ՀՀ քաղաքացին դիմել է Ստրասբուրգ՝ ընդդեմ ՌԴ-ի
Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում մայիսի 8-ին, դատավոր Լ. Ավետիսյանի նախագահությամբ, քննության դրվեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազության հայցը, որը ներկայացրեց ավագ դատախազ Լեւոն Մուսախանյանը: ՀՀ քաղաքացի, իրավաբան Արսեն Մկրտչյանից պետությունը պահանջում է 1 մլն-ից ավելի գումար: Ա. Մկրտչյանի նկատմամբ 2004թ. հարուցվել էր քրեական գործ: Նա մեղադրվել էր խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հասնող գումար հափշտակելու մեջ: 2004 թ. օգոստոսի 16-ին նրա նկատմամբ կայացվել էր որոշում՝ խափանման միջոց ընտրելով կալանքը: Նույն օրը քրեական գործի վարույթը կասեցվել էր, քանի որ Արսեն Մկրտչյանը բացակայել է հանրապետությունից:
Դատարանում Մկրտչյանը ցույց տվեց անձնագիրը, որտեղ նշված էր, որ նա ՌԴ է գնացել օրինական ճանապարհով, 2004 թ. հունիսի 1-ին, այսինքն՝ այն ժամանակ, երբ քրեական գործ չկար: Հայտնվելով ՌԴ Ուֆա քաղաքում, ներկայացել է տեղի ոստիկանության բաժին եւ հարկային, հաշվառվել, քանի որ զբաղվում էր ձեռներեցությամբ:
Մինչ կպատմենք իրավաբանի «ոդիսականը», տեղեկացնենք, որ 2007թ. օգոստոսին, նրան ՀՀ «արտաքսելուց» հետո, պարզվեց, որ հարուցված քրեական գործի 3 դրվագներից ամենածանրով (իբր $14 000 գումար է վերցրել ոմն Հրայր Կարապետյանից) հանցակազմը բացակայել է, «տուժողն» ակնհայտ սուտ ցուցմունք է տվել, իսկ 2 դրվագով վաղեմության պատճառով դադարեցվել է քրեական գործի վարույթը: 2007թ. դեկտեմբերի 28-ին Մկրտչյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվեց:
Արսեն Մկրտչյանից դատախազությունը պահանջում է 1200504 դրամ՝ նրան ՌԴ-ից ՀՀ տեղափոխելու գումարը: Կենտրոնի դատախազությունն իր հայցադիմումում գրել է. «Նկատի ունենալով, որ Ա. Մկրտչյանի՝ ՀՀ տեղափոխվելը կատարվել է պետական միջոցներից եւ դա ենթակա է հատուցման մեղավոր անձից», խնդրում է դատարանից միջոցներ ձեռք առնել հայցը բավարարելու համար: Ինչո՞ւ պետք է Ա. Մկրտչյանն այդ գումարը հատուցի, եթե պարզվել է, որ հետապնդվել է հանիրավի, եւ դեռ նյութական ու բարոյական անչափելի վնասներ է կրել: «Օրինական մեկնել եմ Ուֆա՝ աշխատելու: Ամիսներ անց կալանավորել են, ասելով, թե ՀՀ-ում հետախուզման մեջ եմ: 11 ամիս 11 օր գտնվել եմ Ուֆայի կալանավայրում: Նախ այնտեղ պահվել եմ 49 օր՝ առանց իմանալու, թե ինչու են ինձ կալանավորել: Դիմել եմ Ուֆայի դատախազին, իրավական որեւէ օգնություն չեմ ստացել: Հայաստանը որեւէ հետաքրքրություն ցույց չի տվել իմ նկատմամբ»,- պատմում է Ա. Մկրտչյանը:
Երբ Ուֆայի կալանավայրից նրան ազատում են հենց այդ հիմքով, թե Հայաստանը չի հետաքրքրվում նրանով, Մկրտչյանն Աբխազիայի սահմանով փորձում է անցնել ՀՀ: Սահմանում չեն թողնում, բայց չեն էլ բռնում՝ կար ՀՀ իրավապահների հայտարարած հետախուզումը: 2006 թ. օգոստոսի 10-ին ստիպված էր կրկին վերադառնալ Ուֆա:
2006 թ. նոյեմբերի 8-ին նորից կալանավորում են Մկրտչյանին, տեղափոխում ժամանակավոր պահման մեկուսարան: Իրավաբանը 49 օր էլ անցկացնում է այնտեղ՝ քրեականների խցում, Ադրբեջանի 4 քաղաքացիների հետ. «Ինձ դատարան տարան ձեռնաշղթաներով: Խնդրում էի հանել, քանի որ դրանք ձեռքերիս փոքր էին: Չէին հանում: Բաժակ անգամ չեմ ունեցել: Օրական մեկ անգամ էր տրվում ուտելիք կոչվածը: Սափրվելու հնարավորություն չկար: 7-րդ կորպուսի 49 խցում կար 22 կալանավոր, ում համար նախատեսված էր 16 քնելատեղ: Հետագայում փոխեցին խուցս, որը 30 քմ էր՝ 8 հոգու համար: Անընդհատ կամերայով նկարում էին, օպերատորները կանայք էին, որոնք տեսնում էին, թե ինչպես էինք մեր բնական կարիքները հոգում: Երբ առաջին անգամ մեկուսացրին, նսեմացնելու այլ ձեւ էլ գտան՝ կին էր ինձ «ընդունում-հանձնում», ստիպեց մերկանալ»:
2007թ. օգոստոսին Մկրտչյանին «էտապով» բերում են Մոսկվա: «62 հոգով, ձեռնաշղթաներով ամրացվել էինք գնացքի ներսում եղած լարին: Նույն դաժան, անմարդկային վերաբերմունքն այստեղ էր»,- պատմում է Մկրտչյանը: Նա գրում է ՀՀ գլխավոր դատախազին, խնդրում, որ գա Հայաստան, քանի որ երբեք չի խուսափել քննությունից: 2007թ. օգոստոսի 24-ին նրան բերում են ՀՀ, պահում «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում: Հետագա քննությամբ պարզվում է, որ մեղադրանքն անհիմն է:
ՌԴ դեմ Արսեն Մկրտչյանի գործն ընդունվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վարույթ: Խոսքը մարդկային արժանապատվությունը նսեմացնելու, ազատությունից առանց հիմնավորման եւ դատարանի որոշման մեկուսացնելու մասին է: 11 ամիսների ընթացքում նրա հետ տեսակցություն չի եղել: Մկրտչյանի գտնվելու վայրի մասին ՌԴ արդարադատության մարմինները տեղյակ չեն պահել նրա հարազատներին: Երբ մահացել է Մկրտչյանի հայրը, այդ մասին չեն տեղեկացրել նրան: Կորցրել է ընտանիքը: Եղել են նաեւ ազգային խտրականության դրսեւորման ակնառու դեպքեր: