Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարամեցին ինքնասպան լինելս»

Մայիս 17,2008 00:00

\"\"Լրտեսության մեջ մեղադրվողն ահազանգում է

2006 թվականի դեկտեմբերի 1-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանը լրտեսության մեղադրանքով ՌԴ քաղաքացի Ռուստեմ Գապպասի Վալիախմետովին դատապարտեց 11,5 տարվա ազատազրկման: 2007թ. ապրիլի 4-ին ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը նախորդ ատյանի դատավճիռը թողեց անփոփոխ: Սակայն Ռուստեմն իր մեղքը չի ընդունել եւ հրաժարվել է իրեն մեղսագրված բոլոր մեղադրանքներից: 2007թ. նոյեմբերի 1-ին ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական պալատը դարձյալ մերժեց նրա բողոքը, հիմնավորելով, թե նա չունի ապացույցներ եւ հակափաստեր:

«Հարգելի խմբագրություն,- գրում է Ռուստեմը,- ամենայն պատասխանատվությամբ հայտնում եմ, որ ունեմ ՀՀ անվտանգության ծառայությանը եւ Դաշնային անվտանգության ծառայությանը (ՖՍԲ) վերաբերող պաշտոնական փաստաթղթեր, որոնք ՀՀ իրավապահ եւ ուժային մարմինները չեն ցանկանում հաշվի առնել, քանի որ այդ ամենը ստվեր կգցի իրենց «օրինական» աշխատանքի վրա: Ինձ դաժանորեն ճնշել են՝ բարոյապես եւ ֆիզիկապես: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ինձ վիրավորել են, ծեծի ենթարկել, ստորացրել, սպառնացել են ոչնչացնել ընտանիքս՝ կեղծ ցուցմունքներ կորզելով ինձնից: Այս ամենից բացի, ես ունեմ բազմաթիվ փաստեր, որոնք ուղղակիորեն ապացուցում են իմ անմեղությունը եւ իրավունքներիս ոտնահարումը»: Անդրադառնալով Հայաստանի դեմ լրտեսության մեղադրանքին, դատապարտյալը շարունակում է. «Իմ նկատմամբ առաջադրված մեղադրանքը, ձեռք բերված ապացույցները շինծու են եւ անուղղակի կապ ունեն ինձ հետ: Ես կարող եմ իմ քրեական գործի անթիվ էջերում մեկ առ մեկ մատնացույց անել բոլոր մանրամասները, որոնք խոսում են ոչ աչալուրջ վերաբերմունքի եւ ստի մասին: ՀՀ հատուկ ծառայություններին եւ ուժային մարմիններին ձեռք չի տալիս իմ գործի նոր, ազնիվ վերանայումը»: Ռ. Վալիախմետովը տեղեկացնում է, որ ԱԱԾ-ն ծաղրել է իր կրոնը եւ ազգային զգացմունքները. «Արհեստավարժորեն են տանջել ինձ, որպեսզի իմ վրա չերեւան իրենց վայրագության ֆիզիկական ապացույցները, երկար ժամանակով շպրտել էին խուց՝ սարսափելի ցավից տանջվելու, չեն ցուցաբերել ոչ մի օգնություն, նույնիսկ՝ բժշկական: Այդ ամենից հետո ես փորձեցի ինքնասպան լինել, ինչը իրենք նույնպես «հարամեցին»: Այդ ամենը բացասական անդրադարձավ առողջությանս վրա»:

11,5 տարվա մեկուսացման դատապարտվածն իրեն մեղավոր չի համարում: «Ուժայինները դա գիտեն եւ հասկանում են, որ վերջիվերջո ինձ կարդարացնեն՝ լինի դա ՀՀ-ում, ՌԴ-ում կամ Եվրոդատարանում, ուր ես պատրաստվում եմ բողոք ուղարկել: Իմ անմեղությունը պարզ կդառնա ցանկացած անկախ եւ պրոֆեսիոնալ իրավաբանի: Ես հիմնավորված կասկածներ ունեմ, որ Հայաստանի ուժայիններն ամեն ինչ կանեն եւ ոչնչի առջեւ չեն կանգնի, որ ձայնս մեկընդմիշտ կտրեմ: Մահից չեմ վախենում՝ մենք բազմիցս ենք հանդիպել՝ անցնելով ուժայինների սարսափելի հանցանքները, Արցախյան պատերազմը, որտեղ մի քանի անգամ վիրավորվել եմ, եւ խիզախության համար բազմիցս պարգեւատրվել ՀՀ իշխանության կողմից: Ես միայն վախենում եմ, որ չեմ կարողանա անմեղությունս ապացուցել եւ ազնիվ մարդու անունս բարձր պահել: Իսկ ես Հայաստանի հավատարիմ ընկերն եմ եւ դեռ ուզում եմ տեսնել այս սուրբ երկրի ծաղկման շրջանը»,- գրում է «Առավոտի» նամակագիրը: Վերջինիս կարծիքով, ՀՀ-ում կան ողջամիտ մարդիկ, որոնց կզայրացնի այսօրինակ վերաբերմունքը այլադավան, այլ պետականություն եւ ազգություն ունեցող մարդու նկատմամբ:

Նամակագիրը օրեր առաջ դիմել էր հացադուլի՝ դատավճռի հետ կապված: Երեկվա տեղեկություններով, նա հացադուլից դուրս է եկել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել