Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԲԵՎԷ ԿԵՐԳԵՆ-ԿՊԱՐԵ՞Ն ՀԱՅ ԱՐԴԱՐԱԴԱՏՆԵՐԸ

Մայիս 17,2008 00:00

\"\"Տպավորություններ թբիլիսյան միջազգային կոնֆերանսից \"\"

«Հասարակությունն ու արդարադատությունը» թեմայով մայիսի 5-ին Թբիլիսիում հրավիրված միջազգային կոնֆերանսին մասնակցում էին «Առավոտ» օրաթերթն ու «Մեդիամաքս» լրատվական գործակալությունը: Գերմանիայի տեխնիկական համագործակցության (GTZ) շնորհիվ միմյանց հետ հանդիպեցին Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի դատավորները, փաստաբաններն ու իրավաբանները: Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր եւ կոնֆերանսին առանձին զեկուցումով հանդես եկավ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ Արմեն Մկրտումյանը: Նա ներկայացրեց դատական համակարգի ներկայիս գործունեությունը: Պետք է նկատել, որ սարուձորի տարբերություն կար Հայաստանի դատական բարեփոխումների ընթացքի եւ Վրաստանի ու Ադրբեջանի դատական համակարգերի միջեւ:

Վրաստանի գերագույն դատարանի նախագահ Կոնստանտին Կուբլաշվիլին ներկայացրեց վերջին 4 տարիների դատական բարեփոխումները: Նա կարեւորագույն ձեռքբերում համարեց դատավորների դպրոցի ստեղծումը: Ի դեպ, Հայաստանն արդեն 4-րդ տարին է, ինչ տալիս է դատավոր շրջանավարտներ: Ադրբեջանի իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Իրադա Ջավադովան չնայած պետք է իրենց «բազմափորձ» պրակտիկայի մասին զեկուցեր, սակայն խոսեց պրոբլեմների մասին, նշեց, որ իրավագիտություն առարկան անհրաժեշտ է, որ դպրոցներում ծրագրի մաս դառնա: Նա ակնարկեց, որ դա պետք է, քանի որ երկրում կան փախստականներ, բռնագաղթածներ: Ազերի փաստաբաններից մեկն էլ, որպես հավելում, նկատեց, որ իրավագիտությունը պետք է անցնել մանկապարտեզից:

Մինչ կովկասյան երկրների ներկայացուցիչները խոսում էին արդարադատության հեռանկարի մասին, Բեռլինի բարձրագույն դատարանի նախագահ Մոնիկա Հյորեն կարեւորեց դատական համակարգի եվրոպականացման եւ գիտական երկխոսության անհրաժեշտությունը: Իսկ Լինցի դատավոր Վալտեր Էնգելբերգը ներկայացրեց դատարաններում «ընդունելության օրվա» եւ սպասարկման համակարգի մասին: Նրանց դատարանում գործում է մանկապարտեզ, որտեղ կերակրում են երեխաներին, ում ծնողներն այդ նույն շենքում դատական նիստի են: «Մինչդատական մանկապարտեզներ» երեխաները (անգամ հաշմանդամները) կարող են գալ սայլակներով: Դատարանում տրվում է անվճար իրավաբանական օգնություն: Գերմանացի մեկ այլ դատավոր՝ Ռայներ Ֆրայն էլ տեղեկացրեց, թե ինչպես են դատարաններում կազմակերպվում «բաց դռների օրերը»: «Դատարանը պատրա՞ստ է իրեն ներկայացնել ներսից: Նրա գործունեությունը չի կարող լինել փակ: «Բաց դռների օրը» նշանակում է հատուկ օր: Դատական նիստեր այդ օրը չեն լինում»,- ասաց գերմանացի դատավորը: Ի դեպ, դատավորները, որպեսզի հետաքրքիր անցկացնեն «բաց դռները», կարող են երգել, ցուցադրական նիստեր անել, աշխատասենյակներում ազատորեն շփվել քաղաքացիների հետ: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ Արմեն Մկրտումյանը նշեց, որ մեր դպրոցականների եւ ուսանողների համար կազմակերպվում են «բաց դռների օրեր», սակայն անհնար է պատկերացնել, թե երբեւէ դա կանցկացնեն երգող դատավորներն ու պարող դատախազները: ՀՀ օրենսդրությամբ դատավորն իրավունք չունի շփվել կողմի հետ, սակայն Գերմանիայի դատավորները ոչ միայն շփվում են, այլեւ ասացին, որ իրավաբանական-խորհրդատվական օգնություն են ցույց տալիս կողմին, անգամ «տեղեկանում գործին առնչվող գաղտնիքի մասին»: Եթե մեր օրենսդրությամբ առաջնորդվենք, ապա դրանով խախտվում են դատավորի էթիկայի կանոնները, մինչ դատը պահպանվող գաղտնիության սկզբունքը եւ, վերջապես, եթե դատավորն իրավաբանական օգնություն է ցույց տալիս կողմին, ապա ինչո՞վ պիտի զբաղվեն փաստաբանները:

Մեկ ուրիշ խնդրի էլ անդրադարձան կոնֆերանսի ժամանակ` հրապարակայնությանը: Ըստ գերմանացի դատավորների, հասարակական գործիչների, «շատ հայտնի աստղերի անունները հրապարակում ենք, իսկ ոչ այնքան հայտնի շարքային քաղաքացիների անունները չենք հրապարակում»:

Գերմանիայում թեւավոր խոսք կա. «Իրավաբանն ամեն ինչ է», սակայն, ըստ կոնֆերանսի կազմակերպիչների, դա չի նշանակում, թե «իրավունքին առնչվող անձը» իրավաբան է եւ նրան թույլատրելի է «ցանկացած բան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել