Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր

Մայիս 17,2008 00:00

Այո, բայց փոփոխություններից հետո

Տարբեր քաղաքական ուժերի եւ մեկնաբանների կողմից համընդհանուր ճգնաժամից դուրս գալու համար առաջարկվում է նշանակել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ: Համաձայն լինելով առաջարկվող գաղափարին՝ միաժամանակ ծնվում են նոր հարցադրումներ:

Նախ Հայաստանում համակարգային տոտալ ճգնաժամի պատճառներից մեկն այն է, որ ոչ ֆորմալ ինստիտուտները ոչ միայն առավելություն, այլ ավելին՝ իրենց ազդեցիկությամբ գերազանցում են ֆորմալ ինստիտուտների կոմպետենտությանը: Ճիշտ է, միայն իրապես դեմոկրատական ընտրություններ անցկացնելը դեռեւս պետության զարգացման երաշխիք չէ, բայց դա դեռ չի նշանակում, որ հասարակական այլ խոցերի դեռեւս անբուժելիության փաստը պիտի հնարավորություն տա պղծելու ընտրական համակարգը։

Ամբողջ խնդիրն այն է, որ, ցավոք, գծագրված չէ Հայաստանի՝ որպես պետության զարգացման ունիվերսալ հայեցակարգը։ Որեւէ մեկը չի կարող այսօր նշել, թե 20, 30, 40 տարի հետո կառավարման ներկա փիլիսոփայության պահպանման պարագայում եւ զարգացման արդի տեմպերով Հայաստանն ինչպիսի՞ այցեքարտով է հանդես գալու միջազգային հանրակցության թատերաբեմում։ Ի դժբախտություն Հայաստան պետության, դեռեւս չի գտնվել եւ հասարակական կոնսենսուսով չի ամրագրվել այն ֆորմուլան, որով պիտի լուծվի պետության առջեւ դրված այնպիսի առանցքային խնդիրներ, ինչպիսիք են՝

– Հայաստանը, վերջիվերջո, անվտանգության ինչպիսի՞ համակարգի պետք է մաս կազմի:

– Հարեւան պետությունների եւ մասնավորապես Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու նախադրյալների իսպառ բացակայությունը:

– Տարածաշրջանում գոյություն ունեցող հակամարտությունների վերսկսման պարագայում դրանց դիմագրավելու անհրաժեշտ ռեսուրսների սակավությունը:

– Դեմոգրաֆիական մարտահրավերները հաղթահարելու համար անհրաժեշտ ռեսուրսների մոբիլիզացումը եւ այլն։

Ու եթե սրան հավելենք այն դառը իրողությունը, որ Հայաստանում փաստացիորեն ջախջախված են ժողովրդավարական բոլոր ինստիտուտները, ամբողջովին այլասերված է ընտրական համակարգը, զանգվածային էլեկտրոնային միջոցները, ըստ էության, ազատ չեն, ավելին՝ կան բոլոր հիմքերը ենթադրելու, որ իշխող ռեժիմը չունի որեւէ ռեսուրս՝ բարձրացված խնդիրները լուծելու համար, ապա ակնհայտ է դառնում, որ նախագահական եւ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելուց առաջ հրատապ է դառնում արձանագրել մի քանի դրույթներ եւ ցուցաբերել քաղաքական կամք՝ ներքոշարադրյալ առաջարկները իրագործելու համար.

1. Հայաստանում անցկացված բոլոր նախագահական ընտրությունների (թերեւս բացառություն են միայն 91թ. տեղի ունեցած առաջին նախագահական ընտրությունները) լեգիտիմությունը կասկածի տակ է դրվել հասարակության տարբեր խմբերի, սոցիալական զանազան շերտերի կողմից։ Նախագահական ընտրությունների ամբողջ ժամանակահատվածում Հայաստանում հասարակության լարվածության, փոխադարձ անվստահության, անհանդուրժողականության, երկփեղկման աստիճանը անասելի բարձրանում է եւ լարվածության ուժգնացումը իր բացասական հետքն է թողնում հասարակական հարաբերությունների կարգավորման, ինչպես նաեւ պետական իշխանության արդյունավետ գործունեության վրա։ Այս ամենի պատճառներից կարեւորագույնն այն է, որ պետական իշխանության ֆունկցիոնալ բաժանման տեսանկյունից նախագահական ինստիտուտը օժտված է հնարավոր առավելագույն լիազորություններով, որը խթան է հանդիսանում քաղաքական ուժերի եւ գործիչների մոտ՝ նախագահական աթոռը ցանկացած միջոցով գրավելու համար։ Այս ամենին նպաստում է նաեւ մեր հասարակության արժեհամակարգի այն մասնիկը, որ հասարակությունն իր խնդիրների լուծման հիմնական գործիք է համարում նախագահական ինստիտուտը եւ անձամբ երկրի նախագահին։ Սակայն պետության զարգացման տեսանկյունից սա շատ վտանգավոր մտածողություն է, երբ հասարակությունը իր ամբողջ ապագան կապում է մեկ անձի հայեցողությունից կամ պետության կառավարման վերաբերյալ նրա ունեցած պատկերացումներից։ Հետեւաբար ես կարծում եմ, որ այս բացասական երեւույթները մեղմացնելու կամ վերացնելու համար անհրաժեշտ է սահմանադրական փոփոխությունների միջոցով ամրագրել նախագահի ընտրության մեկանգամյա ժամկետ՝ 6 տարի ժամանակով, լիազորությունների ավարտից հետո ԱԺ-ի առջեւ հաշվետու լինելու պարտավորությամբ։ Աշխարհի մի շարք երկրներ ունեն նման կառավարման համակարգ եւ ոչ ոք չի կարող վիճարկել կամ կասկածի տակ դնել այդ երկրների ժողովրդավարական լինելու հանգամանքը։ Դա հնարավորություն կտա խուսափելու հետընտրական հասարակական անվստահության մթնոլորտի ձեւավորումից ու ոչ լեգիտիմ իշխանության գոյության կործանարար առկայությունից։

2. Սահմանադրական դատարանն իր գործունեությամբ, ըստ էության, ոչ միայն սպառել է հասարակական վստահության ռեսուրսը, այլ ավելին՝ ամբողջովին վարկաբեկել է արդարադատություն իրականացնող իր՝ բարձր ատյանի հեղինակությունը եւ անհրաժեշտություն է առաջացել արմատապես փոփոխելու ՍԴ-ի ամբողջ անձնակազմը եւ նոր ՍԴ-ի ձեւավորումը:

3. Ընդունել, որ դատական անկախ համակարգ, որպես այդպիսին, Հայաստանում գոյություն չունի եւ նախապատրաստել անհրաժեշտ սահմանադրական փոփոխությունների նախագիծ, որով անվերապահորեն երաշխավորված կլինի դատական իշխանության անկախությունը գործադիր իշխանությունից։

4. Վերացնել ԱԺ֊ի ձեւավորման մեծամասնական համակարգը, ընտրությունների ամբողջական կազմակերպումը օրենսդրորեն վերապահել պետությանը՝ վերացնելով ընտրական հանձնաժողովների՝ կուսակցությունների կողմից ձեւավորման տխրահռչակ կարգը:

5. Ապահովել լրատվամիջոցների իրական անկախությունը եւ պետական սուբսիդավորման միջոցով նպաստել քաղաքական համակարգի կայացմանը եւ այլն։ Բոլորի համար պիտի հասկանալի լինի, որ ներկա ստատուս քվոյի պահպանումը սպառնում է Հայաստանի ազգային անվտանգությանը, խորանալու է անվստահության ախտը, ոչ լեգիտիմ իշխանության պիտակը դրոշմված է մնալու իշխանությունը զավթած ուժերի դեմքին, իսկ ժողովրդին բաժին կմնա պատրաստվելու ազգային գաղթի հերթական ցիկլին: Մտածեք էս երկրի մասին…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել