Հարցազրույց «Վերվարածներն ընտանիքում» հեռուստասերիալի «լավ տղաներ» Գոքորի եւ Տիկոյի հետ
Զրուցակիցներս են Արտավազդ Առաքելյանը, ով կերպավորում է Տիկոյի դերը եւ Գեղամ Խանդիլյանը, որ հանդես է գալիս որպես Գոքոր:
– Ձեզ դիմելու եմ ձեր կերպարների անուններով: Մինչ հեռուստասերիալում հայտնվելը ինչո՞վ էիք զբաղվում:
Տիկո- Ծնվել եմ դերասանուհի Ռուզաննա Գեւորգյանի ընտանիքում: Մայրս հատկապես հայտնի է «Լեոնիդ Ենգիբարյան» ֆիլմից: Ավարտել եմ ռուսական միջնակարգ դպրոցը: Ապրել եմ Կրասնոդարում, հետո եկել Հայաստան: Զբաղվել եմ քիկ-բոքսինգով: 2005թ. դարձել եմ եռամարտի Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի բազմակի չեմպիոն եմ: Ազատազրկվել եմ 6 տարով, նստել եմ Նուբարաշենի մեկուսարանում, Արթիկի գաղութում:
– Ասում են՝ մականուն էլ ունես:
– Այո, գաղտնիք չէ՝ «Տյոմ Յուժնի»:
Գոքոր- Ծնվել եմ Կոնդում: Հանցաշխարհին մոտ կանգնած ընտանիքում: Կյանքս եղել է բուռն: Տեսել եմ ամեն ինչ: Ունեմ միջնակարգ կրթություն: Զբաղվում էի գովազդային գործունեությամբ, երբ ինձ հրավիրեցին հեռուստասերիալ: Նշեք, որ ես եզդի չեմ:
– Ինչպե՞ս ձեզ գտան:
Տիկո- Սպորտային մարզումների էի գնացել: Այնտեղ էր ընկերս, որը հեռուստասերիալի Վազգենի «ախրանայի պետն» է՝ Ոստանը: Նա իր հետ ինձ գործով տարավ «Շանթ»: Ադմինիստրատոր Լիլիթն ինձ տեսավ ու հավանել էր: Գնացի նախնական փորձին, չէի համարձակվում, բայց՝ ստացվեց:
Գոքոր- Առաջարկությունը ստացել եմ գովազդային գործակալից:
– Մինչ այդ ունեի՞ք պատկերացում հանցաշխարհի, հեղինակությունների մասին, շփվե՞լ եք, հատկապես ո՞ւմ հետ, ո՞ւմ են նման ձեր կերպավորած անձինք:
Տիկո- Իմ պատկերացրած Տիկոն նույն կինոյի տղան է. ուժեղ, բարի, արդարացի: Հիմա էլ շփվում եմ «զոն նայողների», թագավոր տղերքի հետ: Շատ եմ սիրում եզդի գողերին՝ «Ձեդ Խասանին», Շաքրոյին: Ընդունել եմ «Սվոյ Ռաֆին»: Իսկ տղայականով, սպրավիդլիվոստի մոմենտով, իմ կումիրը «Յապոնչիկն» է: Սաղ գողերին էլ հարգում-սիրում եմ:
Գոքոր- Չունեմ կերպար, որով կարող էի ապրել կամ որին կարող եմ ընդօրինակել: Ես միշտ ձգտել եմ իմ կերպարին: Գոքորը Գեղամից չի տարբերվում, որովհետեւ ես այնտեղ չեմ խաղում: Գեղամ-Գոքորն 98 տոկոսով նույն մարդն է, միայն մի տարբերությամբ, որ տեքստ են տալիս նրան, թե ինչ պիտի ասի:
– Մի՞շտ ես համաձայն տեքստին:
– Տեքստը գրում են այն մարդիկ, որոնք այդ աշխարհի հետ չեն շփվում, սակայն իրենց հեղինակային իրավունքն է, վիճել չեմ փորձում: Հեռուստադիտողը գիտի, որ կինո է:
– Բարդույթ չե՞ք ունենում, երբ խաղում եք պրոֆեսիոնալ դերասանների հետ, որոնք սերիալում «պարագլուխներ» են, հանցաշխարհի հեղինակություններ:
Գոքոր- Հովոն՝ Հարություն Մովսիսյանը կյանքում մեղմ է, ուրիշ արժեքների կրող է, մեր դերասանական խմբի համն է: Ստացվում է նրա կատարումը բնական: Մեկ-մեկ շոյվում եմ, երբ դերասաններն իրենք են շուռ գալիս ինձ հարցնում՝ ստացվե՞ց:
Տիկո- Առաջին հանդիպումից շատ էի շոյվել, երբ իմացա, որ խաղալու եմ նման դերասանների հետ: Հավասարը հավասարի հետ: Կապ չունի, որ հակառակ բեւեռում են «Ցոգոլն» ու Հովոն, հատկապես Արմեն Մարությանի «Ցոգոլի» կերպարը հզոր է, ինքը ճիշտ է խաղում:
– Գոքորին մինչ այդ գիտեի՞ր:
– «Վերվարածներում» եմ ծանոթացել ու մտերմացել:
– Տիկո, մարմնիդ խաչերն իրակա՞ն դաջվածք են: Էլի դաջվածքներ ունե՞ս:
– Մարմնիս մոտ 20 դաջվածք կա: Դրանք արել եմ Արթիկի գաղութում գտնվելու ժամանակ: Խաչը երկուսն են, վզիս վրա եւ նշանավորում են իմ հավատացյալ լինելը: Որովհետեւ այս մեծ տիեզերքում առանց Քրիստոսի ես ինձ ջնջոց եմ պատկերացնում: Եթե մարդը հավատացյալ չէ, ինքնակոչ է: Կան ճապոնական տառեր էլ, թեւիս հրեական շղթա է պատկերված: Դա ուժեղ տղայի կերպարն է խորհրդանշում: Մեջքիս սարդը նշանակում է` կալանք ես տեսել, դու այդ կյանքի մեջ ես ու բարձրանում ես վերեւ: Դաջված կատուները մաքուր տղու մասին են խոսում, իսկ այս աչքը նշանակում է, որ ոչ մի պաշտոն չեմ զբաղեցնի, քաղաքականությամբ չեմ զբաղվի, Աստծուցս ու մորիցս բացի՝ որեւէ մեկին, որեւէ միլիցու ծնկի չեմ գա: Կարիճն ինքնասեր տղու կերպարն է: Լավ տղան կարիճի նման իրեն վնաս կտա, բայց չի «փչանա»: Դաջվածքը երկրորդ պասպորտն է, ես որեւէ բանից չեմ վախենում, բացի իմ Աստծուց:
– Ինչո՞ւ իրավապահները «Վերվարածներն ընտանիքում» սերիալում տեղ չունեն:
– Շուտով նրանց էլ կտեսնեք, քանի որ հետաքրքիր զարգացումներն առջեւում են:
– Ասում են, ձեր կերպարներն այնքան են իրական ու վտանգավոր դարձել, որ մականունավորները, իրավապահները, օլիգարխները փորձում են նվերներ անել, ձեզ «գնել»: Իբր` Տիկոյին ռեստորան են նվիրել, Գոքորին՝ առանձնատուն:
Տիկո- Նվերներ անում են: «Արմանի» խանութի տերը, օրինակ, ինձ գոտիներ, ջինսեր, վերնաշապիկ է նվիրել: Մարդ կա` հեռախոս է նվիրում, մարդ կա` պատիվ է տալիս: Ստորագրություններ եմ տալիս, ձեր նշած գլխապտույտը չեմ ունենում: «Աստվածաշնչում» ասվում է՝ չպետք է կուռքեր սարքել: Սարսափելին այն է, որ միամիտ դառա կուռք:
Գոքոր- Իմ մոտ հակառակ պրոցես է: Հիմա ավելի եմ խոնարհվում իմ ժողովրդի առաջ: Ինձ ցածր եմ պատկերացնում, քան առաջ: Բոլորը, ամենաբարձր պաշտոնյաներից սկսած, զանգում են, կանչում-տեսնվում ենք: Պետավտոտեսուչները, երկրի կառավարիչները, կալանավորները զանգում են: Խոստացել եմ կալանատուն գնալ: Ոչինչ չեն նվիրել: Ես չեմ սիրում ընդունել: Տուն-մեքենա չեմ ընդունի, որովհետեւ ես սիրում եմ իմը ունենալ: Միլիարդ էլ եմ տեսել, միլիոն էլ, բայց ոչ միլիոնն է ինձ ուրախացրել, ոչ այլ բան: Երբ մի կտոր հացն առանց կծելու տվել եմ ուրիշին եւ նա կշտացել է՝ ուրախացել եմ:
Տիկո- Գնացինք Նորքի ծերանոց, տարանք հեռուստացույց, սառնարան, լվացքի մեքենա: Վատ զգացի, որ մեր օլիգարխներն այդքան փողերի մեջ ծերանոցին գումար չեն տալիս: Աստված վկա, դրա կեսին որ հասնեմ, հնարավոր չի, որ իմ ծերանոցի պատը վերանորոգված չլինի, կեղտոտ լինի կամ սպիտակեղեն չլինի:
– Տիկո, չեմ կարող այս հարցը չտալ. ի՞նչն է, որ քեզ գրավում է հանցաշխարհում, որի մասին խոսում ես դրական: Քո կերպարը դաստիարակիչ իմաստով է ֆիլմում ներկայացվել, իսկ դու իրական կյանքում դեռ այդ աշխարհի հետ ես:
– Գողի կերպարը իրականում «Աստվածաշնչից» է գալիս: «Քերոբները» ապրում են հանուն «հարիֆների»: Հիմա, որպեսզի «հարիֆներին» միլիցեքը չնեղեն, որ «օբշյակները» ճիշտ լինեն, որեւէ մեկին չնեղացնեն, հայտնվում է գողը: Եթե գողը չլինի, բեսպրեդել կլինի: Գողն ուժեղ բնավորություն պիտի ունենա, լինի կայուն ու արդարացի, որ երկրի կառավարիչները նրանից վախենան: Ջահելությունը պիտի իմանա, որ ընկերոջը չի կարելի «պաստավկա» անել: Կինոյում Հովոն այդ կերպարն է: «Պրոստոյ» կերպար է, բայց Զավեն չի, քանի որ ընտանեկան սրբության վրա ձեռք չի բարձրացնում: Հովոն ու իմ հարգած գողերը սրբությունը գնահատող մարդիկ են:
– Գոքոր, Կոնդը հանցաշխարհին հայտնի հեղինակություններ է տվել: Դու ասացիր, որ ունեցել ես կապեր: Կասե՞ս ովքեր էին:
– Անուններ չասեմ: Այդ կյանքով ապրող ժողովուրդ-ընկերներ ունեմ Սովետմիությունում: Տեսել եմ շատուշատ բաներ: Կարդացել եմ 2400 գիրք, բայց այդ կյանքի մասին պատկերացումներս ստացել եմ իրական մարդկանցից:
– Մտադի՞ր եք շարունակել հեռուստասերիալներում նկարահանվել:
Գոքոր- Ինչ վերաբերում է շարունակությանը, այն պիտի լինի իմ հոգեբանությանը հարազատ:
Տիկո- Ենթադրվում է, որ կզբաղվեմ դերասանությամբ: Ես ասացի, որ դերասանական շնորհքը ձեռք եմ բերել մորիցս: Շուտով կթողարկեմ իմ երգերի ընտրանին: Երգում եմ, գրում եմ «բլադնոյ» երգեր: Նպատակ ունեմ Մոսկվա գնալ, Քեոսայանին հանդիպել. ասում են՝ նա մեծ տեղ է տալիս հայերին: Կարող եմ խաղալ փաստաբանի, բժշկի դեր:
– «Վերվարածներն ընտանիքում» սերիալում կուրյոզներ լինո՞ւմ են:
Տիկո- Հերոսները կուլտուրական են խոսում: Չեմ հավատում, որ գողականներն իրար «դուք»-ով դիմեն, բայց սիրուն է: Հաճախ երազում իմ չնկարված դրվագներն եմ տեսնում: