Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

89-ամյա ԵՊՀ

Մայիս 17,2008 00:00

\"\"Համալսարանականները խոսեցին իրենց ձեռքբերումներից եւ խնդիրներից

Երեկ ԵՊՀ հիմնադրման 89-ամյակն էր: Համալսարանում այն նշում էին ամենամյա «Լավագույն ուսանող» եւ ներհամալսարանական Ուրախների եւ հնարամիտների ակումբի հաղթող թիմի մրցանակաբաշխությամբ: Արդեն 8-րդ տարին անցկացվող «Լավագույն ուսանող» մրցանակաբաշխությանն այս տարի չէին մասնակցում հայ եւ ռուս բանասիրության ֆակուլտետները: Այս կապակցությամբ ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը «Առավոտին» տեղեկացրեց. «Մշակվել է կանոնակարգ, որի սահմաններում ֆակուլտետները պիտի ներկայացնեին 3-ական ուսանող: Սակայն վերջին պահին ռուս եւ հայ բանասիրության ֆակուլտետները դուրս են մնացել մրցույթից: Նշված ֆակուլտետները կանոնակարգից բխող սահմանների եւ ժամկետների մեջ չեն կարողացել ներկայացնել ուսանողներին»: Փաստենք, որ ԵՊՀ 90-ամյակին նվիրված տոնակատարությունները սկսվել են հոբելայնից մեկ տարի առաջ՝ երեկվա միջոցառմամբ, որին կհաջորդի մայիսի 20-ին ԵՊՀ պատմության թանգարանում գեղանկարչական ցուցադրությունը: Այս տարվա ընթացքում լույս կտեսնի ԵՊՀ 90-ամյա տարեգրությունը, բուհի 1940-1960-ականների պատմությունը, կվերահրատարակվի «Անվանի համալսարանականներ» գրքի լրացված տարբերակը եւ այլն: ԵՊՀ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Կարեն Գրիգորյանից «Առավոտը» հետաքրքրվեց, թե հասարակական-քաղաքական հայտնի գործիչներից ովքե՞ր են ԵՊՀ շրջանավարտներ: Նա նշեց Մանուկ Աբեղյանին, Պարույր Սեւակին, Սիլվա Կապուտիկյանին, Գեւորգ Ջահուկյանին, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, Վանո Սիրադեղյանին, Վազգեն Մանուկյանին, Բաբկեն Արարքցյանին, Սերժ Սարգսյանին, Դավիթ Հովհաննեսին, Ալվարդ Պետրոսյանին եւ այլոց:

ԵՊՀ որոշ ուսանողներից էլ «Առավոտը» պարզեց, թե ինչ խնդիրներ ունեն: Նրանց մեծամասնությունը դժգոհում էր բուհի մասնաշենքերի սանիտարահիգիենիկ վատ վիճակից, կրեդիտային համակարգի ներդրումից: Իսկ ֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Աստղիկ Համբարձումյանը նշեց. «Մի քանի տարի առաջ այսքան միջոցառումներ չէին կազմակերպվում, այսինքն՝ մշակութային առումով առաջ ենք գնացել: Սակայն կան բազում խնդիրներ, օրինակ՝ կրեդիտային համակարգը այժմ ուսանողի համար մեծ խնդիր է: Դեռ այդ համակարգին չեն հարմարվել ոչ ուսանողները, ոչ դասախոսները, իսկ կոռուպցիայի մասին չեմ ուզում խոսել, այն ամեն տեղ էլ կա»: ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արսեն Քարամյանն էլ «Առավոտին» տեղեկացրեց բուհի ձեռքբերումների եւ խնդիրների մասին. «Համալսարանի ձեռքբերումն այն է, որ տարիներ շարունակ բարձրորակ կադրեր է պատրաստել Հայաստանի համար: Սակայն այժմ նոր մարտահրավերներ են կանգնած մեր առջեւ, որոնցից կարեւորը կրթական բարեփոխումներն են, որոնք միտված պիտի լինեն կրթության որակի համապատասխանեցմանը միջազգային չափանիշներին»: «Առավոտը» պրոռեկտորին հիշեցրեց դեռեւս չլուծված այն խնդիրը, որ ասպիրանտուրայում հաճախ կրթություն են ստանում անարժան մարդիկ, նաեւ այն շատերի համար բանակից խուսափելու միջոց է: Նա պատասխանեց. «Ցավոք, ոչ միայն ասպիրանտուրա, այլեւ բուհ ընդունվելը մեր հասարակությունն ընկալում է որպես բանակից խուսափելու օրինականացված լավագույն ճանապարհ: Բուհական առօրյայում եղած խնդիրները, ըստ էության, պայմանավորված են ընդունելության քննություններով: Եթե բուհը ստանում է ոչ այն կոնտինգենտը, որը պիտի կրթություն ստանա, ոչ թե ժամանակ սպանի, դժվարություններ են առաջանում: Այս ամենից չենք ձերբազատվի՝ մինչեւ կյանքի չկոչվի այն օրենքը, ըստ որի՝ պետական բարձր պաշտոններում չեն կարող հայտնվել բանակում չծառայած մարդիկ»:

ԵՊՀ շենքային պայմանների հետ կապված Ա. Քարամյանը հավելեց. «Համալսարանի ուսանողների թիվը՝ շուրջ 14 հազար, շատ ավելի է, քան ի վիճակի են բավարարել մեր կոմունիկացիոն, շենքային, լսարանային պայմանները: Պիտի կրճատել ընդունելությունը՝ ուսանողների թիվը հասցնելով խորհրդային լավագույն տարիներին ունեցած 8-9 հազարի»: «Առավոտը» նաեւ հետաքրքրվեց, թե ի՞նչն է պատճառը, որ բազմամյա ավանդույթներ ունեցող այս կրթօջախի շուրջ վերջերս քաղաքական ենթատեքստ ունեցող խոսակցություններ են պտտվում: Պարոն Քարամյանը պատասխանեց. «Մեր հասարակության մեջ վերջին 15 տարիների ընթացքում ընդհանուր արժեքային համակարգի անկում է գրանցվում: Ինչ վերաբերում է խոսակցություններին, ներքաղաքական լարված շրջան է եղել, արդյունքում՝ մարդիկ դիվիդենդներ էին փախցնում իրարից, միմյանց հարվածում: Դրանք տարրական հնարքներ են, որոնք, ցավոք, «կպնում» են նաեւ համալսարանին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել