Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մշակութային խճանկար

Մայիս 17,2008 00:00

Անդրեն՝ նորովի

Այսօր «Սթար սիթի» խանութում կկայանա երգիչ Անդրեի ինտերնետային կայքի շնորհանդեսը: Հիշեցնենք, որ այն «ջարդվել» էր ադրբեջանցի մոլեռանդ հակերների կողմից՝ «Եվրատեսիլ-2006» մրցույթից առաջ. պատճառը երգչի ղարաբաղյան ծագումն էր:

«Հոգեւոր» ոտնձգություն

Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմը մտահոգություն եւ զայրույթ է արտահայտում «Սուրբ Նորաշեն եկեղեցու եւ եկեղեցուն կից տարածքի դեմ ոտնձգության առնչությամբ, որ կազմակերպել է Վրաց ուղղափառ եկեղեցու սպասավոր հայր Տարիել Սիկինչելաշվիլին»:

Ինչպես նշված է թեմից ստացված հաղորդագրության մեջ, Սուրբ Նորաշեն եկեղեցին կառուցվել է XV դարի կեսին՝ իբրեւ Հայկական առաքելական սուրբ եկեղեցի եւ հիմնադրման օրից եղել է Վիրահայոց թեմի կազմում: 20-րդ դարի 30-ական թվականներին եկեղեցին հոգեւոր մյուս շինությունների հետ միասին փակվել է հոգեւոր գործունեության համար եւ օգտագործվել որպես գրքերի պահոց: Պետական անկախության վերականգնումից հետո Վրաստանի կառավարությունը եկեղեցին չվերադարձրեց իր օրինական, պատմական տիրոջը: Վերջին օրերի ընթացքում հայր Տարիելը եւ նրան ենթակա բանվորների խումբը կառուցում են երկաթե ցանկապատ, որը ներառում է Վրաց ուղղափառ եկեղեցուն բնորոշ կրոնական տարրեր՝ Սուրբ Նորաշեն եկեղեցու շենքը եւ նրան հարող տարածքը արգելափակելու նպատակով: Հայկական թեմն այդ քայլը դիտարկում է որպես Հայ առաքելական եկեղեցու եւ Վրաց ուղղափառ եկեղեցու միջեւ Սուրբ Նորաշեն եկեղեցու եւ Թբիլիսի քաղաքի չորս այլ եկեղեցիների պատկանելության հարցը քաղաքակիրթ ձեւով լուծելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների խախտում՝ վրացական կողմից: Հայր Տարիելը հայտնել է, որ առաջիկայում մտադիր է սկսել «վերականգնողական» աշխատանքներ անմիջականորեն եկեղեցու ներսում, որից հետո այնտեղ ժամասացություն կկատարեն վրաց ուղղափառ եկեղեցու հոգեւորականները:

Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմը պաշտոնապես դիմել է Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարքարան, ինչպես նաեւ համապատասխան պետական կառույցներ, որոնք, ստացված հաղորդման համաձայն, մինչ օրս գործուն քայլեր չեն ձեռնարկել զավթողական այդ արարքը կանխարգելելու համար: «Հայոց թեմը վրացական կողմին հիշեցնում է ձեռք բերված պայմանավորվածության մասին, պահանջում է հետեւել դրան, այլապես իրադարձությունների զարգացումը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների»,- ասվում է թեմից ստացված հաղորդման մեջ:

Մեծարում՝ մեծերին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ՝ 2008 թվականը հայտարարված է մեծանուն գրող Վիլյամ Սարոյանի տարի: Սարոյանական միջոցառումները նախապատրաստող հոբելյանական հանձնաժողովի անդամները, պետական պաշտոնյաներ, Երեւանի պետկոնսերվատորիայի դասախոսներ, Գրողների միության անդամներ երեկ՝ գրողի մահվան օրը, այցելել են Կոմիտասի անվան այգու պանթեոն՝ հիշատակի տուրք մատուցելու: Արարողությանը մասնակցել են գրողի հայաստանաբնակ եւ ամերիկաբնակ զարմիկները, ինչպես նաեւ Վ. Սարոյանի անվան թիվ 138 դպրոցի ուսուցիչներ ու աշակերտներ:

Այսօր՝ անվանի երգչուհի Գոհար Գասպարյանի մահվան տարելիցի օրը, Կոմիտասի անվան այգու պանթեոն կայցելեն մշակույթի նախարարության, Կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության, Ազգային օպերային թատրոնի եւ պետկոնսերվատորիայի ներկայացուցիչներ: Կբացվի Գ. Գասպարյանի հուշաքարը: Մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանի փոխանցմամբ, նախատեսված է առաջիկայում անցկացնել մեծանուն երգչուհու անվան երիտասարդ վոկալիստների մրցույթ:

«Թանգարանային

գիշեր-2008»

«Հայաստանի թանգարանները 2005-ից մասնակցում են այս նախաձեռնությանը եւ Եվրոպայի շուրջ 40 երկրների՝ արվեստի, ազգագրության, պատմության, գիտությունների ավելի քան 2000 թանգարանների շարքում մշակութային հրավառություն ու տոն պարգեւում արվեստասերներին: Ժամանակին Եվրոպայի ավելի քան 1200 թանգարաններ, ցանկանալով իրենց հավաքածուների բացառիկ արժեքները հանրությանը ներկայացնել նորովի՝ մասնավորապես երիտասարդության համար բացահայտել մշակութային ժառանգության բյուր շերտերը, համախմբվեցին եւ կազմակերպեցին «Թանգարանային գիշեր» խորագրով առաջին ակցիան»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանը: Նա տեղեկացրեց, որ «Թանգարանային գիշեր-2008»-ը կմեկնարկի այսօր, որի ընթացքում բոլոր մասնակից թանգարանները միաժամանակյա աշխատաժամով արեւամուտից մինչեւ գիշերվա ժամը 1.00-ը իրենց հարկի տակ անվճար կհյուրընկալեն արվեստասեր հանրությանը:

Նվիրված՝ հայ-ռուսական փոխազդեցություններին

Օրերս Գյումրիի արվեստների ակադեմիայի դահլիճում կայացավ եռօրյա մշակութային գիտաժողով: Գիտաժողովին մասնակցում էին նաեւ Մոսկվայի Չայկովսկու անվան պետկոնսերվատորիայի եւ պետհամալսարանի պրոֆեսորներ: Միջոցառման նպատակն էր արտացոլել հայ-ռուս մշակույթների փոխառնչությունների, փոխազդեցությունների հետ կապված խնդիրները, առանձնակի ուշադրություն դարձնելով գիտական, պատմագիտական, մշակութաբանական նոր ըմբռնումներին: Գիտաժողովը կարեւորվեց նաեւ նրանով, որ լույս սփռվեց Մոսկվայի Մեծ թատրոնի բազմավաստակ դիրիժոր Ալեքսանդր Մելիք-Փաշաեւի եւ Արամ Խաչատրյանի նկատմամբ ժամանակին իրականացված գաղափարախոսական արգելքների վրա: Մասնավորաբար, մեծ հետաքրքրություն առաջացրին արվեստագիտության թեկնածու Եկատերինա Վլասովայի (Մոսկվա) «Անհաշտ փաստեր Շոստակովիչի եւ Խաչատրյանի ստեղծագործական կենսագրությունից», արվեստագիտության դոկտոր Սվետլանա Սարգսյանի «Մոսկովյան դպրոցի նշանակությունը Հայաստանի կոմպոզիտորների համար» զեկուցումները եւ այլն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել