Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանի շենքում՝ դատարան

Մայիս 17,2008 00:00

Կարգադրիչները միայն օրինական պահանջնե՞ր են կատարում

Համաձայն նոր դատական օրենսգրքի, այս տարվա հունվարի 1-ից Հայաստանում գործում են նոր դատարաններ: Առաջին ատյանի դատարաններն արդեն երկուսն են՝ ընդհանուր իրավասության դատարաններ եւ մասնագիտացված՝ քրեական ու քաղաքացիական դատարաններ: Դատական քննությունը ողջամիտ ժամկետներում ավարտելուն, ինչ խոսք, մեծապես խանգարում էր նաեւ առաջին ատյանի դատարանների ծանրաբեռնվածությունը: Այդ հանգամանքը «Առավոտի» հետ զրույցում հաստատեց նաեւ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վարդենիսի նստավայրի դատավոր Վահագն Մելիքյանը: Ըստ նրա, դատական համակարգի փոփոխություններից հետո, այժմ անհամեմատ ավելի հանգիստ պայմաններում են դատավորներն աշխատում: «Ես կողմ կլինեի նույնիսկ, որ ոչ միայն դատարանները մասնագիտացվեին, այլեւ դատավորները: Անշուշտ, էլ ավելի կլավանա դատավարության որակական կողմը, եթե քրեական գործերը քննեն քրեական որակավորում ունեցող դատավորները, քաղաքացիականը՝ քաղաքացիական գործերում հմտացածները»,- ասաց Վ. Մելիքյանը: Այժմ ընդհանուր իրավասության դատարաններին ենթակա են բոլոր գործերը՝ բացառությամբ ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ քրեական, ինչպես նաեւ նվազագույն աշխատավարձի 5000-ապատիկը գերազանցող գումարներին առնչվող քաղաքացիական գործերը:

Վ. Մելիքյանը նշեց, որ իրենց մոտ հիմնականում քննության են առնվում իրավաբանական ակտերին վերաբերող, ինչպես նաեւ գույքը տիրազուրկ ճանաչելու գործերը: Դատավորի վկայությամբ, թեեւ 2-3 տարի առաջ այս բնույթի գործերն ավելի շատ էին, սակայն այսօր էլ դրանք գերակշռող են, քանի որ արցախյան ազատամարտի տարիներին այս տարածքում ապրող ադրբեջանցիները հեռացել են եւ իրենց գույքը մնացել է անտեր, իսկ Ադրբեջանից մազապուրծ հայերն էլ տեղավորվել են նրանց տներում եւ այժմ դատարանից պահանջում են այդ տների նկատմամբ ճանաչել իրենց սեփականության իրավունքը, քանի որ դրանք տիրազուրկ են:

Փոփոխություններից հետո այս ատյանում չեն լսվում նաեւ դատավարական օրենքով նախատեսված ոչ գույքային բնույթի գործեր, ինչպես նաեւ՝ սնանկության վերաբերյալ գործեր, որոնք այժմ քննվում են քաղաքացիական դատարանում:

Պարոն Մելիքյանի տեղեկացմամբ, իրենց մոտ անհամեմատ քիչ են քրեական գործերը՝ տարեկան մոտ 40-50 գործ: Այս տարվա երեք ամիսների ընթացքում նա քննել է 5 գործ, որոնք վերաբերել են մահվան ելքով վթարին եւ մարմնական վնասվածքներին: Իր տեղեկացմամբ, վաղուց չեն ունեցել թմրանյութերի հետ կապված գործեր: Մինչեւ 2005-06 թթ. շատ էր Վարդենիսի տարածքում գտնվող պաշտպանության նախարարության զորամասերում կատարվող հանցագործությունների թիվը: Մեծ թիվ են կազմել բանակում արձանագրված ինքնախեղման դեպքերը: Հաճախ ժամկետային զինծառայողներն իրենց թուք են ներարկել կամ վնասել են, որպեսզի բժշկական հանձնաժողովը նրանց ճանաչի զինվորական ծառայության համար ոչ պիտանի եւ զորացրի: «Այս հանցավոր արարքները կանխվեցին երկու արտագնա նիստերի շնորհիվ: Գրեթե ամբողջ զորամասը ներկա էր դատական նիստին, եւ զինվորները տեսան, թե այդ արարքի կատարումը ինչ իրավական հետեւանք ունեցավ: Դա դաստիարակչական եւ ուսուցողական դեր խաղաց, եւ կարծես թե զինվորները հրաժարվեցին այն մտքից, որ նման արարքներ կատարելով կարող են անպատիժ խուսափել զինվորական ծառայությունից: Մեկ արտագնա նիստից հետո գրեթե էլ չենք ունենում զորամասից փախուստի դեպքեր: Այդ ժամանակ հենց զորամասում զինվորների աչքի առջեւ կալանավորվեց փախուստի դիմած մի զինվոր, ինչը, իմ կարծիքով, սթափեցրեց մնացածներին»,- նշեց Վ. Մելիքյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել