Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐՆ ԱՆՏԵՍՎԱԾ ԵՆ

Մայիս 17,2008 00:00

\"\"Այսօր մեր երկրում հաշվառված է մոտ 13000 բռնադատված ու նրանց ժառանգներ

Հայաստանում գործող օրենքը աքսորի ճանապարհին ծնված երեխաներին չի ճանաչում որպես տուժող, թեպետ նրանք տառապել են իրենց ծնողների հետ միասին: «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում 2006 թ. հունիսի 21-ին կատարված փոփոխությունից հետո ամեն տարի հունիսի 14-ը մեր երկրում նշվում է որպես Բռնադատվածների հիշատակի օր: Կասկադի բարձունքում տեղադրված է բռնադատության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան: Այս ամենը կարեւոր, բայց ոչ ամբողջական լուծումներ են աքսորի տանջանքներն ապրածների եւ նրանց ճակատագիրը կիսած ժառանգների համար: Թեեւ կարգավիճակի հարցը, իրավունքներին վերաբերող դրույթներն ամրագրված են 12 հոդվածից բաղկացած «Բռնադատվածների մասին» օրենքում, սակայն, բռնադատվածներից շատերի խոսքերով, այդ օրենքի գոյությունը ձեւական բնույթ է կրում, քանի որ այն «անպտուղ» է եւ իրենց վերքին «դարման» չի անում: 1989 թ. հիմնադրված բռնադատվածների ու նրանց ժառանգների շահերը պաշտպանող «Հուշամատյան» ոչ կառավարական կազմակերպության նախագահ Ռուդոլֆ Գրիգորյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ իրենց մոտ հաշվառված են մինչեւ 1937թ. աքսորված 8000 բռնադատվածներ ու նրանց ժառանգները: Մոտ 5000 աքսորյալ էլ հաշվառված է մինչեւ 1949 թ. աքսորը: Նա դժգոհեց կառավարության վարած քաղաքականությունից, նշելով, որ իրենց ոչ ոք ուշադրություն չի դարձնում: «ԽՍՀՄ հանրապետություններից Հայաստանը միակն է, որտեղ բռնադատվածներն անտեսված են: Մինչեւ 1998 թ. քիչ թե շատ արտոնություններ ունեինք, բայց Քոչարյանը բոլորը վերացրեց, պատճառաբանելով, թե աղքատ պետություն ենք, չենք կարող ձեզ օգնել: Մինչ այդ, որպես օգնություն ստանում էինք 4500 դրամ, հետո այն դարձրին 3500, որից հետո ամբողջովին վերացրին: 50%-ով էինք վճարում էլեկտրաէներգիայի եւ հեռախոսակապի վարձերը, դա էլ շատ համարեցին ու կտրեցին: Այժմ ընդամենը մեկ անգամ, միանվագ 12000 դրամ ծիծաղելի գումար են տալիս նախկինում արդարացված բռնադատվածներին: 12 տարվա ստաժ էլ հաշվում են Սիբիր աքսորվածների համար:

Իսկ ԱՊՀ երկրներում մեծ ուշադրություն են դարձնում բռնադատվածներին ու նրանց ժառանգներին: Օրինակ, Ուզբեկստանի նախագահը հայտարարեց, որ իր բռնադատված քաղաքացիներին ամեն ամիս տալիս է $70 օգնություն, Վրաստանն ու Ադրբեջանը $40 դոլար են տալիս, Ռուսաստանում անվճար օգտվում են տրանսպորտից: Այնտեղ դեռ օգտվում են էլեկտրաէներգիայի եւ հեռախոսակապի 50%-ով վճարելու արտոնություններից, տրամադրվում են նաեւ առողջարաններում հանգստանալու ուղեգրեր»,- ասում է Ռ. Գրիգորյանը: Ըստ նրա, իրենք օգտվում են միայն զեղչով դեղորայք եւ 25 տարվա մարման ժամկետով բնակարանի վերանորոգման համար մինչեւ 5 մլն դրամ վարկ ստանալու իրավունքից, բայց վարկը տրվում է պետբյուջեից՝ խիստ սահմանափակ թվով անձանց: Վարկ ստանալու խնդրանքով դիմում է գրել մոտ 700 բռնադատված կամ բռնադատվածի ժառանգ, սակայն այս տարի վարկ է ստացել ընդամենը 31-ը, նախորդ տարի՝ 32-ը, մնացածներին հերթագրել են, որ հետո ստանան: Եթե այս տեմպերով կառավարությունն առաջնորդվի, ապա առնվազն 20-25 տարի դեռ պետք է, որ ցուցակի վերջին տեղերում հայտնվածը վարկ ստանա: Սակայն նրանցից ոչ բոլորը կարժանանան 25 տարի հետո վարկով վերանորոգված բնակարաններում ապրելու «բախտին»:

Հերթագրվածները հիմնականում 60-80 տարեկան են: «Մեկը ես, 80 տարեկան եմ, 25 տարի կապրե՞մ, որ վարկ ստանամ: Վերջերս ինձ էր դիմել բանաստեղծ Պետրոս Մարտիրոսյանը, դժգոհելով, որ իրեն էլ վարկ չեն տվել: Ապրելու տեղ չունի եւ պիտի գնա Հանրապետության հրապարակում ապրի»,- ավելացրեց պարոն Գրիգորյանը: Նրա խոսքերով, իրենք արդեն ԱԺ-ից հույսները կտրել են, համոզվելով, որ այնտեղ իրենց մասին մտածող չկա. «Դեռեւս 2005-ին ԱԺ դիմում -բողոք ենք ուղարկել, որպեսզի վերանայեն բռնադատվածների մասին օրենքը, արդեն 3 տարի է անցել, ոչինչ չեն արել: Միայն Վիկտոր Դալլաքյանն է խոստացել, որ սեպտեմբերին կներկայացնի նոր օրենքի նախագիծ: Հույսներս նաեւ նոր նախագահ Սերժ Սարգսյանի հետ ենք կապում, նրա պապը բռնադատված է եղել, պետք է որ մեզ լավ հասկանա»: Ռ. Գրիգորյանը վիրավորված էր նաեւ ՀՅԴ լիդերներից. «Աքսորավայրում իմ ձեռքերի վրա տասնյակ դաշնակներ են մահացել: Նրանք ինձնից խնդրում էին, որ կենդանի մնամ, իրենց գերեզմաններից մի բուռ հող տանեմ Հայաստան: Դաշնակներին խնդրեցի, որ ինձ հետ գան` այնտեղից հող բերեն, կուսակից ընկերների վերջին ցանկությունը կատարեն: Ոչ ոք չարձագանքեց: Իսկ այդ անմեղ մարդկանց աքսորել են դաշնակցական լինելու կամ նրանց հետ կապեր ունենալու մեղադրանքով»: Նա չկարողացավ արցունքները զսպել, երբ հիշեց, թե ինչ տանջանքների մեջ է անցել իր երիտասարդությունը: Այդ տարիների միակ սփոփանքն այն է եղել, որ աքսորավայրում ամուսնացել է, ունեցել իր որդուն՝ Կարենին: «1937-ին հորս բռնադատել եւ աքսորել են Սիբիր, հետո աքսորել էին նաեւ մորս: Ինձ ու երկու քույրերիս ձեռք չտվեցին: Այսօրվա պես պարզ հիշում եմ 1949թ. հունիսի 14-ը, երբ գիշերվա կեսին մեր տուն այցելեցին մի քանի մարդ եւ ասացին` ինչքան կարող ենք տաք հագուստ ու փող վերցնենք, քանի որ հանրապետությունից դուրս են տանելու: Չեմ մոռանա նրանց հետ եկած Գրիգորյան ազգանունով կապիտանին. իմանալով մեր ծնողների աքսորված լինելու մասին, արտասվեց, ասաց՝ չհասկացա, մենք եկել ենք զենքով երեխանե՞ր աքսորելու: Մեզ տեղավորեցին բեռնատար վագոններն ու տարան: Հղի կանայք մեր աչքի առաջ, հենց վագոններում էին ծննդաբերում: Մի ծեր կին կար, որ Հունաստանից էր հայրենադարձվել, անընդհատ որդուն հարցնում էր՝ օղուլ, Աթենք չհասա՞նք: Մեզ տարան Սիբիր, Ալթայի երկրամաս: Այնտեղի անտառներում ութ ամիս ճորտի պես աշխատել ենք, ծառ կտրել, հետո որոշ ժամանակ անց մեզ տարան մեր ծնողների մոտ»,- արցունքն աչքերին պատմում էր Ռ. Գրիգորյանը:

Նրա կինը՝ Ելենա Գրիգորյանը, անցել է կյանքի նույն ճանապարհը: «Հայրս 1937-ից 10 տարի աքսորավայրում գտնվելուց հետո վերադարձավ Հայաստան, բայց նրան թույլ չտվեցին, որ Երեւանում ապրի, հաստատվեց Ստեփանավանում: 1949թ. հունիսի 14-ին նրան՝ Ստեփանավանից, ինձ ու մորս էլ՝ Երեւանից աքսորեցին Ալթայի երկրամաս: Մենք իրարից 1000 կմ հեռու շրջաններում էինք: Երեք ամիս անց նոր միացել ենք: Ապրում էինք անտառի բարաքներում, շուկան մեզնից 40 կմ հեռու էր, իսկ կես կգ հացի համար ամեն օր 12 կմ ոտքով ճանապարհ էի անցնում, օր էր լինում՝ այդքան քայլելուց հետո առանց հացի տուն էի գալիս, հացն արդեն վերջացած էր լինում»,- տարիները վերապրելով հիշեց տիկին Ելենան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել