Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԿՈՄՍՈՄՈԼԱՏԻՊ ԲԱԶԵՆԵՐ ԵՎ ԽՓՆՎԱԾ ՌԵՎՈԼՅՈՒՑԻՈՆԻՍՏՆԵՐ»

Մայիս 17,2008 00:00

\"\"Սա է այսօրվա երիտասարդությունն՝ ըստ ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանի

Ազգային ժողովրդավարների դաշինք (ԱԺԴ) կուսակցության մի խումբ ակտիվիստներ քաղաքական ակումբ ստեղծելու մասին իրենց մտադրությունը հայտնեցին երեկվա մամուլի ասուլիսում՝ տեղեկացնելով, որ նախաձեռնող խումբն արդեն ձեւավորվել է: Նախաձեռնության անդամ Կարեն Վարդանյանը հանդես եկավ հայտարարությամբ, որում մասնավորապես նշվում էր, թե իրենք՝ մտահոգ երկրի ապագայով, կարեւորում են երիտասարդ թարմ ուժերի ներգրավումը երկրի հասարակական-քաղաքական կյանքում: Ըստ ԱԺԴ-ական երիտասարդ հռետորի, չկա փոխադարձ շփում, ուստի երիտասարդական քաղաքական ակումբի հիմնադրումը եւ գործունեությունը, որն իր դռները կբացի «ցանկացած քաղաքական կողմնորոշում ու կուսակցական պատկանելություն ունեցող երիտասարդի առաջ, կնպաստի փոխըմբռնման, սերունդների համերաշխության, երիտասարդների փոխաջակցության մթնոլորտի ձեւավորմանը՝ որպես ապագա սերնդի արդյունավետ գործունեության գրավական»: Կ. Վարդանյանը նշեց, որ ձեւավորվելիք ակումբում կարեւորելու են միջին, ավագ քաղաքական գործիչների դերն ու նշանակությունը՝ քաղաքականությամբ զբաղվող երիտասարդներին իրենց գիտելիքները փոխանցելու հարցում: Նա հայտնեց, որ մի շարք քաղաքական գործիչների հետ իրենք արդեն սկսել են ակտիվ բանակցություններ այդ ուղղությամբ, սակայն հրաժարվեց անուններ հրապարակել: Միակ «բացահայտվածը» ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանն էր, որը նույնպես ներկա էր ասուլիսին:

Ըստ էության, գնահատելով ընդդիմություն-իշխանություն փոխհարաբերությունները երիտասարդության մակարդակում, Ա. Սադոյանն ասաց. «Հասել ենք այնտեղ, որ ունենք մի կողմից՝ կոմսոմոլատիպ բազեներ, մյուս կողմից՝ խփնված ռեվոլյուցիոնիստներ: Միայն այսպիսի երիտասարդները չեն կարող նպաստել Հայաստան երկրի նորմալ զարգացմանը՝ այս բարդ աշխարհաքաղաքական պայմաններում»:

ԱԺԴ նախագահը տեղեկացրեց. «Առաջիկայում վետերան քաղաքական գործիչներով մամուլի ասուլիս կանենք, կողջունենք նախաձեռնությունը եւ կհայտարարենք այն արտահերթ քայլերի մասին, որոնք անհրաժեշտ են առկա լարված մթնոլորտը մեղմելու համար: Պետք է ամեն ինչ անենք, որ թույլ չտանք մեր երիտասարդ քաղաքական գործիչներին դաստիարակվել ե՛ւ իշխանական ճամբարից հնչող ատելություններով, ե՛ւ որոշ ընդդիմադիրների կողմից տարածվող բացահայտ խաբեությամբ»:

«Առավոտի» հարցին, թե ի՞նչ գործողություններ եք ծավալելու, որ անհանդուրժողականությունը երկու բեւեռների երիտասարդների միջեւ հարթվի եւ կյանքի կոչվի ԵԽԽՎ-ի ընդունած 1609 բանաձեւի հիմնադրույթները, ԱԺԴ նախագահը հայտնեց. «Այս նախաձեռնության նպատակը իշխանություններին ընդդիմության հետ հաշտեցնելը չէ: Եվ հետո, մեր առաջ այդպիսի նպատակ չենք դրել: Այս նախաձեռնության նպատակն է երիտասարդներին հնարավորություն տալ՝ միմյանց տեսակետներ փոխանցել, որպեսզի միակողմանի բազեներ ու խաղաղության աղավնիներ չլինեն: Հայաստանում պիտի լինի նորմալ քաղաքացիական հասարակություն, ժողովրդավարություն եւ ոչ թե քաղբանտարկյալներ, իշխանության կողմից իշխանությունը չարաշահելու փաստեր»:

Ա. Սադոյանի համոզմամբ՝ պետք է համատեղ պայքարել, որ ընդդիմադիր եւ իշխանամետ երիտասարդության շրջանում լինի սերնդափոխություն: Մեր դիտարկմանը, թե որոշ գործիչների պնդմամբ՝ այդ սերնդափոխությունն արդեն կայացել է, Ա. Սադոյանը պատասխանեց. «Եթե վազգենխաչիկյաններով եւ մյուսներով դատենք սերնդափոխությունը, դա մի քիչ ճիշտ չի լինի: Այնպես որ, երկու դաշտում էլ, այսպես թե այնպես, լուրջ սերնդափոխություն չկա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել