Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Մայիս 17,2008 00:00

Արոնյանն իրեն նման չէ

\"\"Սոֆիայում վեց գրոսմայստերների մասնակցությամբ ընթացող շախմատի «Mtel Masters» 20-րդ կարգի միջազգային մրցաշարում Լեւոն Արոնյանը, որ մրցաշարի մեկնարկից առաջ հաղթողի գլխավոր հավակնորդներից էր համարվում, իրեն նման չէ:

Խաղացված յոթ տուրերում նա չորս անգամ ոչ-ոքի է արել, կրել երեք պարտություն եւ դեռեւս իր անվան դիմաց հաղթական միավոր չի գրանցել: Այսպիսի անհաջող մրցելույթ Հայաստանի լավագույն շախմատիստը վաղուց չէր ունեցել: Սոֆիայի մրցաշարի մեկնարկային մի քանի տուրերից հետո գրել էինք, որ, ըստ ամենայնի, Արոնյանն այս անգամ լավ մարզավիճակում չէ: Ու մեր ենթադրությունը, ինչպես երեւում է, ճիշտ դուրս եկավ: Սակայն սպորտը մնում է սպորտ, առավել եւս՝ շախմատը, եւ հնարավոր չէ, որ նույն շախմատիստը մշտապես հաղթանակներ տանի եւ միջազգային բարձրակարգ մրցումներում գրավի մրցանակային տեղեր:

Երեկ կայացած ութերորդ տուրում սպիտակներով խաղացող Լեւոնի մրցակիցը ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովն էր, որի հետ Արոնյանը որպես կանոն հաջող է հանդես գալիս: Երեկ 8-րդ պարտիայում սպիտակներով խաղացող Արոնյանը կրեց հերթական պարտությունը: Ռաջաբովի հետ խաղի վերջնամասում հայտնվելով ցայտնոտի մեջ` Լեւոնն իրեն 44-րդ քայլում պարտված ճանաչեց:

Հրապարակվել է հրավիրվածների ցուցակը

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականի ավագ մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է այն 22 ֆուտբոլիստների անունները, ովքեր հրավիրվել են՝ նախապատրաստվելու մայիսի 22-27-ը կայանալիք Եվրոպայի այդ տարիքային խմբի առաջնության էլիտ ռաունդի մրցաշարին: Նրանցից մարզիչներն ընտրելու են 18-ին: Մեր երիտասարդների մրցակիցները էլիտ ռաունդում լինելու են Ուկրաինան, Իսպանիան եւ Թուրքիան: Ներկայումս հավաքականի կազմում մարզվում են:

Դարպասապահներ. Գեւորգ Պրազյան («Արարատ»), Էդուարդ Հովհաննիսյան («Փյունիկ»):

Պաշտպաններ. Արտակ Խաչատրյան, Համիկ Բեգլարյան, Հայկ Չիլինգարյան (բոլորն էլ՝ «Փյունիկ»), Արտակ Անտոնյան («Փյունիկ-2»), Գագիկ Դաղբաշյան («Բանանց»):

Կիսապաշտպաններ. Արթուր Յուսպաշյան, Արտակ Եդիգարյան, Դավիթ Մանոյան, Հենրիխ Մխիթարյան (բոլորն էլ՝ «Փյունիկ»), Սարգիս Արոյան («Փյունիկ-2»), Սերգեյ Հովհաննիսյան («Ռակուունատ», Ֆինլանդիա), Լեւոն Հայրապետյան («Համբուրգ», Գերմանիա), Սարգիս Կարապետյան («Բանանց»):

Հարձակվողներ. Ալբերտ Թադեւոսյան, Տիգրան Ոսկանյան, Էդգար Մալաքյան (բոլորն էլ՝ «Փյունիկ»), Գրիգոր Մովսիսյան, Միհրան Մանասյան (երկուսն էլ՝ «Փյունիկ-2»), Նորայր Գյոզալյան, Սարգիս Նասիբյան (երկուսն էլ՝ «Բանանց»):

«ՎիվաՍելը»՝ գլխավոր հովանավոր

ՀՖՖ մամուլի քարտուղարությունից տեղեկացնում են, որ այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւ «ՎիվաՍելի»՝ «ՄՏՍ» ԲԲԸ («MTS»-NYSE: MBT) դուստր ձեռնարկության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը պայմանագիր են ստորագրելու, ըստ որի՝ «ՎիվաՍելը» կհռչակվի Հայաստանի ազգային հավաքականների գլխավոր հովանավոր:

Ազգայինը կսկսի նախապատրաստվել

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը եկող շաբաթվանից Երեւանում կսկսի նախապատրաստվել մայիսի 28-ին Տիրասպոլում՝ Մոլդովայի, այնուհետեւ հունիսի 1-ին Համբուրգում կայանալիք Հունաստանի ազգային հավաքականների հետ ընկերական հանդիպումներին: ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ մեր ընտրանու գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը հավաքականի նախնական կազմը կհայտարարի Մոլդովայի հավաքականի հետ խաղից 10 օր առաջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել