիշտ՝ հոգեբան», եւ ես հարցրի՝ «վճարովի՞», եւ Սուրոն ծիծաղեց ու ասաց՝ «անվճար ո՞նց կարաս դրանց հոգիները թափանցես», եւ ես հարցրի՝ «բա խի՞ հարուստների անձնական հոգեբան չես դառնում», եւ Սուրոն ժպտաց ու ասաց՝ «ո՞վ ա թողում՝ որ դառնամ. ասինք հոգեբույժները գիժ են, բայց էնքան գիժ չեն, որ իրանց կլիենտներին ինձ տան», եւ ես հարցրի՝ «բա էդ հարուստները հեչ քեզ չեն դիմո՞ւմ», եւ Սուրոն պատասխանեց ու ասաց՝ «մեր մեջ ասած՝ էդ հարուստների մեծ մասը շատ ախմախ մարդիկ են. փոխանակ իմ պես գործող մասնագետներին դիմեն, գնում՝ գլխավոր բժշկին ու բժշկականի դասախոսներին են դիմում, որոնք, մեր մեջ ասած, պրակտիկ հոգեբուժությունից գաղափար չունեն», եւ ես նորից հարցրի՝ «հեչ քեզ չեն դիմո՞ւմ», եւ Սուրոն խորամանկ ինձ նայեց, թեթեւակի ժպտաց ու հարցրեց՝ «որ ճիշտն ասեմ՝ հո չե՞ս նեղանա», եւ ես ասացի՝ «ասա», եւ Սուրոն ասաց՝ «քո պես ըսենց նիսյա դիմողներ համարյա ամեն օր էլ պատահում են», եւ ես ասացի՝ «չհասկացա», եւ Սուրոն ասաց՝ «չհասկանալու ի՞նչ կա. ուզում եմ ասեմ՝ ըսենց ձրի կոնսուլտացիաների հարցերով համարյա ամեն օր ինձ դիմում են, բայց հենց բանը հասնում ա կոնկրետ փողի ու բուժման հարցերին, գնում՝ էդ գլխավորներին ու դասախոսներին գտնում են ու փեշով փողը թափում են դրանց առաջ. մտքներով չի էլ անցնում, որ պրակտիկ բժիշկը ես եմ, ոչ թե՝ էդ ծակ փիլիսոփաները», եւ ես ասացի՝ «շատ վատ ա», եւ ինքը հարցրեց՝ «ի՞նչն ա վատ», եւ ես ասացի՝ «վատ ա, որ քեզ չեն վստահում», եւ Սուրոն ասաց՝ «չեմ ասում՝ անձամբ ինձ վստահեն. իմ մակարդակի պրակտիկ բժիշկ հանրապետությունում առնվազն քսան հատ կա», եւ ես ասացի՝ «համեստություն ես անում. ես լսել եմ, որ դու հանրապետության մասշտաբով ամենաուժեղ մասնագետներից ես», եւ Սուրոն մի քիչ մտածեց, ժպտաց ու ասաց՝ «սաղն էլ քո պես են ասում, բայց հենց որ տեղը գալիս ա, գնում՝ փեշով փողը թափում են էդ գլխավորների ու դասախոսների առաջ», եւ ես ծիծաղեցի ու ասացի՝ «ես որ մի օր գժվեմ՝ հաստատ քեզ կդիմեմ», եւ Սուրոն ժպտաց ու ասաց՝ «որովհետեւ վստահ ես, որ քեզնից փող չեմ վերցնի» եւ ծիծաղելով ավելացրեց՝ «համ էլ, հո անծանոթ բժշկի մոտ չե՞ս գնա ու ասի՝ գժվել եմ. մի րոպեում շուխուռն աշխարհով մեկ կընկնի», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «ճիշտ ես ասում», եւ Սուրոն ասաց՝ «ինչքան չըլնի՝ որոշ չափով հայտնի մարդ ես. մի րոպեում սաղ աշխարհը կիմանա, որ Շեկոյան Արմենը գժվել ա», եւ ես խեղճացած հարցրի՝ «դու էլ ե՞ս ինձ հայտնի մարդ համարում», եւ Սուրոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «որոշ չափով» եւ ավելացրեց՝ «ինչքան չըլնի՝ արվեստագետ ու մտավորական մարդ ես», եւ ես ավելի խեղճացած հարցրի՝ «փաստորեն, դու էլ ես ինձ մտավորական համարում», եւ Սուրոն ասաց՝ «կարող ա՞ գիրք գրելը մտավոր աշխատանք չի», եւ ես հարցրի՝ «կարող ա՞ հոգեբուժությունը մտավոր աշխատանք չի», եւ Սուրոն պատասխանեց ու ասաց՝ «որ ճիշտն ուզում ես իմանաս, ամենամտավոր աշխատանքը հենց մերն ա», եւ ես հարցրի՝ «բա խի՞ ձեզ մտավորական չեն համարում», եւ Սուրոն պատասխանեց ու ասաց՝ «որովհետեւ խելքները շատ ա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «որ մտավորական չըլնենք, ո՞նց կարանք մտավորականների հոգիները կարդանք», եւ ես հարցրի՝ «ի՞նչ մտավորականներ», եւ Սուրոն ասաց՝ «շատ ա պատահել, որ ձեր արվեստագետներն ու մտավորականներն իրանց հոգեկանի հարցերով ինձ են դիմել» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մեջները գրող է՛լ ա պատահել», եւ ես հարցրի՝ «ի՞նչ գրող», եւ Սուրոն ժպտաց ու ասաց՝ «գաղտնիք ա. իրանք որ ինձ վստահել են, ես ո՞նց կարամ իրանց անունները տարածեմ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «հիմի որ աջուձախ տարածեմ, թե Շեկոյան Արմենն իրա հոգեկանի հարցով մոտս էր էկել, քո դուրը կգա՞», եւ ես ապշահար ասացի՝ «բայց ես ընկերոջս հաշվով եմ մոտդ էկել», եւ Սուրոն ժպտաց ու ասաց՝ «քե՛զ ա թվում, թե ընկերոջդ հաշվով ես էկել» եւ ծիծաղելով ավելացրեց՝ «էդ երբվանի՞ց ես էդքան ընկերասեր դառել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «Վանոյի վախտով իմ հաշվով որ մի կեսբերան խնդրեիր, էսօրվա օրով գլխավոր կըլնեի ու համ քեզ կպահեի, համ էլ՝ ինձ», եւ ես ասացի՝ «որ բնավորությամբ մի քիչ պաշտոնասեր ու կարիերիստ ըլնեիր, առանց Վանոյի էլ գլխավոր դառած կըլնեիր», եւ Սուրոն ժպտաց ու ասաց՝ «իմ բնավորությունը քո ընկերասիրության հետ ոչ մի կապ չունի», եւ ես խեղճացած հարցրի՝ «չես հավատո՞ւմ, որ ընկերոջս հաշվով եմ քեզ հարցուփորձ անում», եւ Սուրոն ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «էդ ուղղությամբ հեչ չեմ էլ մտածում, որ հավատամ կամ չհավատամ» եւ ծիծաղելով ավելացրեց՝ «հեչ չեմ էլ կասկածում», եւ ես խեղճացած հարցրի՝ «ի՞նչ չես կասկածում», եւ Սուրոն ժպտաց ու ասաց՝ «ոչ մի ընկեր էլ չկա. դու քո՛ հաշվով ես ինձ ըսենց երկարբարակ հարցուփորձ անում», եւ ես հարցրի՝ «ի՞նչ հարցուփորձ», եւ Սուրոն խորամանկ ժպտաց ու ասաց՝ «արխային, ախպե՛ր. քեզ ոչ մի վտանգ էլ չի սպառնում», եւ ես ամաչելով կմկմացի՝ «ի՞նչ պիտի սպառնար», եւ Սուրոն ժպտաց ու ասաց՝ «հանգիստ էղի. էսքան վախտ հետդ ուշադիր խոսում եմ ու կարամ հարուր տոկոսով երաշխավորեմ, որ հոգեկանդ ու ամեն ինչ լրիվ տեղն ա. իզուր էլ ըսենց իրար ես խառնվել», եւ ես շիվարած ասացի՝ «փաստորեն, գլխիս սարքում ես», եւ Սուրոն հարցրեց՝ «ո՞նց եմ գլխիդ սարքում», եւ ես ասացի՝ «չես հավատո՞ւմ, որ ընկերոջս հաշվով էի քեզ հարցուփորձ անում», եւ Սուրոն խորամանկ ժպտաց ու ասաց՝ «համ ինձ գովում ես, ասում ես՝ լավ մասնագետ ես, համ էլ թերագնահատում ես», եւ ես զարմացած հարցրի՝ «ե՞րբ եմ թերագնահատել», եւ Սուրոն ժպտաց ու ասաց՝ «հենց առաջին նախադասությունիցդ զգացի ու հասկացա, որ հոգեպես շատ անհանգիստ ես», եւ ես ժպտացի ու ասացի՝ «իզուր չեն ասում, որ ամենաուժեղ հոգեբույժն ես», եւ Սուրոն ժպտաց ու ասաց՝ «վիրավորում ես», եւ ես զարմացած հարցրի՝ «ո՞նց եմ վիրավորում», եւ Սուրոն ասաց՝ «հիմա հոգեբույժ չեն ասում», եւ ես հարցրի՝ «բա ի՞նչ են ասում», եւ Սուրոն պատասխանեց ու ասաց՝ «հոգեբան են ասում. արտասահմանից են սովորել» եւ ժպտալով ավելացրեց՝ «հիմիկվա հարուստներն արտասահմանցիների պես անձնական հոգեբան են պահում», եւ ես հարցրի՝ «հարուստնե՞րն ինչի են խանգարվում», եւ Սուրոն պատասխանեց ու ասաց՝ «մարդ արարածը մեկ չունենալուց ա գժվում, մեկ էլ՝ շատ ունենալուց», եւ ես ասացի՝ «մտքովս չի անցել, որ շատ ունենալուց կարան գժվեն», եւ Սուրոն ասաց՝ «հիմնականում իրանց կնանիք են խփնված. մարդ մեկ իրա պրոբլեմներից ա գժվում, մեկ էլ՝ վաբշե պրոբլեմ չունենալուց» եւ ժպտալով ավելացրեց՝ «պրոբլեմ չունենալն է՛լ ա պրոբլեմ», եւ ես հարցրի՝ «ասում ես՝ արվեստագետների մեջ է՞լ են հոգեկանները շատ», եւ Սուրոն միանգամայն լուրջ պատասխանեց ու ասաց՝ «սաղ խավերից էլ կան. էս հիվանդությունը պաշտոն ու կոչում չի հարցնում, բայց որ արվեստագետներն ու մտավորականներն անունով ու ճանաչված մարդիկ են, իրանց հիվանդության մասին շատ շուտ ա տարածվում» եւ մի քիչ մտածեց, ավելացրեց՝ «շատ դեպքերում իրանց մասին սուտ լուրեր են տարածում, թե հոգեկան են. ժողովուրդը ճիշտ ա ասում՝ մարդու աչքը դուս գա, անունը դուս չգա», եւ ես ասացի՝ «բամբասանքն ավելի շուտ ա տարածվում, քան՝ ճիշտը», եւ Սուրոն ասաց՝ «որ ճիշտն ուզում ես իմանաս՝ հոգեկան հիվանդությունն ավելի շատ աղքատների հիվանդություն ա, քան՝ հարուստների կամ, ասենք, արվեստագետների, բայց քանի որ աղքատները հազարից մեկ են մեզ դիմում, իրանց անունը դուս չի գալի», եւ ես հարցրի՝ «աղքատները քիչ ե՞ն դիմում», եւ Սուրոն պատասխանեց ու ասաց՝ «խեղճերը փող ունե՞ն, որ դիմեն», եւ ես հարցրի՝ «ձեր գծով պետպատվեր չկա՞», եւ Սուրոն պատասխանեց ու ասաց՝ «որ կա՞ ինչ. աղքատ մարդը մեզ է՛ն վախտ ա դիմում, երբ որ բանը բանից անցած ա ըլնում. ավելի ճիշտ՝ ոչ թե անձամբ հիվանդն ա դիմում, այլ՝ հիվանդի հարազատները. երբ որ հիվանդն արդեն հարազատների ու հասարակության համար լուրջ վտանգ ա ներկայացնում, էդ վախտ նոր դիմում են» եւ ավելացրեց՝ «երբ որ հիվանդն արդեն կապելու գիժ ա դառնում, էդ վախտ են մեզ հիշում» եւ մի քիչ մտածեց ու ասաց՝ «կապելու գժին ո՞նց կարաս բուժես», եւ ես հարցրի՝ «բա ի՞նչ եք անում», եւ Սուրոն պատասխանեց ու ասաց՝ «ի՞նչ պիտի անենք. գցում ենք գժանոց» եւ ավելացրեց՝ «հասարակության համար շատ վտանգավոր գժեր կան. հո փողոցում չե՞նք թողի», եւ ես ասացի՝ «պարզ ա», եւ Սուրոն ասաց՝ «հեչ էլ պարզ չի. ուրիշ բարդություններ է՛լ կան», եւ ես հարցրի՝ «ի՞նչ բարդություններ», եւ Սուրոն պատասխանեց ու ասաց՝ «էս պետության բյուջեն չի հերիքում, որ կարգին գժանոց ու գիժ պահի. փողը քչություն ա անում» եւ ավելացրեց՝ «էդ գժերին սնունդով էլ պիտի ապահովես, չէ՞», եւ ես ասացի՝ «ուզեն չուզեն՝ պիտի գժանոց պահեն. հո վտանգավոր գժերին դուրսը չե՞ն թողի», եւ Սուրոն ասաց՝ «խոսքը մենակ վտանգավորներին չի վերաբերում. մարդիկ կան, որ սուտ գիժ են ձեւանում», եւ ես զարմացած հարցրի՝ «ո՞նց են սուտ գիժ ձեւանում», եւ Սուրոն քահ-քահ ծիծաղեց ու ասաց՝ «քո պես» եւ լրջանալով ավելացրեց՝ «հանաքը մի կողմ. բոմժեր կան, որ սուտ գիժ են ձեւանում, որ վանքի հավերն ուտեն», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ վանքի հավեր», եւ Սուրոն պատասխանեց ու ասաց՝ «էդ բոմժերը գալիս են, սուտ գիժ են ձեւանում, որ գժանոց ընկնեն ու իրանց համար էնտեղ առոք-փառոք սնվեն ու ապրեն», եւ ես հարցրի՝ «բա իրանք էդ վտանգավոր գժերից չեն վախենո՞ւմ», եւ Սուրոն պատասխանեց ու ասաց՝ «ի՞նչ վախենալ. էդ բոմժերը որ թայֆեքով գժանոց են լցվում, էն կապելու գժերին է՛լ են սկսում նեղել», եւ ես ասացի՝ «բա խի՞ եք իրանց էնտեղ ուղարկում», եւ Սուրոն պատասխանեց ու ասաց՝ «ճիշտն ասած, մեղքներս տալիս ա, մյուս կողմից էլ մտածում ենք՝ ավելի լավ ա գժերին մի քիչ նեղություն տան, քան թե՝ հասարակության մեջ հազար ու մի վարակ տարածեն», եւ ես ասացի՝ «ճիշտ եք մտածում», եւ Սուրոն ասաց՝ «համ էլ՝ ինչքան էլ ուժեղ մասնագետ ըլնես, չես կարա ապացուցես, որ բոմժը գիժ չի», եւ ես հարցրի՝ «խի՞ չես կարա ապացուցես», եւ Սուրոն պատասխանեց ու ասաց՝ «որովհետեւ բոմժերը գժերից բեթար բեսպրեդել ու կանցավիկ են», եւ ես ժպտալով հարցրի՝ «էդ գողական բառե՞րը երբ ես սովորել», եւ Սուրոն միանգամայն լուրջ տոնով ասաց՝ «որ ճիշտն ուզում ես իմանաս, բոմժերն իսկական գողերից է՛լ են կանցավիկ. իրանք, փաստորեն, լրիվ թքած ունեն էս կյանքի վրա», եւ ես հակադրվելով ասացի՝ «որ թքած ունենային, ձեր գժանոցների առոք-փառոք կյանքին չէին ձգտի», եւ Սուրոն ասաց՝ «մեղադրելու չի. մարդ արարածը քանի չի մեռել՝ միշտ էլ սնունդի կարիք զգում ա, մանավանդ՝ ձրի սնունդի», եւ ես ասացի՝ «փաստորեն, կլիենտներդ քչություն չեն անում», եւ Սուրոն ծիծաղեց ու ասաց՝ «հա. մանավանդ՝ ձրի՛ կլիենտներս» եւ լրջանալով ավելացրեց՝ «էս քաղաքական վիճակը որ սրվել ա, մեր կլիենտներն ավելի են շատացել», եւ ես հարցրի՝ «ինչի՞ց ա», եւ Սուրոն պատասխանեց ու ասաց՝ «քաղաքական վիճակը որ սրվում ա, մարդկանց հոգեվիճակն է՛լ ա շատ սրվում» եւ ավելացրեց՝ «էս մարտի մեկի զոհերը մարդկանց վրա շատ ուժեղ են ազդել», եւ ես հարցրի՝ «միտինգներին գնո՞ւմ էիր», եւ Սուրոն պատասխանեց ու ասաց՝ «ես քաղաքականությամբ զբաղվելու իրավունք չունեմ», եւ ես հարցրի՝ «խի՞ չունես», եւ Սուրոն ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «որովհետեւ իմ կլիենտների մեջ սաղ կուսակցություններից էլ մարդիկ կան», եւ ես ծիծաղելով հարցրի՝ «արդյոք ովքե՞ր են», եւ Սուրոն ժպտալով ասաց՝ «քո դուրը կգա՞, որ ըստեղ-ընդեղ ասեմ ու տարածեմ, որ Շեկոյան Արմենն է՛լ ա իմ կլիենտը», եւ ես ծիծաղելով ասացի՝ «վրես լա՜վ հաստատեցիր», եւ Սուրոն անսպասելի հարցրեց՝ «բա դո՞ւ խի չես քաղաքականությամբ զբաղվում», եւ ես հարցրի՝ «ի՞նչ գիտես, որ չեմ զբաղվում», եւ Սուրոն ասաց՝ «որ ելույթ ունեցած ըլնեիր, գոնե մի անգամ լսած կըլնեի», եւ ես ասացի՝ «դու քաղաքականությամբ չես զբաղվում, բայց ուզում ես ուրիշներն զբաղվեն», եւ Սուրոն ասաց՝ «քաղաքականությամբ չեմ զբաղվում, բայց ընկերոջդ շատ եմ հարգում», եւ ես հարցրի՝ «ո՞ր ընկերոջս», եւ Սուրոն ասաց՝ «Վանոյին» եւ ժպտալով ավելացրեց՝ «ճիշտ ա, գլխավոր չդառա, բայց իրան շատ եմ հարգում» եւ անմիջապես լրջանալով շարունակեց ու ասաց՝ «ինքը սաղիս արածներն իրա վրա վերցրեց ու ոչ մեկիս չծախեց»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել