Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵԾԱՄՈՐ Ք. Հ. 1969»-Ը՝ ԱՅՍՕՐ ԵՎ ՄԻՇՏ

Մայիս 17,2008 00:00

Հարցազրույց «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի նախագահ Դավիթ Մաթեւոսյանի հետ

Մայիսի 8-ին, 9-ին եւ 10-ին «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում, Աշոտ Ադամյանի մասնակցությամբ, ներկայացրեց «Մեծամոր Ք. հ. 1969» էսսե-մենաներկայացումը՝ ըստ Հրանտ Մաթեւոսյանի համանուն գործի: Բեմադրիչը գրողի որդին՝ «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի նախագահ Դավիթ Մաթեւոսյանն է, երաժշտությունը Վահագն Պապայանինն է: Պրեմիերայի առիթով զրուցեցինք Դավիթ Մաթեւոսյանի հետ:

– Հե՞շտ էր մոտենալ մի գործի, որի հեղինակը ոչ միայն մեծ գրող է, այլեւ՝ Ձեր հայրը: Խոսքս հոգեբանական պատնեշի հաղթահարման մասին է…

– Ինձ շատ են հարցրել՝ ինչո՞ւ չկամ գրականության մեջ… Ձեր հարցի պատասխանն ու հանգույցն էլ այդտեղ է: Ես գրականության մեջ չեմ, որովհետեւ գրավոր խոսքի առումով՝ այն ոճը, որ կարող է աշխարհայացք թելադրել, արդեն կա եւ ես դրա մեջ եմ: Այդ աշխարհայացքը ինձ համար մասնավորապես Հրանտ Մաթեւոսյանի արձակն է: Այսինքն՝ այն, ինչ կուզենայի գրավոր ասել, արդեն ասված է… Դառնալով «Մեծամորին», նշեմ, որ այն մի փոքր նախապատմություն ունի: 1970-ականների վերջին, 80-ականների սկզբին «Մեծամորին» անդրադարձել է հեռուստաթատրոնը՝ տաղանդավոր ռեժիսոր Կարլեն Վարժապետյանի միջոցով, Լիբանանում էլ՝ դոկտոր Բաբկեն Փափազյանը, որը ժամանակին բեմից հրաշալի ասմունքում էր: «Մեծամորին» անդրադառնալու մյուս պատճառը Մաթեւոսյանի ցանկությունն էր՝ այն մի քանի դերակատարների միջոցով, առանց բեմական պաճույճների ու թատրոնին հատուկ պայմանների, բեմից հանդիսատեսին տալը: Արդյունքում՝ ստացանք այն, ինչն այսօր ունենք, ներկայացում, որը երեք օր շարունակ հուզմունքի մեջ էր պահում հանդիսատեսին…

– Ինչո՞ւ մենաներկայացումը վստահվեց Աշոտ Ադամյանին:

– Երբ ես սկսեցի դերակատար փնտրել, լավ իմանալով մեր այսօրվա արտիստիկ աշխարհը, հասկացա, որ Մաթեւոսյանի տեքստը միայն իմ վաղեմի բարեկամ եւ տաղանդավոր դերասան Աշոտ Ադամյանն է ի վիճակի յուրացնել, մաթեւոսյանաբար հասկանալ ու տեղ հասցնել: Նա իր դերը իսկապես փայլուն կատարեց: «Մեծամորն» իրականացնելը ե՛ւ հեշտ էր, ե՛ւ դժվար… Առաջիկայում նոր նախագծեր էլ ունենք: Կինոն, այսպես ասած, թանկ հաճույք է, բայց ես փորձելու եմ մաթեւոսյանական կինոարծարծումներ, կինոբեմականացումներ եւս իրականացնել…

– Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն էր հանդիսատեսի արձագանքը:

– Հատկապես պրեմիերայի երրորդ օրը երիտասարդները շատ էին, ինչն ուրախացնող էր: Եթե պայմանականորեն այդ երեք օրերը բաժանենք էտապների, ապա կստացվի, որ առաջին օրը մուտքն էր, որովհետեւ ստեղծագործական կազմը հասկանալի պատճառներով մի տեսակ լարված էր: Երկրորդ օրը մենակատարի համար լավագույն օրն էր, որովհետեւ ինքն իսկապես ստեղծագործության «մեջ» էր, ամեն ինչ ներդաշնակ էր, մաթեւոսյանական, հեգնանքը, հումորը, դառնությունը, ողբն ու ոգեւորությունն էլ չափի մեջ էին: Երրորդ՝ եզրափակիչ օրը, երիտասարդներն ամենաշատն էին դահլիճում: Դա Աշոտին ներշնչանքի բերեց, եւ նա մի փոքր ադամյանավարի մեկնության տարավ, բայց ամեն ինչ ճիշտ շավիղի մեջ էր. ներկայացումը չէր վրիպել իր նպատակակետից: Երեք օր շարունակ Մաթեւոսյանը տանում էր հանդիսատեսին: Ի դեպ, մենք ունենք սերնդափոխության խնդիր, ինչպես Մաթեւոսյանն էր ասում, դեռ գալու է իր որդիների ժողովուրդը, որը էս երկիրը ոտքի կհանի եւ էս երկիրը կտանի դեպի ապագա: Ինչպես ինքն է գրել. «մի քիչ ավելի ծարավի լինել, քան մենք ենք, օժտվելու տարիքում մեզ մի քիչ օժտել, համայնքին այսքան չապավինել, տկարությունն այսքան չհանդուրժել՝ ինչքան մենք ենք ապավինում ու հանդուրժում ու հանդուրժվում, մի հրեայի, մի գերմանացու չափ աշխատել մեր միավորի, մեր երեխայի վրա… ապա երկու օրվա հաց ու երկօրյա ընթացքի հեռանկար,- եւ դու տես, թե քո չարը, իմ անկարը, Թումանյանի դառնացածը աչքներիս առջեւ ինչպես է դառնում աշխարհիս ամենաբարի, ամենասիրելի ժողովուրդը. երկու օրվա հաց, երկօրյա ընթացքի հեռանկար եւ ինչ հրաշալի ժողովուրդ բարձրացավ 20-ականների իսկապես դառը ժամանակից՝ իմ ծնողների ժողովուրդը. մի քիչ ջանք ինքներս մեզ վրա եւ ընթացքի երկօրյա հեռանկար կամ հեռանկարի թեկուզ պատրանք՝ եւ տես, թե ինչքան շիտակ, արդարամիտ, ինչ քաջ ժողովուրդ է բարձրանալու…»։

– Մաթեւոսյանական այն շեշտադրման մասին էլ խնդրում եմ խոսեք, որտեղ նա ասում էր, որ տարեգիրներն իրենց ժամանակի երկրի գլխատման պատմությունն են մատենագրել, իսկ ինքը փորձել է վկայել իր ժամանակի ժողովրդի ազնվականությունը: Այս բանաձեւը հատկապես այսօր շատ արդիական է:

– Ընթերցողին իջեցվող խոսքի բանաձեւումը տրված է դեռեւս 1964-65թթ. Մաթեւոսյանի «Սպիտակ թղթի առջեւ» հոդվածում, որտեղ հեղինակը պատասխանատվություն է զգում իր յուրաքանչյուր տառի, բառի ու անգամ ստորակետի համար… Այսինքն, ինչ որ ասում ես՝ ա՛յդ է լինում, իսկ այն, ինչը որ չես ուզում լինի, ինչը թեկուզ ուրվագծվում է որպես դառը եւ ողբալի լինելիություն, չպե՛տք է ասես: Եթե գրողն ես, որը տեսնում է՝ ատոմային ռումբ է պայթելու եւ դա անկասեցնելի է, եւ միայն դու չես բանի կրողը, այլ եւս 100 հոգի՝ ուրիշ բանի կրող, ուրեմն պիտի քո ասվածը միտված լինի նրան, որ ռումբը գոնե այդ հզորությամբ չպայթի…

– Ո՞րն է լինելու «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի հաջորդ ձեռնարկը: Պատմեք նաեւ Մաթեւոսյանական տարվա պլանների մասին էլ:

– Կինոնախագիծ կլինի. ուզում եմ եռերգություն անել կնոջ մասին: Բակունցի «Միրհավը» պատմվածքի հիման վրա գրված Մաթեւոսյանի «Այս կանաչ-կարմիր աշխարհը» կինովիպակի հիման վրա պիտի նկարվի առաջին ֆիլմը, երկրորդը՝ Բակունցի «Ալպիական մանուշակը», երրորդը՝ դեռ չեմ գտել: Բացի այդ, «Մեծամոր Ք. հ. 1969»-ի ճակատագիրը պիտի հոգանք, որովհետեւ հետաքրքրություն կա ներկայացման նկատմամբ: Հրապարակում եմ, որ «Մեծամորը» ունի հովանավոր, որի անունը չենք հրապարակում: Դե թող նստեն-մտածեն, թե ինչ ռեֆորմներ են անհրաժեշտ, որ նման հիմարությունները հաղթահարվեն այս երկրում: Հիմնադրամը պիտի իր շենքը կառուցի, որը ազգային պետական ծրագրի խնդիր է, նաեւ հրատարակված են գրքեր, որոնց շնորհանդեսը դեռ չի կայացել:

Հեռանկարի մեջ մտադրություն ունեմ «Մեծամոր-2»-ը իրականացնելու: Իր կյանքի վերջին տարիներին Մաթեւոսյանը մի խումբ հայ լրագրողների հարցերին պատասխանելով, կարծես տվել է 1969-ից մինչեւ 2001-2002թթ. ընկած իրականության ամբողջ աղերսների բանաձեւը…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել