Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է վավերացրել կեղծ կտակը

Մայիս 17,2008 00:00

Երեւանի Մաշտոցի շրջանի քննչական բաժնում գործերից մեկի նախաքննության ընթացքում բացահայտվել է կեղծ կտակ, որը հաստատվել է Վանաձորի նոտարական գրասենյակում։

Ըստ կտակի, Երեւանի Աջափնյակ համայնքի Աբելյան փողոցի թիվ 3 շենքի 23 բնակարանի բնակիչ Շահումիկ Ղազարյանը իբր իր ամբողջ շարժական եւ անշարժ գույքը կտակել է Վալիդա Մելքումյանին։ Կեղծված կտակը իբր 2001 թվականին հաստատվել է հանգուցյալ նոտար Սոնա Վերանյանի կողմից, գրանցվել նրա սեղանամատյանում, ինչպես նաեւ նոտարների կողմից՝ կտակների գրանցման ընդհանուր գրքում։ Սակայն, ըստ նախաքննության ընթացքում արված փորձաքննության, այն հաստատվել է ավելի ուշ՝ նոտարի սպանությունից հետո։ Նշենք, որ Վերանյանի սեղանամատյանները նրա մահից հետո որոշակի ժամանակ մնացել են Վանաձորի նոտարական գրասենյակում եւ հասանելի են եղել գրասենյակի աշխատակիցների համար։ Փորձաքննությունը պարզել է նաեւ, որ կտակի վրա համակարգչով կեղծված կնիք է դրված։

Կեղծված կնիքներով ու փաստաթղթերով գործարքների վավերացում Վանաձորի նոտարական գրասենյակում առաջին անգամ չի գրանցվում։ 2005թ. հունիսին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ Հրաչ Հարությունյանը գրություն է ուղարկում ՀՀ դատախազության քննչական վարչության պետ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Անդրանիկ Միրզոյանին, որով տեղեկացնում է. «ՀՀ ԱԱԾ-ում ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Վանաձոր քաղաքի բնակիչ Կառլեն Թորոսյանը, զբաղվելով բնակարանների առք ու վաճառքի միջնորդությամբ, մոտ հարաբերությունների մեջ գտնվելով Վանաձորի նոտարներ Արուսյակ Ազարյանի եւ Սոնա Վերանյանի հետ, նույն քաղաքի բնակիչ, Լոռու մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության առաջատար մասնագետ Վաղարշակ Եղիազարյանի միջոցով վերջինիս աշխատասենյակում տեղադրված համակարգչով պատրաստել է կեղծ լիազորագրեր, որոնց հիման վրա վաճառել Վանաձորի Մաշտոցի փողոցի 114|33, Իսահակյան փողոցի 15|26, Մոսկովյան փողոցի 56/1-24 եւ Աղայան փողոցի 59|2-20 հասցեների բնակարանները։ Ընդ որում, Մաշտոցի եւ Իսահակյան փողոցների վերոնշյալ բնակարանները կեղծ լիազորագրերի օգտագործմամբ վաճառելու համար անձամբ միջնորդել է նոտար Սոնա Վերանյանը եւ գործարքը վավերացրել է նոտար Արուսյակ Ազարյանը։ Ա. Ազարյանը կեղծ լիազորագրերի հիման վրա վավերացրել է նաեւ Վանաձորի Չերկասի 11 հասցեում գտնվող բնակարանի առք ու վաճառքի գործարքը։ Կից ուղարկվում է վերոնշյալ անձանց հակաօրինական գործողությունների վերաբերյալ նախապատրաստված նյութերը՝ հետագա ընթացքը լուծելու համար»։ Գրության մեջ նշված է նաեւ կեղծ լիազորագրերով մի քանի այլ բնակարանների առք ու վաճառքի մասին։

Աղմկահարույց այս գործից, ըստ Վանաձորում շրջանառվող լուրերի, կեղծիքների գնացող նոտարները անպատիժ մնացին արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի միջնորդությամբ:

Մեկ անգամ չէ, որ «վերեւների» շնորհիվ կոծկվել են Արուսի «մութ» գործերը։ Օրինակ, նոտարի «անփութությունները», որոնց պատճառով պարբերաբար «անհայտանում է» նրա արխիվը. 1999-ին այն «այրվեց», 2005-ին «անհայտ անձինք» գրասենյակից գողացան 6 արկղ նոտարական գրանցման գործարքները եւ 11 հատ սեղանամատյանները։ Հիշեցնենք, որ «գողացվել» էին հենց այն գործարքներն ու այն սեղանամատյանները, որոնք քննչական մարմինները նոտարից պահանջում էին լրագրող Թերեզա Ասատրյանի քրեական գործի հետքերով առաջացած բացահայտումների համար։

Այսքանից հետո հազիվ թե կեղծ կտակի հաստատումը Վանաձորի նոտարական գրասենյակում արժանանա համապատասխան անձանց ուշադրությանը:

Հ. Գ. Հոդվածը պատրաստ էր տպագրության, երբ «Առավոտի» աղբյուրը տեղեկացրեց, որ Վանաձորի իրավապահները օրերս խուզարկել են Արուս Ազարյանի բնակարանը, արդարադատության նախարարությունում նրա դեմ մեծ գործ է բացվել, ինչը կոծկելու համար նոտարը պատրաստվում է մեծ գումարներ «մուծվել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել