Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանության ձեւավորման ազգային եղանակը

Մայիս 17,2008 00:00

Քաղաքական միֆեր եւ իրականություն

Մեզանում շրջանառության մեջ է դրված այն քաղաքական միֆը, որ հանրապետության կառավարությունը ձեւավորվում է խորհրդարանական մեծամասնության հիմքի վրա: Միֆ, որն ամրագրված չէ ո՛չ Սահմանադրությամբ, ո՛չ էլ երկրի օրենսդրությամբ, սակայն, որի հետ այսօր հաշվի են նստում թե՛ երկրի նախագահը, թե՛ Ագգային ժողովի պատգամավորները: Միֆ, որի շրջանակներում հանրապետության նախագահը, սահմանադրորեն իրեն վերապահված լիազորությունների ներքո, վարչապետի եւ կառավարության ամբողջ կաբինետի ընտրությունը կատարելիս ստիպված է լինում ելնել ոչ միայն բացառապես ազգային շահերից եւ նպատակներից, այլ նաեւ ներկուսակցական եւ ներխորհրդարանական մանր-մունր փոխհարաբերություններից: Իսկ Ազգային ժողովի պատգամավորներն ընտրության հաջորդ օրը ստիպված են լինում մտածել ոչ թե օրինաստեղծ առաքելության շուրջ, այլ ամեն կերպ կառավարությունում տեղ զբաղեցնելու կամ, գոնե, ազդեցություն ունենալու մասին։ Եվ սա այսպես է, որովհետեւ բոլոր ժամանակներում քաղաքական համակարգերի հիմնախարիսխ են հանդիսացել ոչ թե օրենքները, այլ միֆերը: Արդ, պետական կառավարման ոլորտում հարկ է որդեգրել այնպիսի մի նոր միֆ, որի հիմքում ընկած արժեքները չեն փոփոխվում տարածության եւ ժամանակի մեջ հարափոփոխ քաղաքական դաշտում:

Մյուս քաղաքական միֆը, որը կարեւորագույն նշանակություն եւ ազդեցություն ունի հանրային կյանքի գրեթե բոլոր ոլորտներում, դա ազատ եւ արդար ընտրական համակարգի միջոցով լեգիտիմ իշխանության ձեւավորման հնարավորությունն է: Հաշվի առնելով, որ լեգիտիմությունն իրենից ներկայացնում է լեգալության եւ հանրության կողմից կառավարող սուբյեկտի հանդեպ բարոյական վստահության հանրագումարը, պարզ է դառնում, որ այս միֆը խարսխված է իշխանության իրավական ամրագրման (լեգալություն) եւ հեղինակության (բարոյական վստահություն) սինթետիկ վստահության վրա: Ակներեւաբար, իշխանության լեգալության ապահովման խնդիրը որեւէ առնչություն չունի քաղաքական ռեժիմի ներքին բովանդակության հետ, քանի որ բոլոր ռեժիմների պարագայում էլ իշխանության լեգալությունն ամրագրվում է առկա իրավակարգին համապատասխան ընթացակարգերով: Հետեւաբար, լեգիտիմության էությունը մեծապես իմաստավորվում է երկրորդ բաղադրիչով՝ իշխանության հեղինակությունը բնութագրող, հանրության կողմից վերջինիս հանդեպ բարոյական վստահությամբ: Միայն ժողովրդավարական ռեժիմի դեպքում է, որ հանրության կողմից բարոյական վստահության ու իշխանության իրավական ամրագրման գործընթացները մեկտեղվելով՝ դրսեւորվում են ընտրական ինստիտուտի միջոցով: Այսինքն, ժողովրդավարական կառուցակարգում ընտրությունների ինստիտուտն օբյեկտիվորեն ապահովում է քաղաքական իշխանության արտաքին՝ ռացիոնալ դրսեւորումը, ինչը «Կորիզ-Պտուղ» պարադիգմայի շրջանակներում զուրկ է գործածական որեւէ նշանակությունից: Ուրեմն, ինչպես վերը նշվել էր, իրական քաղաքական իշխանության ձեւավորումը կայանում է հոգեւոր բովանդակությունը կրող ինստիտուտի կողմից, որը մնալով աներեւույթ հարթությունում, օժտում է քաղաքական իշխանությանը սրբազան (սակրալ) սկզբունքով, իսկ երեւութական հարթության մեջ ընտրությունների միջոցով ապահովվում է արդեն իսկ ձեւավորված իշխանության արտաքին լեգիտիմությունը, եւ հանրության հետ հետադարձ կապի պահպանման ճանապարհով վերջինիս կենսունակությունը ստանում է շարունակական բնույթ։ Իշխանության ձեւավորման ներկայացված երկշերտ համակարգը, օբյեկտիվ լինելով հանդերձ, իմաստավորվում է հոգեւոր բովանդակությունը կրող ինստիտուտի հիմքում ընկած արժեքներով, ինչն էթնիկ տեսակի ինքնակազմակերպման պարագայում նույնանում է ազգային արժեքների համակարգի հետ։ Բոլոր այն դեպքերում, երբ բացակայում է աներեւույթ շերտը մարմնավորող ֆունկցիոնալ կառույցը, այդ դերակատարությունն իրենց վրա են վերցնում օտարածին եւ սեփական երկրից դուրս գտնվող համապատասխան կառույցները, քանի որ բնության մեջ դատարկություններ չեն լինում։ Այս դեպքում՝ սեփական երկրի եւ ազգի շահը ստանում է ենթակայական նշանակություն, իսկ ընտրական համակարգն էլ միջնորդավորում է ազգային հանրույթի եւ այլոց միջեւ հետադարձ կապը՝ այսպիսով ապահովելով վերազգային միաբեւեռ աշխարհի լեգիտիմությունը: Երբ զուտ ընտրությունների միջոցով իշխանությունը ստանձնած քաղաքական ընտրանին հանդես է գալիս իրական իշխանության դիրքերից եւ փորձում է ինքնուրույն որոշումներ կայացնել, անմիջապես գործի են դրվում կանխարգելիչ միջոցառումները, որոնք հայտնի են «էլիտայի թլպատում» պայմանական անվանումով ու արտաքնապես դրսեւորվում են թավշյա հեղափոխությունների տեսքով: Ընդ որում, «նոր» քաղաքական ընտրանին, որպես կանոն, հանդես է գալիս ազգայնականության դիրքերից, քանի որ ազգայնականությունը եւ կոսմոպոլիտիզմը հանդիսանում են միեւնույն վիշապի տարբեր գլուխները: Երկու դեպքում էլ պղծվում է բնական կարգը, մի դեպքում ազգայինը տարանջատելով համամարդկայինից՝ շեշտադրումն արվում է համամարդկայինի վրա՝ ժխտելով ազգայինը, մյուս դեպքում ժխտվում է համամարդկայինը՝ շեշտադրումներն անելով զուտ ազգայինի վրա:

Ահա թե ինչու պոստսովետական երկրներում վերջին շրջանում տեղի ունեցած հեղափոխական ընթացքները, կրելով ազգայնական թիկնոց, օժանդակվում են կոսմոպոլիտ արեւմուտքի կողմից, օրինակ, Վրաստանում՝ «Միացյալ Ազգային Շարժում», Ուկրաինայում՝ «Մեր Ուկրաինան» կամ, որ նույնն է՝ «Միացյալ Կենտրոն», Հայաստանում՝ ՀՀՇ կամ, որ նույնն է՝ «Հայ Ազգային Կոնգրես»: Այստեղ էլ մենք մեզ հավատարիմ չէինք մնա, եթե մյուսներից գոնե մեկ քայլով առաջ չանցնեինք, բանն այն է, որ Հայաստանում այսօր առկա է միանգամից երկու կոնգրես, դրանցից մեկը վերը նշված պայմանական «ընդդիմության» արտաքին դրսեւորումն է հանդիսանում, իսկ մյուսը՝ «Միացյալ Ազգային Կոնգրեսը» (ՄԻԱԿ) հանդիսանում է լեգալ իշխանության արտաքին քաղաքական միավորներից մեկը։ Ընդ որում, լեգիտիմության երկու բաղադրամասերի սինթետիկ միասնությունը բաշխվել է այս երկու կոնգրեսների միջեւ, լեգալությունը՝ գործող իշխանությանը, իսկ հանրության կողմից բարոյական վստահությամբ պայմանավորված հեղինակությունը՝ «պայմանական» ընդդիմությանը: Այլ խոսքով, Հայաստանում գործի է դրված իրական իշխանության տոտալ վերահսկման կատարյալ եւ իր տեսակի մեջ մի նոր մեխանիզմ, քանի որ վերը նշված երկու կոնգրեսներն էլ հանդիսանում են նույնի հակոտնյա դրսեւորումները եւ միասնաբար ապահովում են ազգային նկարագրից զուրկ միաբեւեռ ու կառավարելի Աշխարհի լեգիտիմությունը։ Ակնհայտ է, որ շատ շուտով մենք բոլորս ականատես ենք լինելու այս երկու թեւերի երկխոսության իմիտացիային եւ դրան հաջորդող համաժողովրդական միասնության թվացյալ խրախճանքին, ինչը անպայմանորեն զուգակցվելու է այս երկու թեւերի հավատարիմ մոլորյալների մի մասի զոհաբերությամբ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել